** 2023 թվականի փետրվարի 20-ին Աբուրախմանովը նոր տեսանյութ է հրապարակել։ Տե՛ս Թումսո Աբդուրահմանովը ողջ է և շարունակելու է քննադատել ՌԴ դրածոներին
* Թումսո Աբդուրախմանովի սպանության լուրը դեկտեմբերի 9-ին հերքվել է չճանաչված Իչկերիայի հանրապետության կառավարության մամուլի ծառայության կողմից։
դեկտեմբերի 5, 2022 — Շվեդիայում սպանել եմ Ռամզան Կադիրովի ընդդիմախոս, հայտնի չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովին։ Տեղեկությունը հաստատել է 1ADAT տելեգրամ-ալիքը։ Ավելի ուշ Թումսոյի սպանության մասին գրել են նաև նրա թիմակիցները։
Շվեդիայի իրավապահ մարմինները տեղի ունեցածը դեռևս չեն մեկնաբանել։
«Էխո Կավկազա»-ն գրում է, որ Աբդուրախմանովին, որի նկատմամբ Չեչնիայում արյան վրեժ էր հայտարարվել, գնդակահարել են դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։
«Նրա մահը հաստատող բավականաչափ տեղեկություններ ունենք։ Թումսոյի եղբայրը՝ Մուհամմադը, թաքցվել է հատուկ ծառայություններ կողմից․․․ Գիշերը Թումսոն գնդակահարվել է մի խումբ անձանց կողմից, սպանության մանրամասները ճշտվում են», – նշվում է ընդդիմադիր «ADAT» տելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
Այլ մանրամասներ ալիքը չի հաղորդում՝ Եվրոպայում և Չեչնիայում ապրող աղբյուրների անվտանգությունից ելնելով։
Դեռևս դեկտեմբերի 2-ին չեչենական ընդդիմադիր հարթակները ահազանգում էին՝ Թումսո Աբդուրախմանովը և նրա եղբայրը՝ իրավապաշտպան Մուհամմադ Աբդուրախմանովը, որոնք վերջին տարիներին թաքնվում են Շվեդիայում, դադարել են կապի դուրս գալ։
Մուհամմադի անհետացման մասին գրել է նաև «Վայֆոնդ» չեչենական իրավապաշտպան միությունը։ «Միության ներկայացուցիչ Մուհամմադ Աբուրդախմանովը՝ Թումսոյի հարազատ եղբայրը, անսպասելիորեն և առանց բացատրությունների անհետացել է», – դեկտեմբերի 3-ին ահազանգել է Շվեդիայում գտնվող իրավապաշտպանական կազմակերպությունը։
Թումսոյի վերջին գրառումը հրապարակվել է նոյեմբերի 30-ի երեկոյան՝ նրա տելեգրամյան ալիքում։ Վերջին տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը խնդրում էին նրան կապի դուրս գալ։ «Սովորաբար Թումսոն զգուշացնում է, եթե տելեգրամում սթրիմ չի լինելու։ Երեկ չի զգուշացրել», – ահազանգում էին մարդիկ։
2021 թվականին Թումսոն Շվեդիայում քաղաքական ապաստան է ստացել։ 2020-ի փետրվարին նրա նկատմամբ մահափորձ է իրականացվել․ մարդասպանը ներխուժել է նրա բնակարան, Թումսոյին հաջողվել է նրան զինաթափել։ 2021 թվականին սպանության փորձի համար դատապարտվել են Ռուսաստանի քաղաքացիներ Ռուսլան Մամաևը և Էլմիր Շապիաևը։ Պատվիրատուները չեն հայտնաբերվել․ դատախազը հայտարարել է, որ «հետքերը տանում են Գրոզնի»։
Մամաևը մասամբ ընդունել է մեղքը և պնդել, որ ստիպված է եղել նման քայլի դիմել։ Նա նշել է, որ Թումսոյին սպանելու համար գործուղվել է Գրոզնիից, պատվիրատուներին չենթարկվել չէր կարող։ Հավաստիացրել է, թե առաջադրանքը հատուկ է ձախողել։
Ավելի ուշ Գերմանիայում կանխվել է նաև Մուհամմադի Աբդուրախմանովի նկատմամբ մահափորձը։ Մուհամմադի խոսքով՝ սպանության կազմակերպումը հանձնարարվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականներից Պարուդդի Էդելգերիևին։ 2022 թվականի մարտին Գերմանիայի դաշնային դատախազությունը Չեչնիայում ծնված Վալիդ Դ․-ին մեղադրանք է առաջադրել Չեչնիայի ղեկավարի շրջապատի պատվերով հայրենակցի սպանությունը նախապատրաստելու համար։
Թումսո Աբդուրախմանովը Չեչնիայից փախել է 2015 թվականին՝ նախագահ Ռամզան Կադիրովի ազգականներից մեկին՝ Չեչնիայի կառավարության այն ժամանակվա վարչակազմի ղեկավար Իսլամ Կադիրովին պատահական հանդիպելու պատճառով: Նախքան Շվեդիա գնալը թաքնվել է Լեհաստանում։
Կադիրովյան կլանի մասին նրա տեսանյութերը յութուբում միլիոնավոր դիտումներ են հավաքում։ Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովը (հայտնի է «Լորդ» մականվամբ) բլոգերի նկատմամբ արյան վրեժ էր հայտարարել:
տե՛ս Ո՞վ է Թումսո Աբդուրախմանովը