Home / Բանտ / Պատերազմի հետևանքները չեն խանգարել իրավունքներ խախտել Հայաստանում․ զեկույց

Պատերազմի հետևանքները չեն խանգարել իրավունքներ խախտել Հայաստանում․ զեկույց

Քաղաքական լարվածությունն ու Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով աճող անապահովությունը գերակշռում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին գրում է Human Rights Watch-ը (HRW) Հայաստանի մասին իր ամենամյա զեկույցում։ 

2022 թվականին միջազգային իրավապաշտպան կառույցն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների, կալանավայրերում խոշտանգումների, խոսքի ու հավաքների ազատության խախտումների, լրագրողների հանդեպ բռնության աճի, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ շարունակվող կեղծ դատական գործի, հաշմանդամների, կանանց, երեխաների ու ԼԳԲՏ անձանց խախտվող իրավունքների մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները

Կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարն ու ներխուժել Հայաստան։ 

«Ռազմական գործողությունների անկանոն միջադեպերը շարունակել են սպառնալ Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային գյուղերի բնակիչների անվտանգությանն ու ապրուստի միջոցներին»։ 

HRW-ը հիշեցնում է անցած տարվա սեպտեմբերյան բախումների հետևանքով հայկական կողմի զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Իրավապաշտպան կազմակերպությունը արձանագրում է նաև ականների պայթյունի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների մասին։ 

«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հակահետևակային ականներն արգելող միջազգային պայմանագրի կողմ չեն»։

Վատ վերաբերմունք կալանավայրերում

Հայաստանյան բանտերում շարունակվում են խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը և հաճախ մնում անպատիժ, արձանագրում է HRW-ը: 

«Նույնիսկ այն դեպքում, երբ քրեական հետաքննություն է սկսվում՝ ի պատասխան խոշտանգումների մեղադրանքների, դրանք հիմնականում փակվում են՝ հիմնվելով այն եզրակացության վրա, որ հանցագործություն չի կատարվել կամ կասեցվում են կասկածյալի ինքնությունը չբացահայտելու պատճառով»:

Տես՝
Երբ մահանում են բանտարկյալները, ոչ ոք մեղավոր չէ
Սովորական «ինքնա»սպանություններ առօրեական անմարդկային պայմաններում
Հայկական բանտը շարունակում է տանջել կանանց, երեխաներին, արտասահմանցիներին

HRW-ն ընդգծում է, որ խոշտանգումը Հայաստանում քրեականացվելուց յոթ տարի անց դատարանը ընդամենը մեկ վճիռ է կայացրել՝ մարտին յոթուկես տարվա ազատազրկման դատապարտելով նախկին բանտային պաշտոնյայի։

Խոսքի և հավաքների ազատություն

Իրավապահ մարմինները ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը, գրում է կազմակերպությունը՝ վկայակոչելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեին, և քննադատում ուժի անհամաչափ կիրառումը ընդդիմության մայիսի և հունիսի բողոքի ակցիաների ժամանակ:

HRW-ը հիշեցնում է նաև ակցիաների ժամանակ ապօրինաբար բերման ենթարկվածների մասին։

«Օգոստոսին Երևանի ոստիկանությունը առանց բացատրության կարճ ժամանակով բերման է ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր ցույց էին անում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ։ Սեպտեմբերին ոստիկանությունը արգելել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիան՝ կարճ ժամանակով ձերբակալելով երկու ակտիվիստների»:

Տես՝
Ереванская полиция защитила Путина
Ոստիկանները պաշտպանեցին ՌԴ դեսպանատունը պաստառներից

Լրագրողների հանդեպ բռնություն

Վկայակոչելով «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին» (ԽԱՊԿ)՝ HRW-ն ընդգծում է, որ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերն աճել են: 

2022 թվականի հունիս ամսվա ընթացքում փաստագրվել է 13 լրագրողի հանդեպ բռնության 12 միջադեպ, որոնք կատարվել են ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից։ Մեծամասնությունը, ըստ կազմակերպության, տեղի է ունեցել ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ: 

Դրական փոփոխություններ

Հայաստանը ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը»՝ հանելով հանցագործությունը քրեական օրենսգրքից։ HRW-ն Կառավարության այս որոշումը «դրական» է որակել։

Կազմակերպությունը դրական է համարել նաև այն, որ Հայաստանը բարձրացրել է տուգանքները պաշտոնական տեղեկատվություն չտրամադրելու համար: HRW-ն, այնուամենայնիվ, ընդգծում է՝ ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 69 դեպք:

Սաշիկ Սուլթանյան

Իշխանությունները շարունակել են կեղծ քրեական մեղադրանքներ առաջադրել Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ, արձանագրում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ 

«Մեղադրանքները բխում են Սուլթանյանի Հայաստանում եզդի փոքրամասնության նկատմամբ խտրականությունների մասին հրապարակային հարցազրույցից»։

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով վերջին դատական նիստը անց է կացվել հոկտեմբերի 26-ին։ Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ փոփոխել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և հայտարարել հետախուզում։ 

Հաշմանդամների իրավունքներ

HRW-ն արձանագարում է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տանը՝ չստանալով կամ շատ քիչ ստանալով կրթություն:

«2022 թվականին հինգ պետական մանկատներում ապրում էր հաշմանդամություն ունեցող 475 երեխա, որոնցից դպրոց է հաճախել ընդամենը 230-ը»: 

Կազմակերպությունն ընդգծում է, որ ՀՀ կառավարությունը շարունակել է ներդրումներ կատարել հաշմանդամություն ունեցող երեխաների համար գործող երեք պետական մանկատներում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան համայնքային ծառայությունների և աջակցությունների մեջ ներդրումներ կատարելու փոխարեն: 

«Հոգեսոցիոլական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մեծահասակները կարող են զրկվել գործունակությունից և ընդգրկվել լիակատար խնամակալության տակ՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Իշխանությունները չունեն հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայություններ ներդնելու համապարփակ ծրագրեր, փոխարենը շարունակում են ներդրումներ կատարել հաստատությունների և ինստիտուցիոնալ խնամքի մեջ»։

Կանանց և երեխաների հանդեպ բռնություն

Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում չեն զեկուցվում, արձանագրում է HRW-ը: 2021 թվականին Հայաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հարցված կանանց գրեթե 36 տոկոսը, ովքեր երբևէ եղել են հարաբերությունների մեջ, ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության առնվազն մեկ ձևի՝ ներկայիս կամ նախկին զուգընկերների կողմից. զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվածների միայն 5 տոկոսն է դիմել ոստիկանություն և միայն 4,8 տոկոսն է դիմել բուժօգնության:

Տես՝ Հայաստանը դեռ ընդունում է ընտանեկան ծեծը

«Իրավապահ մարմինները չունեն համապատասխան իրազեկվածություն և ուսուցում ընտանեկան բռնության կանխարգելման համար օրենքով պահանջվող պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ 

Իշխանությունները Հայաստանի բոլոր մարզերում բացել են աջակցության կենտրոններ, որոնք տրամադրում են հոգեբանական և այլ տեսակ աջակցություն ընտանեկան բռնության ենթարկվածներին, սակայն նրանց պետական ֆինանսավորումը, ըստ կանանց իրավունքների պաշտպանության խմբերի, անբավարար է:

Ընտանեկան բռնության ենթարկվածների համար կա ընդամենը երկու ապաստարան. երկուսն էլ գտնվում են Երևանում և ղեկավարվում են հասարակական կազմակերպության կողմից:

Քրեական նոր օրենսգիրքը ընտանեկան բռնությունը բնորոշում է որպես մի շարք հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանք, սակայն ընտանեկան բռնությունը առանձին քրեական հանցագործություն չէ», – գրում է կազմակերպությունը:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

ԼԳԲՏ անձինք Հայաստանում շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության, ահազանգում է HRW-ը։

«Քրեական օրենսգիրքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով թշնամությունը չի ճանաչում որպես հանցագործությունը ծանրացնող հանգամանք»:

HRW-ը հիշեցնում է՝ մարտին քրեական դատարանը կայացրել է առաջին վճիռը, ըստ որի, անձի նկատմամբ բռնություն է կատարվել՝ հոմոֆոբիայի շարժառիթով։ Իսկ մայիսին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 10 տարի առաջ պայթեցված DIY փաբի տնօրեն, արվեստագետ Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) հայցն առ այն, որ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումների և խտրականությունների դեմ արգելքները։ 

«Իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հրապարակայնացման պատճառով խտրականության և նվաստացման ենթարկվելու վախը շարունակում է խանգարել շատ ԼԳԲՏ մարդկանց հաղորդել իրենց դեմ կատարված հանցագործությունների մասին։ Իսկ երբ հաղորդվում են, նման հանցագործությունների հետաքննությունները հաճախ անավարտ կամ անարդյունավետ են լինում»։

Կազմակերպությունը հիշեցրել է օգոստոսին տրանս կնոջ վրա հարձակված տղամարդու դեպքի մասին, որի հետաքննությունն անարդյունավետ է անցել։ Վկայակոչելով «Նոր սերունդ» և «Փինք» հասարակական կազմակերպություններին, HRW-ն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ, մինչև սեպտեմբեր փաստագրվել է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վրա հիմնված ֆիզիկական հարձակումների 27 դեպք։ Իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել 12 դեպքով։ 

«Հայաստանը չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն»։