«Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն Արա Պետրոսյանը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ։ Ըստ մեղադրանքի, 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2020-ի մարտի 28-ը նա շահագործման է ենթարկել Տիգրան Ներսիսյանին՝ պահելով ստրկությանը նմանվող վիճակում։ Հարկադիր շահագործումը զուգորդվել է առողջության համար վտանգավոր բռնությամբ։
Պետրոսյանի նոր հանրային պաշպանի միջնորդությամբ հունիսի 21-ի դատական նիստը հետաձգվել է։
Նրա նախկին պաշտպան Լևոն Սահակյանն էլ «Հետքին» ասել է, թե Տիգրան Ներսիսյանը (որը, ըստ մեղադրանքի, թրաֆիքինգի է ենթարկվել) աշխատել է Արա Պետրոսյանի՝ Ծաղկուտում գտնվող տանը․ «Անասուններին է պահել, տանը աշխատանք է կատարել, որի համար վարձատրվել է»։
Սահակյանը հավաստիացրել է՝ Ներսիսյանը հոժարակամ է աշխատել, նրան ոչ ոք չի ստրկացրել, նա նույնիսկ ապրել է Պետրոսյանի տանը, «ունեցել է ազատ ելումուտ» և անձնական հեռախոս, մարդկանց է հյուրընկալել, «միասին սրճել և հաց են կերել»։
Ինչո՞ւ է Պետրոսյանն այսքան լավություններից հետո հայտնվել ամբաստանյալի աթոռին, այն էլ՝ մարդուն թրաֆիքինգի ենթարկելու հոդվածով, նախկին փաստաբանը չգիտի։
Նա ենթադրում է, որ տուժողը՝ Տիգրան Ներսիսյանը, ուղղակի նեղացել է, քանի որ Արա Պետրոսյանը խոստացել է, որ կով կնվիրի իրեն, բայց չի նվիրել․ «Կով խոստանալու և չնվիրելու առերևույթ արարքը որակվել է որպես թրաֆիքինգ»։
Մեղադրանքում նշվում է, որ Պետրոսյանը դիտավորությամբ Ներսիսյանի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Փաստաբանը հակադարձում է՝ այս մեղադրանքը ևս իրականությանը չի համապատասխանում։
Գործով հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 3-ին՝ 16։30-ին։
Թերթը հիշեցնում է՝ 2017 թվականին Արա Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, որպես «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն, փաստաթղթեր է կեղծել և յուրացրել նախկին աշխատողի անվամբ ելքագրված աշխատավարձը՝ 422 705 դրամը։ Պետրոսյանն այն ժամանակ մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 700 000 դրամի չափով տուգանքի և պաշտոններ զբաղեցնելու երկամյա արգելքի։ Հետագայում Պետրոսյանը համաներման տակ էր ընկել և ազատվել տուգանքը վճարելու պարտականությունից։