Home / ԼԳԲՏ+ / Երեխեք, եկեք կոնվերսիայից չշեղվենք

Երեխեք, եկեք կոնվերսիայից չշեղվենք

ԿՈՆՎԵՐՍԻԱ, գոյական 1․ Փոխակերպում: Ղևոնդ աղայի սրտովը չէր այս փոխակերպումը և առհասարակ ամեն մի չնչին փոփոխություն նույնիսկ (Մամուլ)։ 2․ Կերպարանափոխություն: Կերպարանքի փոփոխութիւն, որ յառաջ կու գայ կարգ մը կենդանիներու կազմաւորման ընթացքին (ֆրանս․ métamorphose): 3․ Վերածում։ Հեղափոխության ուղղությամբ առաջին քայլը հանդիսանում է պրոլետարիատի վերածումը տիրապետող դասակարգի (Մամուլ)։ 4. Դարձ: Արշալույսը լաց էր լինում և վշտացած խոսում այն մասին, որ կարելի էր նախարարին դարձի բերել (Դ․Դեմիրճյան)։ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, գոյական Տղամարդու և կնոջ ընտանեկան կապ, ամուսնանալը, կին բերելը, մարդու գնալը։ Նա դեռ հեռու էր կարծում իր ամուսնության օրը (Դ․ Դեմիրճյան)։ ՀԱՐԿԱԴԻՐ, ածական Պարտավորիչ, պարտադիր։ Դրա համար նա դատապարտվեց մի տարի պայմանական հարկադիր աշխատանքի (Ս․ Խանզադյան)։

5

Լ․, Զ․, Ա․
30-ից 35 տարեկան

— Ցանկացած ամուսնություն նորմատիվություններ ա ստեղծում։ Ամուսնության իդեան համընդհանուր ֆոն ա։ Ամեն մեկի կյանքում պետք ա լինի հատուկ մեկը, և քո էներգիան պետք ա գնա նրա վրա, որ դու դարձնես մեկին հատուկ, անընդհատ վերարտադրես էտ հարաբերությունը։ Ո՞նց ա ստացվում, որ ամուսնանալուց հետո ընկերներ չկան։

3-01

Ս․
մոտ 40 տարեկան

— Փոքրուց գիտեի, որ ես տղաների եմ հավանում։ Չէի հասկանում, թե էտ ինչ ա, բայց գիտեի էի, որ սխալ բան ա։ 22-23 տարեկանում սկսեցի մտածել, որ պետք ա ամուսնանալ։ Նախ՝ երբ շփոթմունքի մեջ ես, մեծ տեղ ես տալիս բարեկամներիդ ասածներին։ 23 տարեկան ես՝ ժամանակն ա ամուսնանալ, 24 տարեկան ես՝ ժամանակն ա ամուսնանալ, 25 տարեկան ես՝ արդեն լրիվ ժամանակն ա ամուսնանալ։ Հանդիպեցի կնոջս, ամուսնացա, սկզբում աղջիկ ունեցանք, հետո՝ տղա, բայց 29-ում ինձ լրիվ տարավ։ Իմ ճակատագիրն էլ էտ էր։ Ոնց որ գնալով ավելի շատ էի գեյ դառնում։ Մտքերս լրիվ էտ կողմ թեքվեցին։ Բայց արդեն կին ունե՜ի, երեխանե՜ր։ Էլ ո՞ւր։

Տղամարդու հետ իմ առաջին փորձը հենց 29 տարեկանում ա եղել։ Անընդհատ մեղքի զգացողություն կար, որ սխալ եմ վարվում կնոջս հետ։ Ես իրոք սիրում էի կնոջս, ինքն էլ ինձ էր սիրում, բայց չգիտեր՝ ում ա սիրում, ում հետ ա անկողին կիսում, ում ա սպասում աշխատանքից։ Մտածեցի՝ կպատմեմ, ինքը կհասկանա։ Բայց ինքը պարտավոր չէր հասկանալ ու չհասկացավ։ Ինձ շանտաժ էր անում, որ կասի ծնողներին, թույլ չի տա տեսնել երեխաներին և այլն։ Ասեց՝ կա՛մ ես, կա՛մ տղաները։ Իրոք պատմեց ծնողներին։ Մերոնց էլ պատմեց, բայց մամաս տենց էլ չհասկացավ՝ ինչ նկատի ունի։ Բարեհաջող բաժանվեցինք։

Հիմա ինքը ուրիշ ամուսին ունի, երեխաների հետ ամեն ինչ լավ ա։ Նախկին կնոջս ու նրա նոր ամուսնու հետ ընկերություն ենք անում։ Երեխանրին ամեն ամառ տանում եմ ինձ մոտ։ Մի քիչ վախենում եմ, որ կիմանան։ Բայց նույն սխալը երկրորդ անգամ չեմ անելու։ Չեմ ուզում ինքս պատմել, եթե իրանք հարցնեն՝ կասեմ։

Թաքնվելով ապրելը շատ դժվար ա։ Ակրոբատի կյանք ենք ապրում։ Պետք ա զգույշ լինես, երկու հեռախոս պահես։ Խաբելու պրոցեսը դժվար աշխատանք ա։ Շա՜տ-շատ մարդիկ կան, որ տենց են ապրում։ Բայց որ չես ասում, մի տեսակ ստացվում ա, որ կինը նրա համար ա, որ երեխա բերի ու նստի տանը, իսկ դու էտ ընթացքում հարաբերություններ ունենաս ինչ-որ տղամարդկանց հետ։ Որն ա ճիշտը՝ չգիտեմ։ Երևի ամենալավը հենց սկզբից էտ հարաբերության մեջ չմտնելն ա։

Մեզ մոտ համարվում ա, որ սա՜ղ պետք ա ամուսնանան։ Թող ամուսնանան և սատկեն էտ ամուսնության մեջ։ Եթե ես էն ժամանակ մտածեի նենց, ոնց որ հիմա եմ մտածում, չէի ամուսնանա։ Մեկին կգտնեի, կսիրահարվեի, կգնայինք ուրիշ երկիր։ Մյուս կողմից՝ հիմա, երբ որ արդեն երեխաներ ունեմ․․․ Գիտե՞ս, դա շատ մեծ գայթակղություն ա։

Ս․
մոտ 30 տարեկան

— ․․․Ինքը մի հատ ընկեր ունի, որը թեմայի մեջ ա, բայց ամուսնացած ա։ Էտ ընկերն էլ ընկեր ունի, որը էլի թեմայի մեջ ա ու ամուսնացած ա։ Արդեն 5 տարի իրար հետ են։ Ընտանիքներով ընկերություն են անում։ Միասին գնում են հանգստանալու՝ Կոբուլեթի և այլն։ Ենթադրում եմ, որ կանայք չգիտեն։ Ամուսնացած տղերքից շատերը փնտրում են ամուսնացած տղերքի։

Գ․
մոտ 50 տարեկան

— Մեր դասարանի տղաներից մեկը մի քիչ ուրիշ ձևի էր։ Իրան սաղ «տիկին» էին ասում։ Հետը կարմիր շրթներկ էր ման տալիս, պատկերացնո՞ւմ ես։ Դա դեռ Սովետի ժամանակ։ Մի անգամ պատմում էր, որ հորքուրի աղջկա երկար սապոժկաներն ա հագել։ Ինքը հավատացյալ ընտանիքից էր, 4 ախպեր ուներ, մեջներից ամենասիրունն էր՝ նուրբ դիմագծերո՜վ, բոյո՜վ։ Երկրաշարժից հետո տեղափոխվեցին Եվրոպա։ Երեխեքը ասում էին՝ երևի իրա գեյական ճանապարհով ա գնացել։ Մի քանի տարուց հետ եկավ Հայաստան աղջիկ ուզելու։ Տեսնո՞ւմ ես՝ ոնց ա լինում։ Բոլորը մտածում էին՝ ինքը տղաների ա սիրում, բայց պարզվեց՝ մեծացել փոխվել ա։
— Ո՞նց պարզվեց։
— Ամուսնացավ։

Մ․
մոտ 35 տարեկան

— Ես չեմ մտածել, որ ինձ հետ ինչ-որ արտառոց բան ա եղել։ Ստիպելու տարբեր ձևեր կան։ Մեկին ամուսնացնում են, որ տանը չմնան։ Հետո շատերը չեն բաժանվում սոցիալական, տնտեսական կամ կենցաղային տարբեր պատճառներով։ Ես ինձ էս մարդկանցից չեմ անջատում։ 

Ես մի 28 տարեկան էի, երբ որ մերոնք սկսեցին ինչ-որ բաներ կասկածել։ Մամաս հարցնում էր՝ ընկեր չունե՞ս։ Ասում էի՝ չունեմ, ու ինձ թվում էր, որ, ըհը, բռնվեցի։ Ամենափոքր տարիքից իմացել եմ, որ ինձ աղջիկներ են դուր գալիս, ու միշտ մի տեսակ ավտոմատ իմացել եմ գիտեի, որ դա պետք ա թաքցվի։ Ամուսնուս հետ ծանոթացա, որ տնեցիքին ասեմ՝ տեսե՛ք, ընկեր ունեմ։ Գնալով ամեն ինչ խճճվեց։ Առաջ մերոնցից էի թաքցնում, հիմա իրանից էլ պետք ա թաքցնեմ։ Մաման մի անգամ հարցրեց՝ դու սիրո՞ւմ ես իրան։ Ասեցի՝ չգիտեմ։ Տուտ ժե որոշեցին, որ մենք պիտի ամուսնանանք։

Մաման ինձ ուղիղ ոչ մի բան չի ասել։ Ասում էր՝ կամուսնանաք կանցնի։ Մի կողմից, չէր ուզում, որ բարեկամներն իրան ինչ-որ բաներ ասեն, մյուս կողմից՝ հավատում էր, որ կամուսնանանք իրոք կանցնի։ Համ էլ ես ինձ համոզել էի, որ սերը կարևոր չի, երեխա կունենամ, կկենտրոնանամ աշխատանքի վրա։ Բայց սեքսը դժվար բան ա։ Ինձ թվում էր, որ եթե ցույց տամ, որ սեքս չեմ ուզում, ամեն ինչ կհասկանան։ Մի խոսքով՝ ամուսնացանք։ Ես ինձ չեմ մեղադրում, որ թաքցրել եմ։ Ընտանիքների մեծ մասը գոնե մի կարևոր բան թաքցնում են։ Դեռ մինչև ամուսնանալն էի նկատել՝ ընկերուհիներս, որոնց ամուսինները իրանց չեն սիրում, ամենահաճախն են սոցցանցերում ընտանեկան երջանկություն ցուցադրում։ Իսկ մենք գոնե բաժանվեցինք։ Չամուսնանալն ավելի բարդ էր, քան բաժանվելը։ Ամեն դեպքում, ես փորձել եմ իրանց ուզածով անել։

1-01

Յ․․ Ա․, Զ․
30-ից 40 տարեկան

— Ինչի՞ են մարդկանց ամուսնացնում։
— Համարվում ա, որ մարդը ծույլ ա և անպատասխանատու։ Եթե քեզ նայող չլինի՝ կսկսես խմել ու ման գալ։ Քեզ նայող ա պետք։ Ու մոտիվացիա։ Ինչի՞ համար շատ աշխատել, եթե կարելի ա քիչ աշխատել։ Ամուսնանալուց հետո երեխա կունենաս, առավոտ կհելնես, կգնաս գործի։ Պետք ա չդադարել փող աշխատել։
— Իսկ տենց բան չկա՞, որ, ասենք, պզուկ հելնի մեջքիդ, ուզենաս, որ մեկը լինի, տեսնի, ասի՝ մեջքիդ պզուկ ա հելել։ Բեխաբար ման չգաս։
— Մեջքիդ նայող ա պե՞տք։
— Սենց բան էլ կա։ Զինվորը որ ազատ ա մնում, ՉէՊէ-ի հավանականությունը մեծանում ա։ Այ եթե զինվորը ազատ ժամանակ չունենա, եթե զինվորին չլես, շատ հավանական ա, որ հարաբերությունների կանոնադրությունը չի խախտվի։ Որ ժամանակ չունենաս, չես գայթակղվի։
— Ընտանիքից լավ զբաղմունք չկա, երեխեք։ Ամբողջ դրույք աշխատանք։
— Հետո՝ մաման ուզում ա, որ բալեն իրա երկրորդ կեսին գտնի։ Ապագա պապիկը ապագա թոռնիկ ա ուզում։ Բայց մենակ դա չի։ Կարիերայի հարց էլ կա։ Շատ կարևոր ա, որ դու սաղ բաներին մասնակցես՝ քավոր լինես, սանիկ լինես, քեզ հարսնիքի կանչեն, որպես ազաբ չգնաս հարսնիքի, կանչես ծնունդի, գնաս ծնունդի ու սենց մինչև ատամհատիկ։ Ոսկու շուկան ի՞նչ ա, օրինակ։ Խի՞ ինքը ընդհանրապես կա։ Մարդիկ կան, որ եթե գնում են նախարարի ծնունդին՝ էսքան ոստկի են նվիրում, եթե գնում են փոխնախարարի ծնունդին՝ էսքան ոսկի։ Վսյո՛։ Էլ ոչ մի քար չկա՛, նախշ չկա՛։ Պրոգրես ա։ Արդեն մաքուր ոսկի։
— Քանի գրամ ոսկի՞։
— Չգիտեմ։
— Կարևոր ա, որ ամեն մեկը մտնի էտ համակարգի մեջ։ Ես չեմ ասում, որ դու կարող ես համակարգից դուրս լինել։ Բայց կարևոր ա, որ խորը մտնես։ Ընտանիքը հենք ա։
— Յաչեյկա օբշեստվա։
— Հա։ Պոլիկլինիկաներ, դպրոցներ, բիզնես, բանկեր, պետական ծառայություն։ Շղթայի մե՛ջ։
— Հո քո ուզելո՞վ չի։
— Ուզելը էգոիզմ ա։
— Հիմնականում հեչ կարևոր չի՝ մարդն ինչ ցանկություն ունի։ Դու պետք ա ամպուտացնես քեզ։
— Կարևոր ա լինել տնտեսապես ճիշտ միավոր։
— Մի անգամ չեղավ ինձ ոսկի նվիրեք։
— Ներկայանալու հարց էլ կա։ Մարդ կա՝ իսկականից իրան վատ ա զգում, որ ինչ-որ տեղ գնալուց առանց զույգի ա գնում։ Նեպալնացենըսծ, անլրջություն, լիքը ամուսնացած կոլեգաներ, էլ չասեմ՝ ամուսնացած ընկերներ։
— Մարդ գոնե պետք ա ավտո ունենա, չէ՞։
— Դիսցիպլինայի հարց ա։
— Լուսոն ասում ա, որ շահագործման հարց ա։ Տենց էլ կա։
— Երեխեք, եկեք կոնվերսիայից չշեղվենք։

2-01

Ժ․
մոտ 30  տարեկան

— Մամաս ու պապաս ուշ տարիքում են ամուսնացել։ Տատս դռնեդուռ էր ընկել, որ հարս գտնի հորս համար։ Էն վախտ տենց բան կար, որ եթե տղամարդը երկար չի ամուսնանում, սկսում են կասկածել։ Մամայիս էին խորհուրդ տվել։ Գնացել են, խոսացել են, ամուսնացրել են։ Ես երկու տարեկան էի, երբ որ պապաս գնաց Մոսկվա։ Նոր տարուն գալիս էր, փող էր ուղարկում ամեն ամիս։ Տղամարդիկ էն ժամանակ գնում էին խոպան ու հետ չէին գալիս։ Մամաս մտածում էր, որ նա Ռուսաստանում ուրիշ ընտանիք ունի։ Սովորական հայ տղամարդ ա, արտաքնապես ինքը աչքի չի ընկնում։ Որ փոքր էի, անընդհատ իրանք կռվում էին։

Ես պատահական եմ իմացել, որ պապան ուրիշ տղամարդու հետ ա։ Իմ կոմպով մտել էր ֆեյսբուք ու մոռացել էր լոգաութ լինել։ Մտա՝ նամակները տեսա, մի քիչ կարդացի։ Մանթո վիճակ։ Որոշեցի, որ իրան բան չեմ ասի։ Եթե ուզում ա, որ ոչ մեկ չիմանա, թող մտածի, որ ոչ ոք չգիտի։ Ինձ թվում ա, ինքը սենց ավելի երջանիկ ա։ Վաղուց միասին են ապրում։ Երբ որ գնացել էի Մոսկվա, ծանոթացա էտ տղամարդու հետ։ Պապաս ասեց՝ ընկերս ա, իրար հետ տուն ենք վարձում, որ էժան լինի։

Մամաս, եթե ուզենար, կբաժանվեր վաղուց։ Չգիտեմ, ինչի չի բաժանվում։ Իրան չեմ հարցրել վաղուց։ Չեմ կարծում, թե մամաս պապայիս սիրել ա։ Ամուսնացել ա, որ երեխա ունենա։ Ոչ ոք սրանից չի տուժել, մի խոսքով։

Գ․
մոտ 50 տարեկան

— Ինքը էնքան լավ մարդ ա։ Իրա մասին վատ բաներ չգրես։ Հաճախորդները իրան շատ են սիրում։ Քաղաքում միշտ էլ խոսացել են, Սովետի վախտ էլ էին բամբասում, առաջ տենց էր։ Սաղին ամուսնացնում էին։ Լավ մասնագետ ա, փողը աշխատել ա՝ տարել ա տուն։ 2000-ականներին Մոսկվա գնաց։ Կինը բայեվոյ մարդ էր։ Ասում էին՝ իրանց մոտ թարս ա ստացվել։ Օր ծերության տղեն հարս բերեց տուն, հարսը նենց արեց, որ էտ մարդուն տնից հանեն։ Տղեն իրանից, իբր թե, հրաժարվել ա։ Վերջերս տեսա, ինքը շատ նեղված էր։ Էսքան տարի ընտանիքը պահելուց, տուն-տեղ դնելուց հետո էտ մարդը դրսում ա հայտնվել։ Մինչև էս չգիտեի՞ն, որ պապան գեյ ա։

Ֆ․
մոտ 30 տարեկան

― Ինքն ինձնից տարիքով մեծ ամուսնացած կին էր, երեք երեխա ուներ։ Իրար հետ էինք աշխատում։ Սիրահարված էինք։ Ասեց՝ ամուսնուս պետք ա պատմեմ, ինձ տենց ավելի հանգիստ կզգամ։ Գնաց պատմեց։ Ասեց, որ ամուսինը հասկացել ա իրան։ Ես հենց ամենասկզբից էլ գիտեի՝ ինչի մեջ եմ մտնում։ Գիտե՞ս ոնց էր։ Մենակ իրար մասին էինք մտածում, ինքը էտ ընթացքում հեռվացել էր ընտանիքից, ամեն ազատ պահը փորձում էինք իրար հետ անցկացնել։ Ինձ հավատացնում էր, որ ես վախենալու ոչ մի բան չունեմ՝ ցանկացած պարագայում մենք իրար հետ ենք, երբեք ինձ չի թողնի, մենք կհաղթահարենք ամեն բան։ Հետո եկավ, ասեց՝ պետք ա խոսանք։ Պարզվեց, որ ամուսինն ուզում է, որ մենք իրար հետ էլ ոչ մի կապ չունենանք։ Ասեց՝ կներես։ Մի ամիս հետո ամբողջ ընտանիքով արտագաղթեցին։

Զ․
30 տարեկան

— Բարեկամները իրար մեջ խոսում էին, որ մաման փոքր ժամանակ իրան թողել ա տիկնիկների հետ խաղալ, դրա համար տենց ա եղել։ Նուրբ, բարակ ձայնով տղա էր։ Աղջիկների հետ էր ընկերություն անում։ Մերոնք ասում էին՝ տարօրինակ ա, ինչ կասեն, ինչ կմտածեն։ Հետո բարեկամությունը ժողով արեցին, որ հարմար աղջիկ գտնեն։ Գյուղից բերեցին։ Հիմա ապրում են ծնողների հետ։ Ինքը ամբողջ օրը գործի ա լինում։ Կինը չի աշխատում։ Սկեսուրի հետ շատ են ընկերացել։ Ունեն երկու աղջիկ երեխա։ Մեր բարեկամեների կարծիքով, իրանք լավ ընտանիք են։ Ոչ մի հարսանիք, ոչ մի կնունք բաց չեն թողնում։ *-ի մասին ոչ մեկ էլ չի բամբասում։ Թաղումների ժամանակ ինքը կանգնում ա տղամարդկանց խմբում։ Սկսել ա նույնիսկ ծխել։ 

6-0 (1)

Լ․, Զ․, Ա․
30-ից 35 տարեկան

— Օքեյ, կոնվերսիա ա, բայց ինչի՞ց դեպի ի՞նչ։
— Անվերահսկելիից դեպի վերահսկելի։ Որովհետև նորմատիվը վերահսկելի ա։
— Խոսել ընդհանուր խնդիրների մասին նշանակո՞ւմ ա անտեսել մասնավոր խմբերին։
— Կա ընդհանուր պրոցես, որը կյանքի սպոնտանությունը, ուղղակիությունը վերափոխում ա նորմատիվության։ Կոնվերսիան ընդհանուր ա։ Մարդու իրավունքների կազմակերպություններն էլ են զբաղված կոնվերսիայով։ Ձևավորվում են նոր նորմատիվություններ։
— Դու պետք ա կոնկերտ ձևի հետերոսեքսուալ լինես, կոնկրետ ձևի հոմոսեքսուալ։
— Վերջերս մի ինտերվյու էի նայում, երկու տրանս-կանայք խոսում էին հասարակական ընկալման մասին։ Մեկը ասում ա՝ «մեզնից ա գալիս, մե՛նք պետք ա մեզ ճիշտ պահենք»։ Երկուսով ժպտում են այդ պահին։ Բա սա կոնվերսիա չի՞՝ տրանս-մարդը պետք ա իրան «ճիշտ» պահի․․․
— Հիշո՞ւմ ես Փինքի նկարած սոցիալական գովազդը, որ փայլուն կոստյումներով երկու տղաներ, որոնք սիրելու են իրար մինչև ծերություն, թանկ ավտոյով գնում են շատ լավ կահավորված բնակարան՝ շքեղ ընթրիք անելու, համբուրվելու և տառապելու, որ զագսով ամուսնանալ չեն կարող։

Զառա Հարությունյան
Անի Թադևոսյան

պատկերները՝ լուսինե թալալյան

տե՛ս նաև՝  Ծեծ, աղոթք, ուղղիչ բռնաբարություն, թուղթուգիր, մեղքի զգացողություն, Էրեբունու բորդել և այլն