Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 10 տարի առաջ պայթեցված DIY փաբի տնօրեն, արվեստագետ Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) հայցը․ Հայաստանի Հանրապետությունը պարտավորեցվել է 12 000 եվրոյով փոխհատուցել նրա կրած ոչ նյութական վնասը և 4 500 եվրո վճարել իրավաբանական ծախսերի համար։
2012 թվականի մայիսի 8-ի գիշերը երիտդաշնակներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները պայթեցրել էին երևանյան DIY փաբը։ Ակումբն աշխատացնում էր արվեստագետ, «Պինցետ» փանկ խմբի մենակատար Արմինե Օգանեզովան՝ Ծոմակը։ Ազգայնականները նրան թիրախավորել էին դեռևս պայթյունից առաջ․ հոմոֆոբիկ արշավի կենտրոնական թեմաներից էր Թուրքիայում տեղի ունեցած գեյ շքերթը։ Դաշնակցական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում էին Ծոմակի մասնակցությունը Փրայդին, «Երկիր Մեդիան» թեմային մի ամբողջ հարցազրույց էր նվիրել՝ աղավաղելով Օգանեզովայի խոսքերը և սնուցելով ատելության առանց այն էլ շիկացած մթնոլորտը։ DIY փաբը ազգայնականների կողմից ներկայացվում էր որպես միասեռականների հավաքատեղի։
Տուժողների հայտարարությունները, որ պայթյունը կազմակերպել է «Սև ագռավներ» ֆաշիստների խմբավորումը, որի մեջ են մտնում շուրջ 30-40 երիտասարդներ, ուղղակի անտեսնվել էին։
Պայթյունից հետո Խաբազյան եղբայները ձերբակալվել են։ Կարճ ժամանակ անց երկուսն էլ ազատ էին արձակվել, մեկը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, մյուսը՝ մեկ միլիոն գրավի դիմաց։ Գրավի գումարը վճարել էին դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը։ Օրվա իշխանությունները դեպքը կամ չէին մեկնաբանում, կա՛մ ուղղակիորեն աջակցում/արդարացնում էին հանցագործներին։
Հայաստանյան դատական ատյանները DIY-ի գործը քննել են ուրիշի գույքին վնաս պատճառելու հանցակազմով՝ անտեսելով, որ հանցագործությունը կատարվել է հոմոֆոբիայի և ազգային ատելության հիմքով։ Հանցագործները ոչ մի օր բանտում չեն անցկացրել։ Պայթյունից հետո Ծոմակի նկատմամբ հետապնդումները շարունակվել են, նա ստիպված է եղել փակել փաբը և լքել Հայաստանը։
10 տարի անց Եվրադատարանը վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է դիմումատուի պաշպանությունը հոմոֆոբ հարձակումներից և ատելության խոսքից։ Ըստ ՄԻԵԴ-ի պատճաշ հետաքննության չեն ենթարկվել նաև դիմումատուի հանդեպ ատելությունը, վատ վերաբերմունքը, փաբի հրկիզումը և դրան հաջորդած հոմոֆոբ հարձակումները։
Եվրադատարանը համարել է, որ Հայասանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիայի 3-րդ և 14-րդ հոդվածները, որոնք են համապատասխանաբար` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի» և «Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների օգտագործումը պետք է ապահովվի առանց որևէ հիմքով խտրականության»:
Օգանեզովան պահանջել էր 20 000 եվրո ոչ նյութական վնասի, 2 000 եվրո և 10 725 ֆունտ ստերլինգ՝ դատավարության, իրավաբանական ծախսերի համար։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է փոխհատուցել 12 000 եվրո ոչ նյութական վնասի և 4 500 եվրո իրավաբանական ծախսերի համար։