Home / Կանանց իրավունքներ / Աներոջը սպանած նախկին ոստիկանին կալանավորեցին․ կինը թաքնվում էր

Աներոջը սպանած նախկին ոստիկանին կալանավորեցին․ կինը թաքնվում էր

Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանն այսօր կալանավորվել է։

Նրա նախկին կինը՝ Լիանա Մարգարյանը, օրեր առաջ համացանցով օգնություն էր խնդրել։ Մանկահասակ երկու երեխաների հետ միասին նա թաքնվում է ազատության մեջ հայտնված նախկին ամուսնուց՝ Ոստիկանության 6-րդ վարչության նախկին աշխատակից Գոռ Տեր-Եսայանից, որը երկու տարի առաջ սպանել է իր հորը։

Մարգարյանի խոսքով՝ նախկին ամուսինը ալկոհոլի և թրմանյութերի ազդեցության տակ է եղել, վիճաբանություն է ծագել, որի ժամանակ նա (կնոջ և երեխաների ներկայությամբ) գնդակահարել է աներոջը։ Տեր-Եսայանին (ըստ Մարգարյանի՝ կեղծ) դատաբժշկական փորձաքննության հիման վրա տեղափոխել են Հոգեկան առողջության կենտրոն։ Կնոջ խոսքով՝ կրկնակի փորձաքննությունը հետագայում հաստատել է, որ տղամարդը հանցանքը կատարելիս մեղսունակ է եղել, և հարցականի տակ է դրել նախորդ փորձաքննությունների արդյունքները։

Երկու տարի հոգեբուժարանում անցկացնելուց հետո տղամարդը ազատ է արձակվել և, ըստ Լիանա Մարգարյանի, սկսել հետապնդել իրեն և իր ընտանիքին։ Նրա ընտանիքի անդամները այժմ տեղաշարժվում են ոստիկանների ուղեկցությամբ։

Գոռ Տեր-Եսայանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հերքել է կնոջ այս պնդումները։ Ըստ նրա՝ տղամարդը իսկապես լուրջ հոգեբուժական խնդիրներ ունի․ «Վկաները նկարագրում են, որ Գոռ Տեր-Եսայանը հագնում է զինվորական համազգեստը, վերցնում է ինչ-որ զենք ու ասում է, որ գնում է՝ գրավելու Բաքուն»։ Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդը հաշվառված է հոգեբուժարանում, բժիշկների ցուցումով ազատ է արձակվել, քանի որ բուժումը այս փուլում հնարավոր է շարունակել ոչ ստացիոնար ռեժիմով։ Հետապնդումների և սպառնալիքների մասին մեղադրանքներին փաստաբանը այսպես է արձագանքել՝ դատարանի որոշում կա, ըստ որի հայրը պետք է տեսակցի երեխաներին, բայց չի կարողանում դա անել, քանի որ երեխաների մայրը թաքցրել է նրանց։

Գործով տուժող է ճանաչվել նաև Լիանա Մարգարյանի քույրը՝ Էլեն Մարգարյանը։

Դեպքից երեք տարի անց դատարանը սկսել է սպանության գործի քննությունը։ Տեր-Եսայանը այսօր կալանավորվել է 3 ամիս ժամկետով։

Լիանա Մարգարյանի հաղորդումները դեռ ուսումնասիրվում են։