Շրյոդինգերի ժողովրդավարությունը
Թուրքիա այցելելու համար Հայաստանի քաղաքացիներին պետք է վիզա ստանալ: Վիզա ստանալը բարդ չէ՝ պետք է ուղղակի վճարել: Ժամանակ խնայելու համար Թուրքիայի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս գնել էլեկտրոնային վիզա՝ 30-39 դոլար: Խորհուրդը չլսողների համար սահմանը ցանկացած օրինական ձևով անցնելն արժի 25 դոլար: Երևի սա պետությանը չվստահելու օրինակելի դաս է:
Ես երկուսն էլ գնեցի:
Էլեկտրոնային վիզա վերցրեցի, իսկ տեղում՝ նաև թղթե դրոշմանիշ, որովհետև e-visa-ն մայիսի 12-ից էր, մինչդեռ ես Սաբիհա Գոկչեն օդանավակայանում վայրէջք էի կատարել մայիսի 11-ին՝ տեղական ժամով 19:35-ին:
Թուրք սահմանապահը բարի քմծիծաղ տվեց և խորհուրդ՝ սպասել: Ժամանակը գնում էր, նյարդերս էլ հետը: Ծխել շատ էի ուզում: Մի ժամ e-visa-ի ուժի մեջ մտնելուն սպասելուց հետո հասկացա, որ տեղում ստանալը ավելի էժան կնստի:
Վիզա ծախող ուստի հետ արդեն ծանոթ էի, արդեն մի բոլ-բոլ կատակել էինք այս հիմար դրության վրա՝ առանց իրար լեզուն հասկանալու:
— I’ll pay you 25$ to go to sigara içmek.
— Thank you! – աչքերը կլորացնելով ու բեղերը կորացնելով թուրք հոգու ողջ խորությամբ ողջունեց որոշումս ուստեն՝ հավանաբար ափսոսալով, որ անգլերենով ավելի լավ բոց անել իր մոտ չի ստացվի:
Երկրորդ անգամ թուրքական պետությանը վճարելուց հետո վերադառնում էի պասպորտ կոնտրոլ: Արդեն նաև մերկանտիլ ցանկություն էր առաջացել, որ Էրդողանը պարտվի՝ փողերս թող տնօրինի Քըլըչդարօղլուն:
Ընտրեցի այն սահմանապահ աղջկա գիծը, ում առաջին փորձի ժամանակ էի նկատել: Եթե տառապել, ապա գոնե վայելելով: Սահմանապահը ամուսնացած էր՝ ձախ ձեռքին պարզ ոսկե մատանի ուներ, հերթափոխի ավարտին մոտ նաև հայի տխուր աչքեր ուներ, հեռավոր նախնիների ստեպներից բերած սուր այտոսկրերով մի կին էր: Մինչ ես հիանում էի, նա ոստիկանների կանչեց:
Մեկ այլ Իվչենկո Անտոն Ալեքսանդրի կարծես թե Թուրքիայի հետ վերջերս հասցրել է խնդիր ունենալ իմ փոխարեն: Մի 15 րոպեում պարզեցին, որ դա ես չեմ:
Մետրոյում հանգիստ է, տասից ավելի կայարան, հետո կփոխեմ ճյուղը, կփոխեմ մայրցամաքը, կփոխեմ կյանքս: Վերջինը երևի չստացվի:
Եկել ենք Շվեդիայի հյուպատոսարան, քանի որ դեսպանատունը Անկարայում է: Բոլոր դեսպանատները ժամանակին Անկարա է տեղափոխել Աթաթուրքը՝ «տեղափոխվեք Անկարա կամ գնացեք տուն»: Հյուպատոսը բավականին երկար պատմում է շենքի և տրամադրվող գրանտների մասին: Նրանք տրամադրում են տարեկան up to 1 mln. euro , դեսպանատունը՝ մինչև 7 մլն:
Հարցեր ենք տալիս, փորձում ենք հասկանալ ի վերջո՝ Էրդողանը կպարտվի՞, ինչի՞ հաշվին է հաղթելու Քըլըչդարօղլուն, Էրդողանը կարա՞ կեղծի կամ չընդունի ընտրությունների արդյունքը:
Հարցերին պատասխանում է մշակված մորուքով, երկարոտ գեղեցիկ մազերով, լարի պես ձիգ, բոյով և նիհար հյուպատոսը՝ պետք է դեսպանատուն դիմել: Իր գնահատականը կարող է տարբերվել մայրաքաղաքի գնահատականից…
Սա ընտրություններ են, որոնք կարող են փոխել ամեն ինչ. հետ՝ դեպի ժողովրդավարություն կամ առաջ՝ հակառակ ուղղությամբ:
Սթոքհոլմում Ղուրան վառելուց հետո այստեղ երկու օրվա ընթացքում 5 ցույց է եղել, ամենամեծը՝ մոտ 500 հոգի: Ցույցերը իհարկե կապ ունեին իշխանության հետ: Էրդողանը ամեն օր անդրադառնում էր դեպքին և իրավիճակը պահում թեժացած: Ցուցարարները ոչ միայն շփվում էին ոստիկանության սպաների հետ, այլև նստում-հելնում նրանց մեքենաները: Ընդհանրապես, մինչև բուն քարոզարշավի մեկնարկը Էրդողանը հնարավորինս բևեռացնում էր հասարակությանը ու սրում մշակութային, քաղաքական հակասությունները արևմուտքի հետ:
Բայց ընտրակեղծարարությունը քիչ հավանական է, այստեղ տենց չի լինում։ Ամենամեծ խնդիրը մեդիան է և վարչական ռեսուրսը: 15 000-անոց թվիթերյան ֆեյք աքաունթների բանակը շատ ակտիվ է սոցցանցերում, ասում են՝ դրանց մի մասը ռուսական է, մի մասն էլ հունգարական:
Հասանք Istanbul Political Research Institute, որը լիբերալ think-tank է՝ խորհրդատվություն է տրամադրում ընդդիմադիր կուսակցություններին: Ըստ իրենց՝ բոլոր կուսակցություններին: Ընտրությունները, ասում են, չեն կեղծվի ու ամենայն հավանականությամբ առաջին փուլում ընդդիմությունը կհաղթի, դրա մասին վկայում են նաև Konda-ի հետազոտության արդյունքները․ «Կոնդան երբե՜ք չի սխալվել», «իրենց մեթոդաբանությունը շա՜տ վստահելի է»:
Բայց կառուցվածքային լուրջ խնդիրներ կան: Երկրաշարժից տուժած ռեգիոնների մարդիկ կկարողանա՞ն արդյոք հասնել քվեարկության վայր, ուսանողները կկարողանա՞ն հասնել: Ուսանողներին Էրդողանը հատուկ նվեր է արել՝ ընտրատեղամասը ըստ գտնվելու վայրը փոխելու վերջին օրը կրթությունն անցել է առկա ռեժիմի․ պետք է գնալ դասի, իսկ սովորելու տեղում քվեարկել այլևս չի ստացվի: Մեկ այլ հարց է, թե ոնց են քվեարկելու երկրաշարժի հետևանքով տեղահանված մարդիկ։ Շատերը չգիտեին ու կառավարությունը չի զգուշացրել, որ իրենք պետք է հաշվառվեն նոր տեղում։ «Էդ մարդիկ չպիտի քվեարկեն, նրանք ջղային են»: Փաստ չէ իհարկե, որ բոլորը քվեարկելու էին Քըլըչդարօղլուի օգտին։ Շատերը մտածում են, որ միայն Էրդողանը կկարողանա վերակառուցել իրենց քաղաքները։ Բայց իրավիճակն այստեղ անկանխատեսելի է, հետևաբար՝ որքան քիչ քվեարկեն, այնքան լավ։ Այդպես ավելի ապահով է:
Քվեարկության օրվա գոնե սկիզբը որոշեցի անցկացնել դիտորդի պես։ Առավոտ կանուխ հասա տեղամասային կենտրոն: Հանձնաժողովի առավոտվա նիստը դիտարկելու համար լեզու հասկանալ առանձնապես պետք չի: Ամեն ինչ պարզ է, հստակ ընթացակարգ կա, որը հանձնաժողովականները գրեթե երբեք չեն հաջողացնում պահպանել:
Namık Kemal İlkokulu տեղամասային կենտրոնում 4 քվեարկության արկղ է․ Թուրքիայում տեղամասի փոխարեն օգտագործվում է այդ միավորը։ Ընդհանուր սրահում գտնվող 4 արկղերի մոտ նստած է 4 հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 2 հանրային ծառայողից և 5 կուսակցությունների ներկայացուցիչներից։
Կուսակցություններից չորսը պարլամենտում առավել խոշոր խմբակցություն ունեցողներն են, 5-րդը պետք է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP-ն) լիներ: HDP-ն, սակայն, առաջադրվելու իրավունքից զրկվել է․ սահմանադրական դատարանը արգելել է քրդամետ կուսակցության գործունեությունը: HDP-ականները ստիպված առաջադրվել են Ձախ կանաչ կուսակցության անվան տակ, որը ներկայացված չէ պարլամենտում։ Ուստի, 5-րդ տեղը վիճակահանությամբ տրամադրվել է թեկնածու կուսակցություններից մեկին։
Հանձնաժողովներից բացի այստեղ են նաև դիտողները։ Ոչ թե դիտորդներն, այլ հենց դիտողները, որոնք ևս ներկայացվում են կուսակցությունների կողմից։ Նրանք կարող են հետևել գործընթացին և գրանցել իրենց բողոքները, բայց չեն կարող մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ Տեղամասային կենտրոնում 1 ոստիկան կա։
Մի խոսքով՝ այստեղ վկայական չկրող բազմաթիվ անձինք են։ Հանձնաժողովականները, ենթադրյալ դիտողները և ես։
Քվեարկության խցիկները բավականին ընդարձակ, չթափանցող կտորով ծածկված շարժական բլոկեր են՝ մեջը սեղան։ Քվեատուփը մեկն է, չնայած երկու զուգահեռ ընտրությունների անցկացմանը։
Հանձնաժողովներից մեկը բաղկացած է միայն կանանցից, որոնք երգեցիկ կրկնում են ընթացակարգը, կնքում են տուփը։ Շատ հավաք են։ Իրենց մոտ կանգնելու դեպքում իսկույն կբացահայտվեի։
Ընդհանուր առմամբ հանձնաժողովների աշխատանքում չի նկատվում որևէ միանմանություն։ Բան է՝ պիտի հասցնեն, ով ինչպես կարող է։
Քվեաթերթիկներ նախագահական ընտրություններ համար՝ փաթեթը 400 հատ։ Կնիքներ՝ առանձին պարկով, ծրարներ՝ հատուկ հաստատված նմուշի, փաթեթավորված։
Քվեաթերթիկներ պարլամենտական ընտրությունների համար՝ 400 հատ։ Այս քվեաթերթիկներից յուրաքանչյուրը մոտ 1 մետր երկարություն ունի, բոլոր կուսակցությունները տեղադրված են կողք կողքի՝ լոգոյով, անուններով, ցուցակների մի մասով։ Քվեաթերթիկները ամեն դեպքում հաշվում են։
Յուրաքանչյուր հանձնաժողով սպասարկում է առավելագույնը 400 ընտրողի՝ մեկ քվեատուփ։
Հասնում են ուշացած հանձնաժողովականները, ներկաները քիչ-քիչ սկսում են հագնել վկայականները։ Ժամանակն է ծխելու։ Դեպի տեղամասային կենտրոն տանող ճանապարհը մատչելի չէ, պետք է հաղթահարել աստիճանները, սակայն շինության ներսում որևէ խոչընդոտ չկա։
Մի երիտասարդ կին սրահի մեջտեղը կանգնած բացատրում է հանձնաժողովներին ընտրողի երթուղին, հերթի կարգավորման ձևը, մյուս ընթացակարգերը։ Հնչում է այս ամենը որպես քաղաքական մանիֆեստ։
Կարծես դիտողներից որևէ մեկը գրանցված չէ և չունի վկայական՝ իսկը իմ պես։ Սրահի անկյուններից մեկում ժողովվել և քննարկում են։
Հանձնաժողովներից մեկը խառն է։ Նույն երիտասարդ կինը սրահի մեջտեղից հայտարարում է ջիհադ կամ թե կոչ է անում հստակ հետևել ընթացակարգերին։ Դիտողների մի մասը ստիպված դուրս է գալիս սենյակից ոստիկանի հորդորից հետո։ Ենթադրում եմ՝ հանձնաժողովին չխանգարելու համար։ Դրսում հավաքվել են առաջին ընտրողները։
Ժամը 07:57-ն է: Ունեցողները անհավես փակցնում են վկայականները:
Եկավ Parliamentary Assembly of the Mediterranean դիտորդական առաքելությունը՝ 5 հոգի։ Անխոչընդոտ անցան սրահ, ինչը առաջացրեց տեղականների զուսպ դժգոհությունը։
Ժամը 08:00: Տեղամասային կենտրոնը դեռևս փակ է ընտրողների համար։ Դիտողներից մեկը հանձնաժողովական աղջկան հպարտորեն մեջբերում է օրենքը՝ դիտողները ունե՛ն իրավունք քվեարկության սենյակում լինելու։ Հետ են գալիս։
Քվեարկությունը սկսվել է։ Ընտրող տատին սպասում է, որ գտնեն իր անունը ցուցակում։ Արկղերից մեկը դեռևս կնքված չէ։
Առաջինը, ամեն դեպքում, քվեարկում է առավել արագաշարժ պապիկը։ Քվեաթերթիկը բառացիորեն չի տեղավորվում ծրարի մեջ, զոռով տեղավորում են։
8:11։ Քվեատուփերից մեկը դեռ կնքված չէ։
Տեղամասից դուրս շփվեցինք դիտողներից մեկի հետ՝ Աշխատավորական կուսակցությունից էր․ «Մենք պիտի լինենք ուժեղ, որ ոչ մի բան չթողնենք անեն։ Եթե զգան, որ թույլ ենք, կգողանան սաղ։ Արդեն փորձել են, միշտ էլ փորձում են»։
Դիտողները, այնուամենայնիվ, կարծիքը գրանցելու իրավունք ունեն, նրանց օգնում են կուսակցության իրավաբանները։ Այն, որ տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձինք կային ու որ տուփերից մեկը բաց էր՝ գրանցելու արժանի չէր։ Ասում էին՝ կարևորը, որ խախտումները չունենա արդյունք ընտրությունների վրա, իսկ դրա համար իրենք «պետք է ուժեղ լինեն»։
Հասել ենք Moda ilkokulu տեղամասային կենտրոն, որում ավելի քան 15 քվեարկության արկղ կա՝ տեղամաս։ Դուրսը, ներսը, միջանցքներում, քվեարկության սենյակներում ավելին քան կուտակումներ են՝ մարդկային զանգվածներ։ Բոլորը կանգնած են հերթով, անկաշկանդ տողաններով։
Դուրսը, սպիտակ շկոդայի մոտ, երկու տարեց մարդիկ էին՝ Գերագույն Ընտրական Հանձնաժողովի լոգոյով մաշված թղթի հակառակ կողմում ընտրողների ձեռագիր ցուցակով։ Անուն, զանգ, նշան՝ գալու՞ է, թե ոչ։ Գործը արվում էր մի քիչ ծածուկ, բայց արժանապատվությունը պահելով։
Մեր թուրք էքսկուրսավարին խնդրեցի լսել, թե ինչ են խոսում։
— Չէ-չէ, դժվար թե ցուցակ լինի, ուղակի պաշտոնական թուղթ է։
— Հա, իհարկե, համաձայն եմ, բայց խնդրում են՝ լսի։ Ներսից հաստատ ցուցակ է։
— Դժվա՜ր, տենց բաները փոքր գ…
— Հա, համաձայն եմ, ուղղակի լսի։
— Այո։ Իսկականից քո ասածն ա։ Զանգում հարցնում են, երբ են գալու։ But in very small scale…
Հասանք Dokuz8 Haber՝ թարգմանաբար 9/8, բացատրեց հրաշալի, հոգատար ծրագրերի համակարգող Այշգյուլը։ Սա մեր դիտորդական շտաբներին առավել նման տեղն էր՝ օպերատորներ, որոնք կապի մեջ են 87 վարչական շրջաններում քաղաքացիական լրագրողների հետ, որոնք հետևում են Ոսկյա արկղերին։ Ոսկյա արկղը՝ Ալթըն սընդըկ, թուրքական մեդիա դաշտում սիմվոլիկ նշանակություն ունեցող այն քվեատուփերն են, որոնց արդյունքները համընկել են համապետական արդյունքների հետ: Սա ինչ-որ պայմանական և կարծես թե հակագիտական ընտրանքի ձև է:
Շտաբում հավաքվում է ինֆորմացիան քաղաքացիական լրագրողներից ու տեղական ԶԼՄ-ներից և վերահրապարակվում թվիթերյան ֆիդում։ Մարդիկ տարածքում իսկապես շատ են, ու չնայած խոսում են լարվածության մասին՝ հանգիստ են։ Բացօթյա տեռասայում սուրճ են խմում, նայում են ծովին, փայփայում հույսը, որ ամեն ինչ հարթ կանցնի։
Երբ որոշում ենք գնալ հայաբնակ թաղամասերից մեկի տեղամասը, Այշգյուլը շտապում է զգուշացնել. «Հինգից հետո կարող է վտանգավոր լինել, հասկանում եմ, որ ձեզ հետաքրքիր է, դա ձեր իրավունքն է, բայց կարող է վտանգավոր լինել [երեխեք]:» Համոզված եմ՝ Այշգյուլը այդպես կասեր, եթե խոսեր հայերեն կամ մտածեր, որ մենք կհասկանանք իր թուրքերենը։
Տաքսի կանչեց, երկար սպասեց, վարորդին խնդրեց մեզ նորմալ տեղ հասցնել, բացատրեց, որ կարևոր հյուր ենք։
Նստեցինք թե չէ՝ սկսեցինք քննարկել Քըլըչդարօղլուի ազդեցությունը իր աջակիցների վրա, որը կարծես աներևակայելի մեծ է։ Ոչ թե անձնական, բայց որպես այդ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների միասնությունը արտացոլող առաջնորդի։ «Մի դուրս եկեք փողոց հինգից հետո», – ասում է ժողովրդավարության պապին, ու թոռնիկները համաձայնվում են՝ Էրդողանը կարող է սադրել, Էրդողանը կարող է բախումներ հրահրել։
Մի քանի անգամ Քըլըչդարօղլու բառը կրկնելուց հետո նկատեցինք, որ հատուկ մեզ համար վարորդը երգ է միացրել. Րեջջջեեեփ Թայիիփ ԷՐ-ԴՈ-ՂԱՆ, մեր առաջնորդ ղեկավար, հայր հոգատար, սիրելի մարդ և… ևն, ևն, ևն։
— Գիտե՞ք Էրդողանին:
— Հա, իհարկե, ձեր նախագահն է:
— Հա, ինշալլահ, մեր նախագահն է, տե՛ս, – տատուներով, ամուր կազմվածքով տրաբզոնցի վարորդը, ով Ֆեներբախչե է սիրում ու սուր հոտով օծանելիք, հպարտորեն ցույց է տալիս հեռախոսում ֆոտո՝ քվեաթերթիկն է իր ձեռքում, Էրդողանի նկարի տակ՝ «Evet»։
Մինչև Թալեաթ փաշայի անվան վարժարանը դեռ մի 40 րոպե ճանապարհ կար, վարժարանում դիտողներից մեկը Ջանն է՝ «Նոր զարթոնքի» անդամ, HDP-ի աջակից, ով այժմ ձախ կանաչներից է ներկայացված ու կատակում է, որ Աշխատավորական կուսակցությունը իրենց ձայներն է փախցնում։
Ջանը մեզ առաջին հարկում էր սպասում, գուցե մի փոքր կաշկանդված էր գտնվելու իրավունք չունեցող անձանց հյուրընկալելու համար։ Մեր գտնվելու իրավունք չունենալու մասին իրեն հենց մենք էինք ասել նախորդ օրը։
Ընդհանրապես, նախորդ օրերին և քվեարկության ընթացքում մեզ հանդիպած մի քանի կուսակցական դիտողները առանձնապես պատրաստված չէին օրենքի և կարգավորումների տեսանկյունից՝ վստահությունը, որ հանձնաժողովը, «պաշտոնյաները» ճիշտ կհետևեն ընթացակարգերին, շատ մեծ էր։
Տեղամասային կենտրոնը չէր տարբերվում մյուս մեր տեսածներից՝ մոտ 10 քվեարկության արկղ ուներ տարբեր սենյակներում։ Այդ ժամին ընտրողների հոսքը արդեն կրճատվել էր, նույնիսկ դուրսը կուտակումներ չկային։ Հարևանները ողջունում էին իրար, ընդհանուր առմամբ լարվածություն չէր զգացվում։
Պատահական տեղամասերի ընտրողների ցուցակներն էինք նայում, հայկական անունները, ազգանունները հաճախ էին հանդիպում։ Զգացողությունը նման էր լավ ֆիլմի տիտրերում հայազգի օպերատորի օգնականի, վարսահարդարի, դերասաններից մեկի անունը տեսնելուն։ Հաճելի էր։
Ջանը ասում է, որ տեղամասային կենտրոնում որևէ խախտում չի եղել, իր մոտ շատ էին միայն հաշմանդամություն ունեցող անձինք, ում օգնում էին քվեարկել, իրենք էլ սխալներ շատ էին անում։
Երկար ճանապարհ կտրեցինք դեպի ընդդիմադիր ՋՀՊ-ի (CHP) գլխամասային գրասենյակ, որը միաժամանակ համ մեդիակենտրոն էր, համ մտահոգված կուսակցականների ծխարան, համ ուղիղ եթերը կոլեկտիվ, սենդվիչներով և թեյով դիտելու տեղ։
— Նախնական արդյունքները ուղարկեցի, տեսա՞ր։ Հաղթեցին Իզմիրում, հաղթեցին Դիարբեքիրում։
— Ո՞վ, քանի՞ տոկոսի տվյալներն է։
— ՋՀՊ-ն իհարկե։
— Քանի՞ տոկոսն է։
— 4։
— Լավ, Անար, դեռ մի քիչ էլ սպասենք։
Andolu հանրապետական գործակալությունը, որը Էրդողանի վերահսկողության տակ է, կարծես թե մանիպուլացնում է թվերը, համենայն դեպս այդպես է մտածում ընդդիմությունը։ Ծխարաններում քննարկում են, որ արդեն քանի՜ տեղամասում, որտեղ հաղթել է Քըլըչդարօղլուն, էրդողանական ներկայացուցիչները պահանջել են վերահաշվարկ անել։ Պահանջը բավարարվել է։ Մարդիկ կարծում էին, որ դա պարտության մասին լուրը հետաձգելու փորձ է։
Ժամը 21:30 դրությամբ շրջանառվում է արդյունքների արդեն երեք տարբերակ. Anadolu, որը կարծես թե կոչված է արտացոլել պաշտոնականը, Anka, որը չեզոքից մի փոքր ընդդիմադիր է և, ի վերջո, ընդդիմության սեփական աղբյուրները՝ 100 հազարավոր ներկայացուցիչների և դիտողների կողմից լուսանկարած ու շտաբ ուղարկված պռոտոկոլների հիման վրա կազմված վիճակագրություն։
Անադոլուն հաշվել է 77,1 տոկոսը:
Անկան հաշվել է 64,9 տոկոսը:
Ընդդիմությունը հաշվել է քվեատուփերի 45,6 տոկոսը:
Անադոլույի տարբերակով Էրդողանը հաղթում է առաջին փուլով:
Անկայի հաշվարկներով Էրդողանը առաջատար է, բայց կլինի երկրորդ փուլ:
Ընդդիմության տարբերակով առաջին փուլում հաղթում է Քըլըչդարօղլուն:
Գրեթե ակնհայտ է դառնում, որ երեք տարբերակները փակ տուփի էֆեկտն են ունենալու Թուրքիայի ապագայի վրա, այդ տուփի մեջ գտնվում է Շրյոդինգերի ժողովրդավարությունը։ Հայաստանյան հայացքը հուշում է, որ արդյունքները կարող է չընդունել և իրականությանը չհամապատասխանող հայտարարել թե՛ Էրդողանը, թե՛ ընդդիմությունը։
Լույսը բացվեց, Թուրքիայի ընտրությունների բախտն էլ հետը։ Երկրորդ փուլ լինելու է։
Չնայած ընդդիմությունը բարձրաձայնում է տեղում որոշ խախտումների, չարաշահումների, քարոզչության դեպքերի, գումար բաժանելու, բազմակի քվեարկության դեպքերի մասին, արդյունքները ոչ ոք չի վիճարկում։ Չի վիճարկում այնքան, որ դա նույնիսկ անհեթեթ է թվում երեկ հաշվարկի ընթացքում հնչող պոռոտախոսության կողքին. «Մենք ունենք մեր հավաստի տվյալները տեղամասերում մեր ներկայացուցիչներից, որոնք Անադոլուն հրաժարվում է հրապարակել»։
Աշխատող մի բացատրություն, իհարկե, մնացել է՝ հազարավոր, տասնյակ և հարյուր հազարավոր անձանց ջանքերի շնորհիվ իշխանությունը չկարողացավ կեղծել արդյունքները և Էրդողանին առաջին փուլում հաղթանակ պարգևել։ Այս պնդման առնվազն առաջին մասը ճիշտ է՝ ընդդիմությունը համախմբել էր հարյուր հազարավոր մարդկանց ջանքերը իրենց միլիոնավոր կողմնակիցների քվեն պաշտպանելու համար։ Բայց նրանք, ինչպես և Գերագույն Ընտրական Հանձնաժողովը, առ այսօր չեն հրապարակել ըստ տեղամասերի քվեարկության արդյունքները։ Այստեղ է թաքնվում առ համակարգը վստահության ողջ գաղտնիքն ու զավեշտը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և դիտորդները պիտի որ վերցնեին քվեարկության արդյունքների կնքված արձանագրության մեկական օրինակ։ Ենթադրենք՝ վերցրել են։ Ընդդիմության վերլուծական, լոգիստիկ ռեսուրսները չէին հերիքո՞ւմ այդ բոլոր արձանագրություններից տվյալները համակարգված կերպով աղյուսակավորելու համար։ Թուրքիան այս նպատակով ստեղծել է քառաստիճան ընտրական հանձնաժողովների համակարգ։ Եթե հնարավոր լիներ՝ երևի թե դա էլ կվստահեին կուսակցություններին։ Գերագույն Ընտրական Հանձնաժողովը հրապարակում է այն, ինչ հրապարակում է, ընդդիմությունը՝ այն, ինչ կարող է։ Եվ այս տվյալները հնարավոր չէ համեմատել իրար հետ։
Եվրոպացի գործընկերներս հիասթափված էին և արտահայտում էին այդ հիասթափությունը մոտավորապես նույն ձևակերպումներով, ինչ տեղական քաղհասարակությունը, որն այն արդեն արտահայտել էր միջազգային մամուլի էջերում։
Հետխորհրդային գործընկերները և ես կա՛մ օրինաչափ էինք համարում երկրորդ փուլը և մատնանշում վերջին օրերի ընդդիմադիր էյֆորիայի և Konda-ի սոցհարցումների փոխկապակցվածությունը, կա՛մ ֆատալիստական հաղթանակ գուժում Էրդողանին։
Բոլորս էլ ճիշտ էինք։
Այշգուլին նամակ գրեցի, որ չվհատվի, դեռևս իսկապես կորած չէ հույսը, համ էլ պատկերացնում էի, որ ցանկացած սոլիդարության խոսք մեծ արժեք կունենար իմ համար, եթե ես էլ ընտրությունները Հանրապետության հիմնադրման չափ անկեղծորեն կարևորեի։ Իսկ նա՝ անթիվ ձախ, լիբերալ, առաջադեմ երիտասարդների հետ միասին, դրանք իսկապես կարևորում է։
Ծուղակը այլ տեղում է։ Ընդդիմադիրները, եթե իհարկե ինձ զրուցակից դարձած մարդկանց կարելի է ընդդիմադիրների ներկյացուցչական ընտրանք համարել, մոռանում են, որ նույնիսկ իրենց հաղթանակի դեպքում Էրդողանի օգտին քվեարկելու էր երկրի համարյա կեսը։ Այդ կեսի մեջ նույնպես կան կրթված, մասնագիտացած, առաջադեմ, հավատացող և աշխարհիկ, ազգայնական և պրագմատիկ կոսմոպոլիտ մարդիկ։ Միակ տարբերությունը երևի թե ավտորիտարիզմն է։ Էրդողանին ընտրողները շարունակելու են ձիգ առաջնորդի անսխալական և անքննելի ղեկավարության ներքո գնալ իր մատնանշած ճանապարհով։ Էրդողանի դեմ և Քըլըչդարօղլուի օգտին քվեարկողները կասկածում են և նոր պատասխաններ, լուծումներ են ուզում գտնել։ Եվ այդ ցանկության մեջ ընկնելով՝ իրենց համոզում են, որ երկրի մյուս կեսը անմիտ է, կույր, հետադեմ և ընդհանրապես ինչ-որ առումով գոյություն չունի։ Այս միտքը 2016թ.-ին Թուրքիա եկած ժամանակ էլ եմ լսել։ Շատերի համար՝ իսկապես շատերի, Էրդողանն արդեն այն ժամանակ էր անընդունելի: Ի վերջո նաև Գեզի այգու ըմբոստությունից 3 տարի էր անցել։ Ես էլ, եթե ոչ բացառապես ձախականների, ապա գոնե հակաէրդողանականների միջավայրում էի մնում քաղաքից քաղաք ճամփորդելով։
— Չեմ հասկանում, եթե այսքան ուժեր կան, կազմակերպված շարժումներ, կուսակցություններ, ինչու՞ Էրդողանին չեք կարողանում փոխել։
— Լուռ Թուրքիան է [ընտրում Էրդողանին]։ Նրանք լուռ են, ակադեմիայում չեն, թատրոնում չեն, հրապարակում չեն, քանի դեռ իրենց չեն կանչել, բայց իրենք ամեն անգամ որոշում են Էրդողանին պահել։ Ինչ-որ առումով լավ է, որ նրանք լուռ են։ Ես կվախենայի, թե սկսեին խոսել։ Էրդողանը նրանց զսպում է, – նման մի բան էր ասում ազգային փոքրամասնությունների հետ փոդքասթներ պատրաստող հայը․ – Սուլթանը միշտ չէր վատը, ինքը գոնե ընդունեց, որ մենք կանք, թողեց գոնե սեփական անունից խոսելուց վտանգի տակ չընկնել։ Բացառություններ ենք, բայց կանք՝ հայեր, քրդեր, ալևիներ, գեյեր։
— Կարծում ես՝ ճի՞շտ է տենց մի շարքում դնել։
— Քրդերը իհարկե ավելի շատ են, բայց իրանք էլ են սկսում հասկանալ, որ գեյ են, – հումորի զգացումը լավն էր, ինչ խոսք, ափսոս անունը հիշելու հույս նույնիսկ զրուցելու ժամանակ չունեի։
Օրվա մեծ մասն անցավ դեպի Ագօս ճանապարհին, տեղում և հետ՝ դեպի հյուրանոց գալով։ Դրանից հետո որոշեցի քնել։ Քնելու արդյունքում ինքնաթիռին հասա կարելի է ասել հինգ պակաս։
Ագօսում հանդիպեցինք սիրելի Վարդուհի Բալյանին, հայալեզու տեքստերի խմբագրին, գլխավոր խմբագրին, աննկարագրելի խարիզմայի տեր մի պարոնի, ում անունը նույնպես հույս չեմ ունեցել հիշել, բայց հումորը հիշելու եմ ապագա մեջբերումների համար, նաև՝ աշխատակիցներից մի քանիսին։
Ավելի տարիքովներն ասում էին, որ լավ է անցել քվեարկության օրը, ոչ ոքի չեն սպանել, ծեծ և ջարդ չի եղել, շատ հանգիստ էր։
— Ընկերներիցս մեկն է գրել, վատ է, ասում է ուշքի չեմ գալիս։ Ես էլ ասում եմ՝ շատ մի տրամադրվեք, հետո հիասթափությունը ուժեղ է լինելու։ Ես դա Նիկոլի փորձով անցա, – պատմում է Վարդուհին։
Կարո Փայլանն էր եկել, խոսակցության առաջին մասը թուրքերեն էր, բայց հասկանում էի՝ ուլտրանացիոնալիստ, ուլտրամիլիտարիստ, ուլտրակոնսերվատիվ… շատ բարդ ապագա է սպասվում Թուրքիային։ Բոլորը համաձայն էին։
Քըլըչդարօղլուին պետք չէր առաջադրել, Ստամբուլի քաղաքապետը կարող էր ավելի լավ թեկնածու լինել։ Քըլըչդարօղլուն, այնուամենայնիվ, ալևի է։ Ալևին, ըստ նրանց, Թուրքիո մեջ չի կարող նախագահ դառնալ, ինչպես մահմեդական հայը Հայաստանում։
Հասա հյուրանոց, քնեցի:
Քունը ծանր էր, ինչպես լինում է, երբ տպավորությունները գլխիցդ մեծ են, բայց որոշել ես ցերեկը քնել ՝ ախմախ կիսաերազներով, քրտնելով, լավ չհասկանալով, թե որտեղ ես։
https://youtu.be/Od5p2xj4d4M
Ստամբուլի չափսերը, մայրցամաք փոխելու անհրաժեշտությունը մոռանալով, կոֆեով ինձ հանեցի պատուհանից դուրս՝ բալկոն, ու մի շատ վախենալու զգացողություն ունեցա նամազի ձայնից։ Ոնց որ այս քանի օրվա Թուրքիայի՝ հետ դեպի ժողովրդավարություն կամ առաջ դեպի ավտորիտարիզմ գնալու խոսակցությունների շարունակությունը լիներ։ Երկու կողմից լսվում էր խոնարհվելու կոչը՝ խառնված քաղաքի անկանոն ժխոռի հետ։ Դիմացի շենքի կտուրին կանգնած ծխում էին հյուրանոցում աշխատող երկու աղջիկները։
Անտոն Իվչենկո