Նռնակով ու ատրճանակով երեկ երեկոյան Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը, ըստ ոստիկանության, ինքնասպան է եղել․ իրավապահներն այսօր հրապարակել են ոստիկանների «հատուկ գործողության» տեսանյութը։
Քննչական կոմիտեն էլ հաղորդել է, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
Ըստ ՔԿ-ի, օգոստոսի 19-ին, ժամը 17։40-ին, հաղորդում է ստացվել, որ Մասիսի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան:
«Ժամը 21:20-ի սահմաններում նույն տղամարդը գնացել է Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Քաղաքապետարան ներխուժած տղամարդը Մասիսի ավագանու նախկին անդամ, 36-ամյա Էդվարդ Մարգարյանն է։ Թե կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց հետ է նա խնդիր ունեցել՝ հայտնի չէ։
Նրա մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է։ «Անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել», – երեկ գիշերը հաղորդել էր Ոստիկանությունը։
Նախքան ոստիկանության այս հրապարակումը՝ Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «զինված անձը վնասազերծված է»։ Վնասազերծել բառը ոստիկանական հաղորդագրություններում հիմնականում օգտագործվում է որպես սպանել բառի հոմանիշ։
Քննչական կոմիտեն այսօր պարզաբանել է, թե տղամարդու դին հայտնաբերվել է նրան վնասազերծելու ուղղությամբ ոստիկանության ձեռնարկված միջոցառումների շրջանակում։
լրացում․ Մասիսի քաղաքապետը Դավիթ Համբարձումյանն է։ 2018-ին նրան մեղադրանք էր առաջադրվել հեղափոխության օրերին մի խումբ դիմակավորված մարդկանց հետ ցուցարարների (և լրագրողների) վրա քարերով, մահակներով և էլեկտրասարքերով հարձակվելու, նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Հետպատերազմական շրջանում Համբարձումյանը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային շարժմանը, ՏՒՄ վերջին ընտրություններին վերընտրվեց Մասիսի քաղաքապետի պաշտոնում։ Նրա աշխատասենյակ ներխուժած և ըստ իրավապահների՝ այնտեղ ինքնասպան եղած Էդվարդ Մարգարյանի ֆեյսբուքյան էջում Համբարձումյանի և վերջինիս մտերիմ շրջապատի հետ համատեղ լուսանկարներ կան։