Մի երկրում, որն առաջինն ընդունեց Նրան,
Ով ասում էր. թող առաջինը քարկոծեն անառակին՝
ովքեր մեղք չունեն,
Ով վարդապետում էր.
վերադարձող անառակ որդին ավելի թանկ է,
քան տնակյացը, որ փորձություն չի տեսել,
քեզ քարկոծում են
նրանք`
որ ցերեկը մի մարդ են, գիշերը՝ ուրիշ,
որ տանը մի մարդ են, դուրսը՝ ուրիշ,
որ կողոպտել են բոլորի պետությունը անհոգի վարձկանի պես,
որ արժանապատվությունը փոխել են կողոպուտի կռճոնների հետ,
ծննդավայրը՝ գրին քարտի կամ ուրիշ վարձկանների կողոպուտի կռճոնների հետ,
որ կշտանում են զրպարտանքով ու հարբում հայհոյանքով……..……….…..
Իսկ դու՝ օտար խաղերի ու ինքդ քեզ հաղթող,
աչքերիդ նուշը՝ հազարամյա տխուր,
եկել ես որդեգրածդ երկիրը՝ բույրեր քաղելու
(որ Նրա օրերում կոչում էին թանկարժեք յուղ)
և կքաղես՝
պապերիդ կորստի արնանման ծաղիկներից,
երբեմնի արդյունաբերական քաղաքները չլքածների հպարտության փշուրներից,
թշնամու դիպուկահարների հայացքի տակ կծղող արտերից,
գյուղական դպրոցի միակ աշակերտի դասագրքերից
և, իհարկե, քարքարուտների, քարակարկառների ու քարածերպերի բույսերից,
դու, Քիմ Քարդաշյան, երբևէ չմեկնած, բայց վերադարձած զավակ՝
նորադարձ զավակներիդ՝ Վարդանի, Գրիգորի ու Աշխենի հետ։
Վ. Մ.
10.08.19
23։04
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ