Դեկտեմբերի 1-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրերը, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Այսպիսով, ըստ ԱԱԾ-ի, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։
Ավելի վաղ՝ 2022-ի թվականի տարեսկզբին, Բաքուն հաղորդել էր, որ Հայաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է հանձնել «Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ենթադրաբար 138 անհետ կորածների» մասունքները։
44-օրյա պատերազմից հետո Բաքուն՝ անուղղակիորեն հակադարձելով հայ ռազմագերիներին պատանդ պահելու մասին Երևանի մեղադրանքներին, պարբերաբար խոսում է առաջին պատերազմի տարիներին անհետ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու անհրաժեշտության մասին։ Նույն համատեքստում է քննարկվում նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը։
Հոկտեմբերի 14-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, Հայաստանի վարչապետը հակադարձել էր՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել մարդասիրական համագործակցությանը, այդ առաջարկները մերժվել են հենց Ադրբեջանի կողմից։
«Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։ Հայաստանն Ադրբեջանին տրամադրեց ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները․ դա ժեստ էր մեր կողմից <․․․> Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ <․․․> Ցավոք, ադրբեջանական կողմը, որը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, հիշել է իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների կամ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին», – հայտարարել էր Հայաստանի ղեկավարը։