Home / Շուկա / 90 եմենցի զոհվել է փողի հերթում, ևս 14 միլիոնը կարող է սովամահ լինել

90 եմենցի զոհվել է փողի հերթում, ևս 14 միլիոնը կարող է սովամահ լինել

Եմենի մայրաքաղաքում մոտ 90 մարդ է զոհվել հրմշտոցից, որը սկսվել է դպրոցներից մեկում ողորմություն բաժանելու ժամանակ: 300-ից ավել մարդ վնասվածքներ է ստացել:

Մահմեդական ողորմությունը՝ «զաքյաթը», բաժանում են սրբազան ամսվա՝ Ռամադանի վերջին օրերին: Ականատեսներից մեկը պատմել է Reuters-ին, որ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Սանայի դպրոցներից մեկի բակում՝ 5 հազար եմենական ռիալ (մոտ 9 դոլար) ողորմություն ստանալու համար։

Կարիքավորներին փող բաժանելու ակցիան ենթադրաբար նախաձեռնել էին տեղացի երկու գործարարները․ ՆԳՆ-ն հայտարարել է նրանց ձերբակալության մասին։ Մեծահարուստները մեղադրվում են իշխանությունների հետ չհամաձայնեցված միջոցառում կազմակերպելու մեջ։

Իրանամետ շիա մահմեդականների՝ հութիների շարժումը վերահսկողության տակ է պահում Սանան 2015 թվականից՝ մայրաքաղաքից կառավարությանը վտարելուց հետո։

Բարեգործական միջոցառման ընթացքը, ըստ BBC-ի, «կարգավորել» են հութիների զինյալները։ Նրանց տեղեկություններով՝ հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ հավաքված մարդիկ փորձել են նեղ աստիճանով հասնել բակ, որտեղ բարեգործները փող էին բաժանում։

 

AP գործակալությունը մեջբերել է ականատեսների խոսքերը՝ ամբոխին հետ պահելու համար հութիների զինյալները օդ են կրակել, ենթադրվում է, որ փամփուշտները հարվածել են էլեկտրական լարին, ինչից հետո պայթյունի ձայն է լսվել, մարդիկ փորձել են փախնել, սկսվել է հրմշտոց։

«Զոհվածների թիվում կան կանայք և երեխաներ», – AFP-ին ասել է հութիների անվտանգության ծառայության անանուն ներկայացուցիչը։

Հութիների և Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի (որին աջակցում է ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան) միջև 2014 թվականին սրված հակամարտության, ավելի քան 6 տարի տևած «քաղաքացիական» պատերազմի ընթացքում շիա մահմեդականների զինված խմբավորումը վերահսկողության տակ առավ երկրի արևմուտքի զգալի մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան։

Պատերազմից հետո երկրում հումանիտար աղետ է։ Ավելի քան 23 միլիոն մարդ՝ բնակչության երեք չորրորդը, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Ամեն տարի հազարավոր մարդիկ են սովամահ լինում։

«Փրկեք երեխաներին» կազմակերպությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները, զեկուցել է, որ 2015-2018 թվականներին՝ ընդամենը 3 տարվա ընթացքում, սովից մոտ 85 հազար մանկահասակ (մինչև 5 տարեկան) երեխա է մահացել։ 2018-ի տվյալներով, ավելի քան 14 միլիոն եմենցի կանգնած է սովամահ լինելու վտանգի առաջ։

Եմենի ֆորմալ (պաշտոնական) կառավարությունը, որը վայելում է Սաուդյան Արաբիայի և արևմտյան գերտերությունների աջակցությունը, այժմ գտնվում է նավահանգստային Ադենում։ 1967-1970-ականներին Ադենը Հարավային Եմենի ժողովրդական հանրապետության, հետագայում՝ մինչև 1990 թվականը, Եմենի ժողովրդական դեմոկրատական հանրապետության մայրաքաղաքն է եղել։ Հարավի և Հյուսիսի միավորումից, միացյալ Եմենի ստեղծումից հետո կորցրել է մայրաքաղաքի կարգավիճակը։ Կառավարական ուժերն այժմ այնտեղ են կենտրոնացած։

Նախագահ Աբդրաբբուհ Մանսու Հադին էլ Սաուդյան Արաբիայում է։

Մոհամեդ Ալի ալ-Հութին՝ հութիների հեղափոխական կոմիտեի ղեկավարը, հայտարարել է, որ մահաբեր հրմշտոցը ուղիղ հետևանքն է նրա, որ 8 տարի տևած ռազմական գործողություններից հետո Եմենն ապրում է «աշխարհում ամենածանր հումանիտար ճգնաժամը»։ Հութիները պատասխանատու են համարում ագրեսոր-երկրներին՝ և՛ տեղի ունեցածի, և այն «դառը իրականության» համար, որում «ագրեսիայի և շրջափակման պատճառով ապրում է Եմենի ժողովուրդը»։

Հութիների իշխանությունը երեկ տեղի ունեցած ողբերգությունից հետո խոստացել են մոտ 2 հազար դոլար տալ ազգականին կորցրած ամեն ընտանիքին և 400 դոլար՝ վիրավորներին: