Սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո 16 անհետ կորած ունենք՝ կառավարության այսօրվա նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննչական կոմիտեից հստակեցրել են՝ նրանցից 15-ը զինծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ։
Անհետ կորածների մարմինները մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան։
Մինչ այժմ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 143 զինծառայողի մարմին։ Հոկտեմբերի 14-ին Փաշինյանը նշել էր՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո «2 քաղաքացիական անձ է անհայտ կորել, անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է»։ Արդեն հոկտեմբերի վերջին Բաքուն հայկական կողմին էր փոխանցել 10 զինծառայողի մարմին։
ԴՆԹ փորձաքննություններն ավարտվել են, բոլոր մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են՝ տեղեկացրել է Առողջապահության նախարարությունից։
Պատերազմական վերջին գործողություններից հետո հայ զինծառայողների մարմիններ են մնացել Վերին Շորժայի, Ջերմուկի, Ներքին Հանդի սարերում, ադրբեջանական կողմը մինչև այժմ թույլ չի տալիս որոնողական աշխատանք սկսել։
Աստանայում Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների և պահվող անձանց ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։ Հայաստանն, այնուամենայնիվ, Ադրբեջանին տրամադրեց ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները։ Գերիները, սակայն, ազատ չարձակվեցին։ Այժմ՝ քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը կապել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հետ։
«Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ [2020-ից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի 130 անհետ կորածների մարմինները]», – նշել էր Հայաստանի վարչապետը։
Փաշինյանն այս թվերը հնչեցրել է նաև Կառավարության այսօրվա նիստում։ Հոկտեմբերի 14-ին, ճիշտ է, նշվում էր, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը 217 անհետ կորած ունի, իսկ կառավարության այսօրվա նիստում՝ 203։