2020 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված օրենքը, որով նախատեսվում է մեծ ձեռնարկություններին և լայնամասշտաբ պետական շինարարություններին կից գաղութների մասնաճյուղեր ստեղծել։
Ֆիլիալները երկու տեսակի կլինեն՝ գաղութ֊բնակավայր և «ուղղիչ կենտրոն»։ Վտանգավոր հանցագործներն ու մարդասպաններն այդ աշխատանքներում չեն ներգրավվի։ Կաշխատեն միայն ոչ մեծ ժամկետով և համեմատաբար թեթև հոդվածով ազատազրկված դատապարտյալները։ Աշխատող կալանավորների կատեգորիայում կներառվեն նաև օրինակելի պահվածքի համար ազատազրկման ավելի թեթև ռեժիմի տեղափոխված դատապարտյալները։ Կգիշերեն հատուկ ստեղծված հանրակացարաններում։
«Գուլագի հետ համեմատությունը պատահական չէ․ խորհրդային ժամանակներում ճաղերի ետևում հայտնվելը հավասարազոր էր ստրկությանը, բոլոր մարդկային իրավունքներից զրկմանն ու հավանական մոտալուտ մահին։ Բայց պաշտոնական պրոպագանդան դա ներկայացնում էր որպես նոր հնարավորություն ազատազրկվածների համար։
Նույնը տեղի է ունենում այսօր․ օրինակ, «Ռասիսկայա գազետան» գրել է, որ դատապարտյալները պետք է հպարտանան, որ հասարակական օգտակարության հնարավորություն ունեն։ Բացի այդ, հարկադիր աշխատանքը հիանալի ձև է համարվում հասցրածդ վնասը փոխհատուցելու համար։ Լրագրողների ցինիզմն իրենց հավատի մեջ է․ նախկին դատապարտյալների մի մասը նույնիսկ ազատ արձակումից հետո կուզենա «իր» ձեռնարկությունում մնալ, այսինքն, աշխատանքները նաև քայլ են դեպի վերասոցիալականացում։
Իշխանությունները, կարծես, հերթական անգամ փորձում են իրենց նպատակներին հասնել նվազագույն միջոցների կիրառությամբ։ Դեպի Չինաստան խողովակաշարի կառուցումը մեծ ռեսուրսներ է պահանջում։ Ծախսերն անհամեմատ ավելի քիչ կլինեն, եթե շինարարությամբ զբաղվեն մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող հրաժարվել առաջարկվող պայմաններից։ Մնում է միայն հիշեցնել, որ ժամանակակից Ռուսաստանում՝ ինչպես ստալինյան տարիներին, շատ դատապարտյալներ ազատազրկվել են ոչ թե իրական հանցագործության այլ վատ թաքնված այլակարծության համար։
Պաշտոնական աղբյուրների տվյալներով, այս պահին Ռուսաստանի 123 գաղութ-բնակավայրերում իրենց պատիժն են կրում ավելի քան 33 հազար ազատազրկվածներ։ Հաշվի առնելով, որ կարգուկանոնի մասին պատրանք ստեղծելու համար ցանկալի է քիչ կալանավորներ ունենալ, զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ իրականում դատապարտյալ աշխատողներն անհամեմատ ավելի շատ են», – գրում է «Русский монитор»֊ը։