Home / Մշակույթ / Եվ էդ միտումի անունն ա՝ Հայաստանի գավառականացում

Եվ էդ միտումի անունն ա՝ Հայաստանի գավառականացում

Հայաստանը օջախ չի՝ պետություն ա
հեղինակ՝ Մարինե Պետրոսյան,
հրապարակվել է marinepetrossian.com-ում

Նիկոլ Փաշինյանը կարգախոս ա գրել՝ «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է»։ Առաջին հայացքից կարող ա թվալ՝ քաղաքականապես լավ հաշվարկված կարգախոս ա (Վարդան Ազատյանի ականջը կանչի)։ Իսկ իրականում՝ վատ կարգախոս ա։ Սխալ տեղ տանող կարգախոս։

Ինչո՞ւ ա կարգախոսը քաղաքականապես լավ հաշվարկված թվում։ Երկու պատճառով։ Նախ՝ որովհետև մեկ ընտանիք լինելու զգացողությունը մարդկանց համախմբող, ոգևորող զգացողություն ա։ Երկրորդ, որովհետև Հայաստանը որպես օջախ ու ընտանիք դիտարկելու դեպքում սփյուռքն էլ ա մտնում Հայաստանի մեջ՝ անգամ առանց ներգաղթի (որի ակնկալիքը արդեն երևաց որ ահագին չափազանցված էր): Եվ թվում ա՝ սրա արդյունքում մենք կունենաք ավելի մարդաշատ ու ավելի համախմբված Հայաստան Բայց էս հաշվարկը, եթե ճիշտ էլ լինի, կարող ա ճիշտ լինել միայն կարճաժամկետ ու նեղ-այսրոպեական կտրվածքով, երկարաժամկետ ու լայն կտրվածքով, էս կարգախոսը, եթե հանկարծ դառնա կենտրոնական ու որոշիչ, թույլ չի տա որ Հայաստանը դուրս գա պուճուր, երկրորդական երկրի կարգավիճակից։

Ընտանիքն ավելի հին, ավելի նախնական ինստիտուտ ա, քան պետությունը։ Կան ժողովուրդներ, որոնք մինչև հիմա չեն կարողացել պետություն ստեղծել, օրինակ՝ քրդերը։ Քրդերը թվով մեզանից անհամեմատ մեծաքանակ են, բայց պետություն չունեն, երբեք էլ չեն ունեցել, իրանց ազգային հիմնական ինստիտուտը ցեղն ա, որը ընտանիքի սկզբունքով ա կառուցված՝ ցեղը հենց մեծ ընտանիքն ա։ Եվ հենց քրդերի օրինակով էլ պարզ կարելի ա տեսնել, թե դա ինչ արդյունքի ա բերում։ Հակառակ որ քրդերը շատ լավ կռվողներ են և բազում անգամ ապացուցել են իրանց քաջությունը, մեկ ա , թուրքերի դեմ իրանց կռվում, հենց մեր աչքի առաջ, վերջին մի քանի տասնամյակում, մեկը մյուսից սարսափելի պարտություններ են կրում։ Որովհետև պետություն չունեցողը չի կարող ունենալ քաղաքական մտածողություն, ինչքան էլ որ քաջ լինի։

Մենք՝ հայերս, մեր պատմության երկար դարերի ընթացքում մեկից ավելի անգամներ ենք կորցրել մեր պետությունը, բայց կորցրածը հետ բերելու նպատակն ու պետականության գաղափարը չենք կորցրել երբեք։ Եվ մեր ամենամեծ պատմիչը՝ Մովսես Խորենացին, նկարագրում ա Հայաստանը ոչ թե որպես ցեղ ու ընտանիք, այլ որպես պետություն՝ որպես տարբեր նախարարական տներից կազմված բարդ մի ամբողջություն։ Էլ չասած Տիգրան Մեծի մասին, որի օրոք Հայաստանը կայսրություն էր՝ տարբեր ազգերի բարդ միավորում։

Վերադառնալով մեր օրերը, մի շատ կոնկրետ ու վառ օրինակի վրա ցույց տամ, թե ինչի կարող ա հանգեցնել ցեղակցական կապերին որոշիչ նշանակություն տալը։ Ընդամենը օրեր առաջ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն էր։ Ես ինքս էդ բնագավառից չեմ, բայց տեղեկատվական տեխնոլոգիաները էսօր բոլորիս կյանքին են առնչվում, իսկ ամենակարևորը՝ էդ բնագավառի հետ են կապված նաև արհեստական բանականության և ռոբոտների հարցերը, որոնք էսօրվա աշխարհի ամենասուր խնդիրներից են։ Մտածում էի՝ դրանց մասին խոսակցություն կլինի, սպասում էի։ Բայց խոսակցություն չեղավ, փոխարենը՝ կոնգրեսի մասին պատմող լուրերի կենտրոնում հայտնվեց Քիմ Քարդաշյանը։ Եվ Վահրամ Մարտիրոսյանը, որը, եթե չեմ սխալվում, վերջին անգամ տասնամյակներ առաջ էր բանաստեղծություն գրել, էնքան հուզվեց, որ բանաստեղծություն գրեց Քիմի մասին ու դրեց ֆեյսբուքում, արժանանալով լայքերի և հուզախառն քոմենթների։ Իսկ բանաստեղծությունն էն մասին էր, թե ոնց Քիմ Քարդաշյանը վերադառնում ա մեր ընտանիքի գիրկը՝ «դու, Քիմ Քարդաշյան, երբևէ չմեկնած, բայց վերադարձած զավակ՝ նորադարձ զավակներիդ՝ Վարդանի, Գրիգորի ու Աշխենի հետ»։

Վահրամ Մարտիրոսյանը վատ գրող չի, լավ գրող ա։ Ու բավական խելոք մարդ ա, հանրային կյանքի միտումների հանդեպ ուշադիր մարդ։ Եթե Հայաստանում համաշխարհային գիտական հավաք ա անցկացվում և էդ հավաքում կենտրոնական ֆիգուր ա դառնում սեփական հսկա հետույքի մասնակցությամբ սեռական տեսարանները սոցիալական ցանցեր արտահոսեցնելով միլիոնատեր դարձած Քիմ Քարդաշյանը, եթե Վահրամ Մարտիրոսյանը Քիմի Էջմիածին գնալու լուրը լսելով հուզվում ա, քիչ ա մնում լացի և բանաստեղծություն գրելով՝ հարյուրավորների լացացնում ա, ու էդ հարյուրավորների մեջ՝ իմ բազում ընկերներին, էդ շատ վատ բան ա նշանակում, շատ վատ միտումի մասին ա խոսում։ Եվ էդ միտումի անունն ա՝ Հայաստանի գավառականացում։

Tekali Taxi