Home / Կանանց իրավունքներ / Ավանդական ադրբեջանական ընտանիքը

Ավանդական ադրբեջանական ընտանիքը

Անցյալ տարի ես մի ֆորումի էի մասնակցում, որտեղ ադրբեջանցի քաղաքական գործիչը ներկայացնում էր քաղաքական իրադրությունը իր երկրում: Նա ելույթը սկսեց՝ ասելով, որ ադրբեջանական պետության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ դա յուրատիպ փիլիսոփայությամբ մի երկիր է, որտեղ ընտանիքի ինստիտուտը գերակայում է պետությանը: Նա մանրամասնեց, որ եթե ադրբեջանցին ուզում է սովորել, ապա դա ընտանիքի հոգսն ու պարտքն է, ոչ կրթարանի, եթե փող չունի, տնեցիներին է դիմում, ոչ թե բանկ, եթե հիվանդ է, նրան բուժում է տատը և ոչ բժիշկը: Մինչ դահլիճը անզուսպ քմծիծաղում էր սրա վրա, ես ինձ համար բացահայտեցի, որ ավանդական ադրբեջանական ընտանիքը շատ նման է հայկականին: Ավանդական ընտանիքը վերջին հանգրվանն է, որ հանրային ունեցվածքը յուրացրած, պետության սոցիալական իմաստը բնաջնջած իշխանությունները, թողնում են մարդուն: Նախնադարում մարդիկ ապրում էին ավելի մեծ արյունակցական խմբերով, քանի որ դրանով լուծում էին կեցության, սննդի, պաշտպանության հարցեր, հայկական ավանդական ընտանիքը այսօր գրեթե նույն սոցիալական գործառույթներն ունի: Պետական համակարգը բռնազավթած ուժերը ոտնատակ են տվել մարդկանց կրթության իրավունքը, աշխատանքի իրավունքը: Հայկական ընտանիքը տրոհվելու ուժ չունի, երեխաներն այնտեղ երբեք չեն մեծանում և չեն լքում հայրական բույնը, որովհետև փող չունեն դրա համար: Իսկ որպեսզի մարդը կարողանա մարսել այն, որ քնելու սենյակ չունի, շորերը կախելու պահարան չունի կամ էլ ընտանիքից հեռանալու տեղ չունի, պիտի չոր հացի վրա քսած նրան մատուցել հայ ընտանիքի դարավոր խորհուրդն ու սրբությունը, որ ուտի ու ապագա զինվորներ ու մայրեր ծնի հայրենիքի համար:

P.S. ի դեպ, ադրբեջանցի գործիչը այս ամենը համարում էր ինքնության հարց։

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

«Մեկը նոր կիսել էր այս գրառումն ու ինձ կոչել ապազգային տականք, բորենիները շատացել են երկրում: Այսպես կոչված՝ ինտելիգենցիայի մի տեսակ կա բուծված, որ լծված է եղել ճռճռան բառերով հասարակ մարդկանց մոտ ամրակայել իշխանությունների հորինած գաղափարները: Հիմա սրանք անկեր են մնացել, դեռ չգիտեն, թե ում են ծառայելու, այլընտրանքային մտածողությունն են ուզում քոքահան անել ու քանի որ ինտելեկտ չունեն, սկսում են մարդկանց վիրավորել, սպառնալ ու մի օր էլ վնաս կտան ֆիզիկական», – գրել է հեղինակը իր գրառման մեկնաբանություններում: