Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները անչափահասի վաճառքով զբաղվելու մեղադրանքով բերման են ենթարկել յոթ քաղաքացիների, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Քննչական ծառայության փոխանցմամբ, ձերբակալվածների թվում են նաև երեխայի մայրն ու երկու բժիշկ։ Բերման ենթարկվածներից մեկը նախկինում նույն հոդվածով արդեն պատիժ կրել էր։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները անձնական նյութական շահույթի դիմաց պատրաստվում էին վաճառել անչափահասին ու հասույթը բաժանել իրենց մեջ։ Նրանք արդեն գտել էին գնորդի, ով պատրաստ էր 13 հազար դոլար վճարել։ Հանցագործությունը կոծկելու նպատակով, երեխայի մայրը հղիության և ծննդաբերության ժամանակ այլ անուն֊ազգանունով էր ներկայացել։ Այս տարվա փետրվարի 6-ին՝ նորածնի վաճառքից հետո, հանցավոր սխեմայի մասնակից բոլոր յոթ քաղաքացիները ձերբակալվել են, իսկ նորածինը գտնվում է Թրաֆիքինգի զոհերի աջակցության կենտրոնի ժամանակավոր հսկողության տակ», – հայտնում է գերատեսչությունը։
Իրականացվում է քննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երրորդ կետով, որը նախատեսում է 14-17 տարվա ազատազրկում։