Նախքան կրակի դադարեցումը ԼՂ-ում իրավիճակը ծայրահեղ ծանր էր, ժամերը հաշված էին, ժամանակի սղության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն անհնար էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Россия-24-ի եթերում Պուտինը նշել է՝ հոկտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատվածը միայն, գրեթե հաջողվել էր հրադադարի շուրջ համաձայնության հասնել։ Հայաստանի վարչապետը, սակայն, ռուսական կողմի առաջարկը մերժել է։
«Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի․ հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի (այդ թվում՝ Շուշի քաղաքի) նկատմամբ։ Հատկապես՝ նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը․․․ մենք այդ ժամանակ արդեն պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Փաշինյանն, ըստ նրա, այն ժամանակ հայտարարել էր պայքարը շարունակելու, պատերազմելու պատրաստակամության մասին. «Այդ իսկ պատճառով նրա հասցեին հնչող՝ դավաճանության մասին մեղադրանքները ոչ մի հիմք չունեն։ Այլ բան է` դա ճիշտ որոշո՞ւմ էր, թե՞ սխալ։ Դավաճանության մասին խոսք լինել չի կարող»:
Նա հատուկ ընդգծել է՝ Շուշին հանձնելու հարց մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբևէ չի դրվել։ [Շուշիի վերաբերյալ նախօրեին խոսել են նաև Հայաստանի վարչապետն և արտգործնախարարությունը։ Նրանց իրարամերժ հայտարարությունները՝ այստեղ]։ Միևնույն ժամանակ, Պուտինը շեշետել է, որ Ղարաբաղի շուրջ նոյմեբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրից հրաժարվելը Հայաստանի համար ուղղակի ինքնասպանության կլիներ։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը մեկնաբանելով էլ՝ Ռուսաստանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմի վտանգի տակ գտնվող երկիրը ուղղակի չի կարող ներսից պառակտված լինել․ հարկավոր է միավորել, այլ ոչ թե մասնատել հանրությունը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին կամ Ղարաբաղի այն հատվածին, որին նկատմամբ հայկական կողմը պահպանում է իր վերահսկողությունը, Ռուսաստանի նախագահը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ։
«Մենք պայմանավորվել եք, որ պահպանում ենք ստատուս քվոն։ Ինչ կլինի առաջիկայում` պետք է որոշել: Կարծում եմ, եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այսինքն` վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, կենցաղային մակարդակում՝ նաև ժողովուրդների միջև, կստեղծվեն պայմաններ, որոնք թույլ կտան որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել հակամարտությանը։ Պուտինը պատասխանել է՝ Լեռնային Ղարաբաղը, միջազգային իրավունքի համաձայն, Ադրբեջանի անբաժան մասն է, ՀԱՊԿ-ը չէր էլ կարող միջամտել, քանի որ ոտնձգություն ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ չի եղել։
Ինչ վերաբերում է Թուրքիային՝ Ռուսաստանի նախագահն հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, ըստ ճաշակի, տարբեր գնահատականների կարող են արժանանալ, բայց պաշտոնական Անկարան ըստ էության, միջազգային նորմեր չի խախտել։
տեսանյութը՝ https://youtu.be/87URcZZj9_4