Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն:
Ըստ Քննչական կոմիտեի, 2019թ․ մարտի 7-ին՝ ժամը 15։15-ին, «Սիսիանի ԲԿ» ընկերությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14։25-ին, «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1986 թվականին։ Նախաքննությամբ պարզվել է, որ կինը վնասվածքներն ստացել է նախկին ամուսնու (ծնված 1971թ․) հետ վիճաբանության ժամանակ:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. մարտի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքում գործող ՍՊ ընկերության աշխատասենյակում 47-ամյա տղամարդը ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցումի, գլխի շրջանի բազմաթիվ կտրած, պատռած, ստորին ծնոտի կտրած, աջ դաստակի 5-րդ մատի պատռած վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. մարտի 10-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 3-7 տարի ազատազրկում): Տղամարդը կալանավորվել է։