Օրենքների մեծ մասնագետ Մխիթար Գոշը հարց է տալիս՝ ինչո՞ւ հայերը օրենքներ չունեն: Եվ բացատրում է այսպես՝ մարդկային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքների, այլ սովորությունների միջոցով: Եվ պետք է հասկանանք, որ օրենքը քնած է, եթե չի եղել ինչ–որ արտակարգ իրադարձություն: Եվ, ըստ էության, մեր ընտանեկան հարաբերություններն էլ կարգավորվում են սովորություններով: Այսինքն՝ հասարակական բարքերը շատ ավելի կարևոր են, քան թե օրենքները: Այս մասին Նյութ կայքին (այլևս չկա) տված հարցազրույցում, մեկնաբանելով ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը, խոսում է մշակութաբան Վարդան Ջալոյանը:
– Օրինակ, հիշենք Թումանյանին՝ /…ժիր էր Մարոն դուրեկան/, /Հազիվ ինը տարեկան/: Եթե Թումանյանին այդպես վրդովեցրել են հայկական ընտանեկան սովորությունները և բռնություններն ընտանիքում, ապա այսօր ևս այն մեզ պետք է հուզի:
Եվ հավատացնում եմ ձեզ՝ մեր բարքերը կարող են փոխվել ոչ թե օրենքի, այլ կրթության, մշակույթի միջոցով:
– Իսկ ներկա ժամանակներում ինչ–որ բան փոխվե՞լ է մեր ընտանիքներում:
– Սարսափելի շատ բան է փոխվել: Եվ այդ առումով մեծ ազդեցություն է թողնում միգրացիան: Նաև փողից կախվածությունն է շատ մեծացել. երեխային պետք է դպրոց ուղարկես կամ ուղարկես համալսարան: Եվ դա մեծացնում է բռնության աստիճանը: Հարկավոր է ինչ–որ բան մտածել, որ ընտանեկան այդ դեգրադացիան տեղի չունենա, որը լինում է հիմնականում ֆինանսական կախվածության պատճառով:
Իսկ մենք մի ժողովուրդ ենք, որ վերջին 100–150 տարվա ընթացքում, որպես ժամանակակից ազգ, համարյա զրոյից է սկսել կառուցել իր բարոյականությունը: Եվ օրենքները չէ, որ մեզ ստեղծել են որպես ազգ, կամ բարոյական հավաքականություն:
– Ինչո՞ւ զրոյից: Իսկ մեր դարերով եկած սկզբունքնե՞րը:
– Մխիթար Գոշի Դատաստանագրքում այսպիսի մի կետ կա՝ աղջիկներին կարելի է ստրկության վաճառել, իսկ տղաներին չի կարելի: Նաև ասում է, որ հայ մարդն իրավունք ունի երկրորդ կին ունենալ, եթե առաջին կինը չբեր է կամ աղջիկ է երեխան: Այսինքն՝ չնայած որևէ քրիստոնեական եկեղեցու կողմից նման բան ընդունված չէ, բայց մեր եկեղեցին փաստորեն ընդունել է բազմակնությունը:
Եվ երբ ես ասում եմ զրոյից կամ՝ համարյա զրոյից, նկատի ունեմ նաև, որ շատ–շատ բան է փոխվել վերջին հարյուր հիսուն տարվա մեջ: Մեզ չճանաչելու չափ բան է փոխվել:
Օրինակներ բերեմ. մեր ազգագրագետները գրում են, որ ընտանիքի նահապետը, որը փաստացի դիկտատոր էր, և որին անվերապահ պետք է ենթարկվեին, երբ դառնում էր անաշխատունակ, նրան դնում էին պարկի մեջ և տանում–թողնում անտառում: Նույնիսկ ախալքալաքցիներն այսպիսի մի պատմություն ունեն. տղան հորը տանում ու թողնում է անտառում, հայրն ասում է.
– Որդի՛, արի պարկը տար:
– Չէ՛, ոչինչ, – պատասխանում է տղան,–տանը շատ պարկ կա:
Ու հայրն ավելացնում է.
– Այս պարկով ես իմ հորն եմ բերել:
Սա գրված է հենց Երվանդ Լալայանի մոտ:
Եվ այս մոտեցումը ոչ միայն Ախալքալաքում է տարածված եղել: Պարզապես այլ տարածաշրջաններում մեթոդն ավելի մեղմ է եղել. ասենք՝ նահապետը մտել է մի անկյուն, և նրան այլևս չեն խնամել:
Այսինքն՝ ընտանեկան ներկա հարաբերությունները, որ արդեն առկա են մեզ մոտ, նոր ժամանակների գաղափարախոսության, կրթության ու մշակույթի արդյունք են: Եվ բռնության դեմ պայքարը մենք պետք է մշտապես շարունակենք:
– Լավ, իսկ այս պարագայում օրենք անհրաժե՞շտ է:
– Ես օրենքն այդքան կարևոր չեմ համարում, որքան հասարակական քննարկումները: Հասարակական արժեքներն են կարևոր: Իսկ հիմա, ցավոք սրտի, հասարակական արժեքները պտտվում են փողի շուրջ: Ուստի կասկածում եմ, որ կարող է լինել անշահախնդիր մոտեցում, որը շատ կարևոր է ընտանիքում բարոյականության զարգացման համար: Ես այդ հեռանկարը չեմ տեսնում: Եվ դա է վտանգավորը:
– Մենք ֆետիշացրել ենք, սուրբ ենք դարձրել ավանդական մեր հայ ընտանիքը: Ճի՞շտ ենք մեր մոտեցման մեջ:
– Մեր՝ հարյուրամյակներից եկած ավանդական ընտանիքը իրականում գոյություն չունի. ընտանեկան այդ արժեքները ձևավորվել են մոտավորապես մի 50 տարի առաջ: Այսինքն՝ ավելի վեհ կանոնները, այն է՝ հարգանքը մեծերի, հոգատարությունը՝ երեխաների նկատմամբ, հենց այդքան տարվա պատմություն ունեն:
Մի հարյուր տարի առաջ գոյություն չուներ այնպիսի հասկացություն, օրինակ, որ պետք է հոգատար լինել երեխայի նկատմամբ: Բացեք այն տարիների թերթերն ու ամսագրերը. կտեսնեք, որ սովետական իշխանությունները պայքարում էին, որպեսզի ծնողները երեխաներին չխեղեն:
Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ անվանում ենք ազգային սովորություններ, դրանք կրթության և մշակույթի հետևանքով են ծնվել: Այսինքն՝ բիոլոգիական չեն, ինչպես մեզ թվում է: Մեզ թվում է սովորական, համարյա բնազդային մի բան է, ասենք, որ մենք երեխաներին չենք սպանում: Բայց այդպես չէ. հարյուր տարի առաջ սպանում էին երեխաներին: Կարդացեք Ստեփան Զորյանի պատմվածքները, երբ մեծ դառնությամբ խոսում է երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին:
Այսինքն՝ այս տասնամյակների ընթացքում մենք սովորել ենք, կրթվել ենք. դարձել ենք ավելի լավը ու ավելի բարի: Բայց, ցավն այն է, որ այսօր մենք չենք ուզում այլևս սովորել, չենք ուզում բարելավել մեր մարդկային բնությունը: Եվ օրենքի քննարկումն է դա ցույց տալիս: Օրենքը ոչ մի բանով չի ավելացնում, ոչ էլ պակասեցնում է մեր սովորությունները, պարզապես ցույց է տալիս, որ մենք ավելի բարբարոս ենք դարձել, քան էինք մի երեսուն տարի առաջ:
Չենք ցանկանում փաստորեն ավելի հոգատար լինել ընտանիքի նկատմամբ: Ասում ենք՝ կինը ենթարկվում է, երեխան ենթարկվում է, և դա բավական է: Բայց չենք ցանկանում այնպես անել, որ ենթարկվելը կամավոր լինի: Ասում ենք՝ ոչ. երեխա է, պետք է ենթարկվի: Իսկ դա ազգագրագետների մոտ կոչվում է ընտանեկան ճորտություն:
– Բնականաբար, ճորտն էլ մեծանալով՝ ճորտացնում է մեկ ուրիշին:
– Անպայմա՛ն: Որովհետև նաև համակարգն է ճորտատիրական. կամ ճորտ ես, կամ՝ ճորտատեր: