Փետրվարի 12-ը նշվում է որպես ամուսնական գործակալությունների միջազգային օր, ինչի կապակցությամբ 11-րդ տարին գործող «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը պատմեց, որ դիմում են «կայացած մարդիկ», որոնք, «կարյերայի հետևից ընկնելով», պարզապես մոռացել են իրենց անձնական կյանքի մասին։
«Երջանկության գաղտնիքն», ըստ նրա, այդ բացը լրացնելու լավ հնարավորություն է։ Իսկ շեշտը դրվում է «հասուն մարդկանց» վրա։
Բաղիշյանի խոսքով՝ հայաստանյան իրականության մեջ միջնորդ միշտ էր եղել։ Այժմ միջնորդի դերում չամուսնացած, մեծամասամբ՝ 24-25 տարեկանից բարձր աղջիկներ ունեցող մայրիկներն են․ «Գալիս են մամաների, պապաների, տատիկների հետ»։ Տղամարդկանց դեպքում գրանցվելու համար տարիքային շեմը 28-ն է։ Ընդհանուր առմամբ, դիմողների մեծ մասը 30-ից 50 տարեկան անձիք են։
Պատահում է նաև, որ հայաստանյան մայրերն, ում Բաղիշյանն «ամենալավ մամաներ» անվանեց, լացելով են դիմում․ «Չգիտեմ՝ ինչ անել, չեմ կարողանում տղայիս ամուսնացնել, ինքն ամբողջ օրն աշխատում է․․․ Ես տղայիս ճաշակը մոտավորապես գիտեմ»։ Դրա հետ մեկտեղ նշվեց, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե որդիներին զոռով են ամուսնացնում, սակայն, հավաստիացրեց բանախոսը, դա այդպես չէ։ Լինում են նաև դեպքեր, երբ երեխաներին «տևղավորած» ամուրիների համար զուգընկեր են փնտրում արդեն իրենք՝ երեխաները։
Կանոններից մեկն է՝ առանց կնոջ համաձայնության, վերջինիս մասին որևէ տեղեկատվություն կամ լուսանկար չի տրամադրվում։
«Դիմողների մեծ մասը կանայք են։ Թվով ավելի շատ են առհասարակ», ֊ հավելեց Բաղիշյանը։ Ասուլիսի մյուս մասնակից, հոգեբան Սեդրակ Սեդրակյանը դա բացատրեց դեպի ընտանիք կողմնորոշմամբ։
Գործակալության օգնությամբ ընտանիք կազմած զույգերի թիվը մոտ 750 է, ամուսնալուծվելու դեպք էր գրանցվել մի քանի տարի առաջ։ Սակայն այս հարցն էլ արագ լուծվեց։ «Մենք նրանց նորից ամուսնացրեցինք․․․ չէ, միմյանց հետ չէ», – ծիծաղեց Իլոնա Բաղիշյանը։
Պայմանագիրը մեկ տարով է կնքվում, իսկ թե որքան երկար պետք է սպասել, կախված է «աղջկա արտաքին տեսքից»․ «Համացանցերի խնդիրը հենց դրանում է՝ ֆոտոն չի համապատասխանում արտաքին տեսքին»։
Վճարի մասին տնօրենը հայտնել չցանկացավ՝ նշելով, որ ծառայությունները մատչելի են։ «Նախապես պետք է զանգահարեն մեր գրասենյակ, ժամ պայմանավորվեն, որովհետև մենք կոնֆիդենցիալ ենք աշխատում, որպեսզի այդ օրը հենց տվյալ մարդուն ժամանակ տրամադրենք»։
Իսկ եթե անձն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում ներկայանալ գրասենյակ, կարող է գրանցվել կայքում․ «Այստեղ չկա որևէ ինֆորմացիա մեր հաճախորդների մասին, կա գրանցման տեղ, այդ գրանցումը ադմինիստրացիայից բացի, ոչ-ոք չի կարող տեսնել։ Սա ծանոթության կայք չէ»։
Հարցին՝ սոցցանցերի և տարատեսակ հավելվածների առկայության պարագայում ի՞նչն է մարդկանց ստիպում ամուսնական գործակալություն դիմել, Բաղիշյանը պատասխանեց․ «Մեր գործունեությունը տարբերվում է»։ Մասնավորապես, նրանով, որ իրենց կողմից հավաքագրված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանն, «ի տարբերություն համացանցի»։
«Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբան Սեդրակ Սեդրակյանի կարծիքով՝ մայրերի ակտիվ մասնակցությունն այս գործին «լավ օրից չէ»։ Նա խնդրականացնում է մոր կողմից երեխայի հանդեպ գերխնամքը, որի պատճառով 30-40 տարեկան հասակում անձը «դեռ չի կայացել»․
«Միշտ կա հոգեբանական գոտի հասկացողությունը։ Մայրը շատ ապահով է լինում, երբ երեխան իր զոնայի մեջ է, տեսնում է երեխային, ինչով է երեխան զբաղվում․․․ Կախվածության համար առաջին պատասխանատուն մայրն է։ Արտասահմանում այդպես չէ․ ինչքան երեխան մեծանում է, այդքան զոնայից հեռանում է, թողնում են ինքնուրույն լինի»։
Սեդրակյանը, վկայակոչելով վերջին մեկուկես տարիների ընթացքում գրանցված վիճակագրությունն, ասաց՝ պակասել է ամուսնալուծությունների քանակը։ Ու քանի որ բաժանման հիմնական պատճառն, այնուամենայնիվ, սոցիալական բնույթ է կրում, նշված ժամանակահատվածում դա բացատրվում է պետության՝ սոցիալական ծրագրերի հարցում հետևողականության հետ․ «Իրադրության փոփոխվելու հետ միասին, ուսանողների հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի շատ ամուսնանալու հակվածություն կա։ Եվ սոցիալական սպասումների իրականացումը, կարծես թե, ռեալ է դառնում»։