«Որ դեռ չէինք աշխատում, ես ու Արփին ուզում էինք գնայինք Հրապարակի Diamond ռեստորանը․ հրապարակի դեմը նստած մառոժնի էինք ուտում ու նայում Diamond-ին»։
Անչափահասները աշխատում են․ պայմանագրով, առանց պայմանագիր, ստիպված, իրենց ցանկությամբ։ Պատճառների և պայմանների մասին Epress.am-ը զրուցել է սպասարկման ոլորտում աշխատող երկու դեռահասների հետ։
Հայաստանի աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ մինչև 14 տարեկանների հետ աշխատանքային պայմանագիր կնքել չի կարելի, իսկ 15-17 տարեկանների դեպքում հարկավոր է ծնողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը: Արգելվում է անչափահաս երեխաներին ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրանց առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 15-17 տարեկան աշխատողների միջին տարեկան թվաքանակն այսպիսին է՝
2018թ․ | 2019թ․ | 2020թ․ | 2021թ․ | |
---|---|---|---|---|
Աղջիկ | 2100 | 3300 | 1300 | 1100 |
Տղա | 4400 | 4000 | 3500 | 4200 |
Արփի, 16 տարեկան, անիմատոր․ – Ես անիմատոր եմ՝ 5-10 տարեկան երեխեքին եմ նայում, երեխեքի հետ խաղում, խաղեր կազմակերպում։ Ես էլ հետը հաշված՝ 3 հոգի անչափահաս աշխատող կա մեզ մոտ, 2 հոգի էլ 18 տարեկան են։
Մարիա, 14 տարեկան, գանձապահ-սպասարկող․ – Սրճարանում սուրճ ու ֆռեշ եմ սարքում։ Իմ մաման էլ ա նույն տեղը աշխատում։ Էս 3 ամիսն եմ աշխատելու՝ ամառը։ Հետո էլ չէ․․․
Արփի․ – Պայմանագիր ստորագրել եմ, բայց չեմ կարդացել ոչ մի բան։ Հավես չունեի։ Հետո կուզեմ իմ օրինակը։
Մարիա․ – Գրանցված չեմ, առձեռն եմ ստանում աշխատավարձս։ Իմ տարիքը գիտի տնօրենը։ Որ օրինակ դրսից մարդ գա տարիք հարցնի, 14 տարեկան հաստատ չեմ ասի՝ 16-17 կասեմ։ Մեկ ա իմ տարիքը չի երևում իմ տեսքից։ Ես ուրիշ մարդու անվան տակ եմ գրանցված՝ ընկերուհուս՝ մեր նախկին աշխատողի։ Որ անուն բան հարցնեն, էդ աղջկա անունը պետք ա տամ։
Արփի․ – 1 ժամվա համար վարձատրվում ենք 600 դրամ։ 4 օր 1։30-22։00-ն եմ, 1 օր՝ 18։00-22։00-ը, 2 օր՝ ազատ։ Լինում ա, որ արտաժամ էլ են կանչում՝ այսինք ազատ օրդ են կանչում կամ երկար պահում։ Ճիշտ ա, որ ես անչափահաս եմ, արտաժամ չի կարելի կանչել, բայց կանչում են, որովհետև աշխատողի պակաս ունենք։
Կես ժամ տրվում ա ընդմիջում՝ իմ հաշվին, ընդմիջման գումարն էլ չեն հաշվում, այսինքն էդ կես ժամը չի հաշվվում որպես աշխատանք։ Ընդհանուր ստացվում ա ամսական 100 հազար դրամ։ Ես հիմնականում ընդմիջումը հանդերձարանում եմ անում, որովհետև խոհանոցում ով ասես լինում ա։
Մարիա․ – Շաբաթվա մեջ մենակ կիրակին ա հանգստյան օր։ Աշխատում ենք 9։00-ից մինչև 20։00, մի օր էլ 9։00-16։00։ Օրական 5000 դրամ, ամսական 100 հազար դրամ գումարած թեյավճարները՝ կիսվում եմ մյուս աշխատողի հետ։ Ընդմիջումը իրանց վրա ա, ինչ ուզում ես ուտելիքներից սարքում են։
Կամեռաներով հսկում են։ Որ լավ ես աշխատում՝ պրեմիա են տալիս։ Տնօրենի կաբինետն էլ մեր կողքն ա։ Կարելի ա ասել՝ ինքը միշտ անցնում ա մեր մոտով ու նայում ա։
Արփի․ – Օր ա լինում մենք սպասարկում ենք 500-ից ավել երեխա, էդ ահավոր պիկ ա համարվում։ Շատ դժվար ա։ Լինում ա 4 հոգով ենք լինում տարածքում, ասենք՝ էդ պահին 100 երեխա ա ներսը լինում ու մենք չենք հասցնում 4 հոգով 100 երեխու նայել։ Եքա տարածք ա, իրար տալի փռթում, մեկը լացում, մեկը գոռում, մեկը խփում։
Օրվա վերջում ավիրած ա լինում տարածքը, մենք գործից հետո մնում ենք, հավաքում ենք ամեն ինչ, նոր գնում ենք փոխվելու։
Մարիա․ – Ես իմ համար եմ աշխատում, ծնողներիս օգնելու հարց չունեմ։ Շորեր առնելու համար եմ աշխատում ու փող եմ հավաքում ոսկի ցեպ առնեմ․ կուլոնը ունեմ, ցեպն ա պակասում։
Որ դեռ չէինք աշխատում, ես ու Արփին ուզում էինք գնայինք Հրապարակի Diamond ռեստորանը։ Հրապարակի դեմը նստած մառոժնի էինք ուտում ու նայում Diamond-ին:
Արփի. – Ես առաջին հերթին աշխատում եմ, որ փող հավաքեմ։ 12-րդ դասարան տեղափոխվեցի, ուզում եմ հետո համալսարան դիմել, փող եմ հավաքում, որ ընդունելության պարապունքներիս՝ հայոց լեզվի ու անգլերենի փողը տամ։ Հիմա ամառ ա, բայց ես դասերի ժամանակ էլ եմ գնալու գործի։ Կհասցնեմ, որովհետև դասերս 13։30 ա վերջանում։
Բայց նաև աշխատում եմ, որ ընկերուհիներիս հետ տեղ գնամ։ Ես ու Մարիան պայմանավորվել ենք լողավազան գնանք։
Մարիա. – Ընդհանրապես 14-15 տարեկանից սկսած հիմա սաղ աշխատում են։ Սուպերմարկետներում էն որ տոպրակների մեջ ուտելիք են լցնում՝ 14 տարեկանից աշխատում են։ Մեր ծանոթներից մեկը, ով սուպերմարկետի տնօրեն ա՝ զուտ հաշվի ա առել, որ կարող ա էդ երեխեքը ֆինանսական խնդիր ունեն ու դրա համար ընդունել ա աշխատանքի։
Արփի. – Բայց էդ չի մենակ հարցը։ Էժան աշխատուժ են երեխեքը։ Իրանց ավելի էժան են աշխատացնում, քան մեծերին։ Երեխեքը ավելի շատ էներգիա ունեն։ Ավելի հեշտ ա երեխեքին ինչ-որ բան համոզել։ Երեխեքը չեն կարա իրանց իրավունքները պաշտպանեն։
Ես անցած խանութում, որ աշխատում էի օրական 2000 դրամ էի ստանում 9 ժամվա համար։ Ընդհանուր ամսական 50000 դրամ՝ շաբաթը 6 օր աշխատելով։ Կարճ ժամանակ աշխատեցի էդտեղ, չդիմացա դուրս եկա։ Մենեջերը ասեց իմ աշխատած օրերի փողը կտան, բայց տենց էլ չտվեցին։ Էդ իմ աշխատանքային առաջին փորձն էր, երբեք չեմ մոռանա, որովհետև տուն էի գալիս ժամը 21։00-ին՝ մեռած ու հանգած։ Մենք ավելի շատ ոչ թե վաճառող էինք, այլ բանվոր․ անընդհատ պահեստից ապրանքներ էինք կրում՝ ծանր ժավելներ, շամպուններ, լվացքի փոշիներ։ 5 անչափահաս աշխատող կար ընդհանուր 12 աշխատողից։ Որ աշխատողներին ասեցի ավելի լավ գործ եմ գտել, ասեցին՝ մեզ համար տեղ չկա՞, մեզ էլ տանես։
Մոտիկ ընկերուհիս էր էդ խանութում հետս աշխատում՝ էլի 16 տարեկան։ Ինքը սպասում ա, որ իրա 6 ամիսը լրանա, արձակուրդայինն էլ ստանա նոր դուրս գա։ Իրա պապան գործի բերումով վարկեր ա վերցրել։ Հիմա սաղ ընտանիքով աշխատում են, որ իրա պապայի փողերը փակվեն։