Եթե կառավարությունը չի կարողանում բացահայտել ստվերը, ուրեմն ակնհայտ չի ուզում դա անել, ուրեմն պարզապես հեռանալ է պետք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` որքան Հայաստանում ավելանում է աղքատությունը, այնքան իշխանական թևում ավելանում է հարուստների շրջանակը:
Գնահատելով բյուջեի ներկա վիճակը՝ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այն անվանել է իրատեսական:
«Կառավարությունն 101 միլիարդ դրամի պարտավորություն է վերցրել իր վրա, և կատարման ընթացքում կտեսնեք, որ 2012-ին կարող ենք անցնել այս ցուցանիշը՝ արձանագրելով բյուջեի 4,2%-անոց աճ: Ընդդիմության այն կարծիքը, որ բյուջեն փոքր է ու չի բավարարում բնակչության պահանջներին, չի բարձրանում բնակչության կենսամակարդակը: Իհարկե, շատ հեշտ է խոսելը, քննադատելը, ինչն էլ օգնում է ավելի լավ աշխատելուն, նպաստում բյուջեի ավելացմանը», – նշել է Ռաֆիկ Պետրոսյանը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` կառավարությունն այսօր ընդդիմությանը հնարավորություն չի տալիս վերահսկողություն սահմանել բյուջեի նկատմամբ:
«Երբ լսում ես կառավարության անդամներին, կարելի ենթադրել, թե հանճարների ակումբի ներկայացուցիչներ են, հստակ դրսևորում են իրենց հանճարեղ մտքերը, սակայն այդ հանճարեղ մտքեր արտահայտող կառավարությունը դեռևս չի կատարել իր իսկ կողմից խոստացված որևէ ծրագիր», – նշել է «Ժառանգության» պատգամավորը:
Նախընտրական խոստումները չկատարելու վերաբերյալ հարցին ի պատասխան` Ռաֆիկ Պետրոսյանը հորդորել է չմոռանալ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի արդյունքում ամենաշատը տուժել է Հայաստանը:
Հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավորին` Լարիսա Ալավերդյանն ասել է.
«Կառավարությունը նախատեսել էր, որ 2012-ին Հայաստանում աղքատության ցուցանիշը պետք է նվազեր, սակայն փաստն ապացուցում է, որ նախկին 11,2% ցուցանիշը նվազելու փոխարեն վերջին տարիներին այն հասել է 34%-ի, մինչդեռ, կառավարության հավաստմամբ, արձանագրվել է 4,2% տնտեսական աճ: Հայաստանի կառավարման համակարգը խորը բարոյական, տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ է: Քսան տարի շարունակ իշխանությունները հիմք են դրել ու շարունակում են օլիգարխոպոլիայի գաղափարները: Տնտեսական աճը բնութագրվում է ոչ թե թվերով, այլ բնութագրվում է աճի որակով» – նշել է նա:
Ալավերդյանի խոսքերով՝ այն երկրները, որոնք իրենց առջև պայմաններ են դրել ուժեղացնելու երկիրը, սկսել են սահմանամերձ գյուղերից:
«Քանի դեռ մեր հեռավոր գյուղերն ահսահմանափակ խնդիրներ ունեն, զենքով ու մանգաղով պայքարող գյուղացին զրկված է Աստծո պարգև ջրից և,գազից օգտվելու հնարավորություն չունենալով, աթար է վառում՝ տաքանալու համար, ինչը վերջին տարիներին թափ է առնում նաև մայրաքաղաքում, տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող», – ասել է Ալավերդյանը: