«Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY բարի պայթեցումը և հարուցված քրեական գործն անցյալում են, սակայն հանցագործությանը ոչ իրավական, ոչ քաղաքական համաժեք գնահատական չի տրվել: Նման կարծիք են հայտնել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ում կազմակերպված քննարկման մասնակիցները, որոնք պայթեցման 2-րդ տարելիցի օրը՝ մայիսի 8-ին, հավաքվել են DIY-ի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությանը:
Ռեժիսորներ Ագատ Լեպուտրեի, Անտուան Ժանոյի և Լիզա Սարգսյանի «DIY white freedom» ֆիլմի հիմքում ընկած են պայթեցմանը նախորդած և հաջորդած ատելություն քարոզ պարունակող հեռուստատեսային տեսանյութերը, ահաբեկիչներին արդարացնող և դատապարտող կարծիք ունեցողների հետ հարցազրույցները:
Ագատ Լեպուտրեն Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ինքն այս ֆիլմով փորձել է օգնել Հայաստանին: «Մենք հարցազրույցներ էինք անում փողոցներում, այդ թեման որոշ մարդկանց զայրացնում էր, ֆիլմը կարող էր նկարել նաև տեղացի մեկը, սակայն մեզ համար ավելի ապահով էր՝ մենք ՀՀ քաղաքացի չէինք և մեզ հնարավոր չէր մեղադրել ազգայինը քայքալու մեջ»,- ասել է Լեպուտրեն:
Ագատ Լեպուտրեն, այցելելով DIY, տեսել է, որ փաբի պատերին ֆաշիստական տարբերանշաններ են նկարված: Մինչ այլ արվեստագետները լուռ հետևում էին կատարվածին, Լեպուտրեն վերցրել է սպիտակ ներկ և ջնջել է տարբերանշանը: Այստեղից էլ որոշվել է ֆիլմի անունը՝ «Սպիտակ ազատություն»:
Ցուցադրությանը հետևած քննարկման մասկանիցները նկատել են, որ դատարանը համարժեք պատիժ չի սահմանել DIY-ը պայթեցրած երիտասարդների համար: Հիշեցնենք, որ հարձակումը կատարած Արամեհ և Համբիկ Խաբազյանները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի և համաներմամբ ազատ արձակվել:
ՀԿ-ում քննարկման մասնակիցները հիշեցրել են մեկ այլ դեպք, որը ակնհայտ խտրական վերաբերմունք էր միասեռականների նկատմամբ և տեղի է ունեցել DIY բարի դեպքից օրեր անց՝ մայիսի 21-ին։ «Բազմազանություն» անհանդուրժողականության դեմ երթի ժամանակ ազգայնամոլները հարձակվել էին երթի մասնակիցների և լրագրողների վրա: Քննարկման մասնակիցները փաստել են, որ հոմոֆոբիան, ֆաշիզմը հաղթահարված չեն, և առաջարկել են անցկացնել խորհրդանշական 14-օրյակ՝ մայիսի 8-ից մայիսի 21-ը, կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, իրազեկման միջոցառումներ:
Ֆիլմը՝ այստեղ