Երեկվանից համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է կինը տեսախցիկի առջև ծեծում, մերկացնում և մյուս դստեր հետ միասին նվաստացնում իր անչափահաս աղջկան։
Տեսանյութը, ըստ ամենայնի, նկարահանվել է բռնարար մոր կողմից։ «Դրդապատճառները» քննիչները «դեռ պարզում են»։ Թե ինչպե՞ս է այն հայտնվել համացանցում (ըստ որոշ տեղեկությունների՝ հրապարակվել է հետախուզման մեջ գտնվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի կողմից), ինչո՞ւ չի փոխանցվել իրավապահներին, այլ դրվել է հրապարակային շրջանառության մեջ՝ պարզ չէ։ Քննչականը տեսանյութը որակել է որպես «պոռնկագրական բնույթի նյութ»։
Առավոտյան ոստիկանությունից հաղորդել են, որ տեսախցիկի առջև դստերը կտտանքների ենթարկող 34-ամյա կինը [Աննա Արևշատյան] հայտնաբերվել է և բերման ենթարկվել։ Ոստիկանություն են տարվել նաև նրա 5 անչափահաս երեխաները։ Ներքին գործերի նախարարությունից հավաստիացրել են՝ երեխաները եղել են ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:
մեղադրանքներ
Քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել
— ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, անչափահասի նկատմամբ՝ առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ)
— ՔՕ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը՝ կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն),
— 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը)։
Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։
դատվածություններ
Դեպքը, ըստ Ոստիկանության, տեղի է ունեցել Գավառում։ Լրատվականները գրում են, որ կնոջը հայտնաբերել և ձերբակալել են Երևանում։
34-ամյա Աննա Արևշատյանը ծնունդով Տավուշի մարզից է, ամուսնու՝ Մադաթյան Թաթուլի, և 5 անչափահաս երեխաների հետ միասին երկար տարիներ ապրել է Գավառում, հետո, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխվել է նախ Գյումրի, այնուհետև՝ Երևան։
Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքսի», 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ նույն աղբյուրի՝ 2017-ի հունիսի 9-ին նա հայտարարել է, թե 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Դատարանը հաղորդումը որակել է որպես իրականությանը չհամապատասխանող և դատել նրան «սուտ մատնություն» անելու համար։
Գավառի բնակիչներից մի քանիսը «Հետք»-ի հետ զրույցում պատմել են, որ Թաթուլ Մադաթյանը՝ երեխաների հայրը, դատապարտվել է իր անչափահաս աղջկան բռնաբարելու համար։ Նրան առնչվող գործը «Դատալեքսում» փակ է։ Բնակիչները, որոնք նախընտրել են անանուն մնալ, ասել են, որ տղամարդուն հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։
Աննա Արևշատյանը և Թաթուլ Մադաթյանը հաճախ են դիմել համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։ Արևշատյանին այսօր են ձերբակալել։ Ըստ լրատվականների (չհաստատված) տեղեկությունների՝ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է։
մարզպետարանն ու համայնքապետարանը «զբաղվել» են
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածած պարզաբանումից դատելով՝ համայնքային իշխանությունները տեղյակ էին, որ ընտանիքում լուրջ խնդիրներ կան։
«2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։
Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր», – հայտնել են մարզպետարանից։
Թե կոնկրետ ինչպես է հիշատակված հաստատությունները «զբաղվել» ըտանիքի խնդիրներով՝ պարզ չէ։
Մարզպետարանը արդարացել է, թե 2023 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է․ «Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»։
Այն, ինչ երեկ հանրային է դարձել, վկայում է նախևառաջ պատասխանատու ինտիտուտների՝ համայնքի, ուսուցիչների, հոգեբանների, սոցաշխատողների, ոստիկանություն անգործության, անգործունակության մասին։
Դատելով արդեն իսկ ի հայտ եկած տեղեկություններից՝ թե հարևանները, թե դպրոցի աշխատակիցները և թե համայնքային իշխանությունները տեղյակ են եղել, որ ընտանիքում խնդիրներ կան, առնվազն հիմնավոր կասկածներ են ունեցել, որ երեխաները բռնության (այդ թվում՝ սեռական բռնության) են ենթարկվել։