ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։
Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայր Գոռ Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։
Մասնավորապես, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Համբարձումյանը մի խումբ անձանց հետ տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դավիթ Համբարձումյանը, Գոռ Համբարձումյանը, ինչպես նաև մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով և քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:
Այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ:
Բացի այդ, Համբարձումյանն, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գոռ Համբարձումյանի հետ բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաև՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով և այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2» և Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները՝ համայնքին և քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:
Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասերով (Խուլիգանությունը)։
Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։