Բարեկամների հաղորդման հիման վրա Հայաստանում ձերբակալել են Ինգուշեթիայից եկած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովային, որը փախել է ընտանեկան բռնությունից։ Նրա տարհանմամբ զբաղվել է «Մարեմ» շարժումը, որը աջակցում է վտանգի մեջ հայտնված կանանց։
Ֆաթիմային Աշտարակում գտնվող բնակարանից ոստիկանները տարել են Երևանի բաժին, «Էխո Կավկազա»-ին պատմել է շարժման ղեկավար Սվետլանա Անոխինան։ Այնտեղ կնոջը ասել են, թե ինքը ինչ-որ քրեական գործով է անցնում, վերցրել են հեռախոսը։
Ոստիկանական բաժնում ընտանեկան բռնությունից փախած կնոջը իր կամքին հակառակ փակել են նրա հետևից եկած հորեղբոր՝ Յուսուպի, և հորեղբոր ընկերոջ հետ միևնույն սենյակում։ Այդ ընթացքում ոստիկանները բացել են Ֆաթիմայի բջջային հեռախոսը, կրկնօրինակել սարքի պարունակությունը։
Ֆաթիմայի հորեղբայրը Ինգուշեթիայի տնտեսական զարգացման նախկին նախարարն է եղել, Վլադիմիր Պուտինի իշխող կուսակցության պատգամավոր։ Նա սպառնացել է, որ հաշիվներ կմաքրի բոլոր նրանց հետ, ովքեր օգնել են կնոջը, և զգուշացրել՝ ազդեցիկ կապեր ունի նաև Հայաստանի ՆԳՆ-ում։
Կինը ոստիկանությունում բացատրություն է տվել՝ Ինգուշեթիայում բռնության է ենթարկվել ընտանիքի կողմից, ստիպված է եղել փախնել։ Օգնություն է խնդրել ոստիկաններից։ Ոստիկանները պատասխանել են, որ ոչնչով օգնել չեն կարող, քանի որ հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի տարածքում։
Զուրաբովան հիմա ձերբակալված է։ Epress.am-ի հարցին՝ ինչի՞ հիման վրա են նրան պահում, ոստիկանությունից պատասխանել հրաժարվել են և խորհուրդ տվել դիմել «նախաքննական մարմին»։ Հարցերն անպատասխան է թողել նաև Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը․ «Քաղաքում չեմ, զանգահարեք վաղը առավոտյան»։
Եթե Ֆաթիմային հենց այնպես բաց թողնեն, կա վտանգ, որ նրա հետևից եկած ազգականները կարող են նրան ուժով տանել Ինգուշեթիա։ Սվետլանա Անոխինայի խոսքով՝ երևանյան ոստիկանությունը հրաժարվել է ընթացք տալ ընտանեկան բռնության և Հայաստան ժամանած բարեկամների սպառնալիքների մասին հաղորդմանը։ Կինը խնդրել է իրեն տեղավորել ընտանեկան բռնության զոհերի ապաստարանում, խնդրանքը մերժվել է։
«Նրա իրավունքները կոպտորեն խախտվել են՝ նրան փակել են հորեղբոր հետ միևնույն սենյակում, չնայած նա խնդրում էր նման բան չանել, նրանից վերցրել են հեռախոսը, թույլ չեն տվել տեսակցել փաստաբանին։ Ֆաթիմայի հորեղբայրը ասել է, որ ազդեցիկ ծանոթներ ունի Հայաստանի Ներքին գործերի նախարարությունում, և մենք վախենում ենք, որ նա կօգտվի այդ կապերից», – ասել է իրավապաշտպանը։
Սեպտեմբերին Ֆաթիմա Զուրաբովան դիմել է իրավապաշտպաններին և պատմել, որ արդեն մոտ 6 տարի է՝ ծեծի է ենթարկվում ընտանիքի անդամների կողմից։ Նրան պատժում են «անհարիր» պահվածքի, բավականաչափ կրոնական չլինելու համար և «պրոֆիլակտիկ նպատակներով», օրինակ՝ ընտանիքի անդամների հետ անհամաձայնության կամ նրանց չենթարկվելու համար։ Սպառնում են զոռով ամուսնացնել։ Նոյեմբերի 8-ին նրան հաջողվել է դուրս գալ տնից և «Մարեմ» խմբի իրավապաշտպանների աջակցությամբ Մինվոդիով հասնել Հայաստան։
Նոյեմբերի 10-ին, հավանաբար բարեկամների հաղորդման հիման վրա, Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, թե որոնում է Ֆաթիմա Զուրաբովային որպես անհետ կորած։ Արդեն այսօր՝ կնոջ ձերբակալությունից հետո, հաղորդվել է, թե «ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում» երեկ ժամը 20։45-ին կինը «հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում», տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա «ներկայացվել նախաքննական մարմին»:
Epress.am-ի տվյալներով՝ կնոջը այսօր այցելել են Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից։
Նոյեմբերի 12-ին Ֆաթիման տեսաուղերձ է հրապարակել, որով բարեկամներին խնդրել է իր նկատմամբ հետախուզում չհայտարարել։ Կինը պատմել է, որ փախել է տնից նվաստացումների և բռնությունների պատճառով։
https://twitter.com/echofm_online/status/1724813073209282642
Ինգուշեթիայում նրա կյանքին վտանգ է սպառնում։
թարմացում — Ֆաթիմա Զուրաբովային «տեղափոխել են անվտանգ վայր»՝ նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան Epress.am-ին ասել է ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։ Այս տեղեկությունը օմբուդսմենի գրասենյակին փոխանցել են ոստիկանությունից։ Թե ինչ անվտանգ վայրի մասին է խոսքը, արդյոք կինը ապաստարան է տարվել՝ պարզ չէ։ ՄԻՊ-ից մանրամասներ չեն նշել։
տե՛ս Ընտանեկան բռնությունից Հայաստան փախած ինգուշ կնոջը «տեղափոխվել է անվտանգ վայր»