Օգոստոսի 18-ի երեկոյան Քաջազնունու փողոցի վրա Yandex taxi-ի վարորդներից մեկը հարձակվել է տրանսգենդեր կնոջ վրա և բռնության ենթարկել նրան, հաղորդել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան կազմակերպությունը։
Դեպքի մասին կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Տրանսգենդեր կինը պատմել է, որ Յանդեքսի վարորդը հրաժարվել է նրան տեղափոխել՝ ասելով, թե տրանսգենդերներին չի սպասարկում։ Նա սկսել է անձնական բնույթի հայհոյանքներ հնչեցնել։ Կինը պատասխանել է, որ վարորդն իրեն չսպասարկելու իրավունք չունի։ Դրանից հետո վարորդը պտուտակահան (ատվյորտկա) է վերցրել և հարձակվել կնոջ վրա՝ վնասելով նրա դեմքը և մարմնի տարբեր հատվածները։
Սա վերջին երեք ամիսների ընթացքում տրանսգենդեր կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության արդեն 6-րդ դեպքն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվում ոստիկանություն․ օգոստոսի 13-ի մի խումբ անձինք դաժան ծեծի էին ենթարկել տրանսգենդեր կնոջը, հուլիսի 30-ին տղամարդը ուղիղ եթերով հարձակվել էր տրանս կնոջ վրա և բռնության ենթարկել նրան, հունիսի 30-ին Յանդեքս տաքսիի վարորդն էր հարձակվել տրանս կանանց վրա, հունիսի 18-ին մի խումբ տղամարդիկ ծեծի էին ենթարկել տրանս կնոջն ու նրա ընկերներին, հունիսի 14-ին տրանս կնոջը դաժան ծեծի էր ենթարկել «իր տուն այցելած անծանոթ տղամարդը», հունիսի 5-ին Վանաձորում մի խումբ տղամարդիկ հետապնդել և դաժան ծեծի են ենթարկել տրանս կնոջը, ով լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Սա բռնության այն դեպքերն են, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն․ հաճախ տուժողները խուսափում են իրավապահներին դիմելուց և հանրայնացումից։