Գլխավոր / Խմբագրի ընտրություն / Հոաքին Ֆենիքսը «Ջոկերի» տակ չի մնացել

Հոաքին Ֆենիքսը «Ջոկերի» տակ չի մնացել

Վենեցիայի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած «Ջոկերը» կուլտային բացասական հերոսի առաջացման պատմությունն է։ Գոթեմի համեստ բնակիչ Արթուր Ֆլեքը (Հոաքին Ֆենիքս) երազում է երգիծաբանի մասնագիտության մասին, հոգեվերլուծաբանի հետ հանդիպումների է գնում, հոգ է տանում հիվանդ մոր մասին, ով մանկուց նրան սովորեցրել է աշխարհին ժպիտով նայել ու ուրախություն պատճառել մարդկանց։ Փառքի ու ճանաչման փոխարեն նա ծաղրանքի է արժանում, ինչի պատճառով էլ աստիճանաբար դառնում է Գոթեմի անհանգստությունների հիմնական պատճառը։

Ինչպե՞ս ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը կատակերգություններից հասավ «Ջոկերին», ինչո՞վ էր սնվում Հոաքին Ֆենիսքը 24 կգ քաշ կորցնելու համար, ինչու՞ ֆիլմը նման չէ կոմիքսների հիման վրա նկարահանվող այլ բլոքբասթերների․ ֆիլմի ռեժիսորի ու գլխավոր դերասանի հարցազրույցը Կինոպոիսկ կայքին։

— Թոդ, որպես նախկինում կատակերգություններ նկարող ռեժիսոր, ինչպե՞ս անցում կատարեցիք «Պատերազմի շներին» ու «Ջոկերին»։

Թոդ Ֆիլիփս։ Եթե ուշադիր եք նայել իմ կատակերգություները, երևի նկատել եք, որ դրանք գնալով ավելի ու ավելի մութ էին դառնում մինչև այս ֆիլմերին հասնելը։ Չնայած աբսուրտ կատակերգական իրավիճակներին, ֆիլմերը իրատեսական էին նկարված։ Ես սիրում եմ, երբ կատակերգությունը իրականությանը կպած է լինում։ Ինչ որ բաներ ավելի ծիծաղելի են, երբ գործ ունեն իրական աշխարհի հետ։ Այնպես որ, անցումն ինձ համար այդքան էլ կտրուկ չէր, քանի որ նույն սկզբունքով եմ «Ջոկերը» նկարել։ Այսինքն, փորձել եմ առավելագույնս իրական կյանքին մոտ ֆիլմ նկարել։

— Համարու՞մ եք, որ «Ջոկերը» յուրահատուկ է նրանով, որ համեմատելի չէ կոմիքսների հիման վրա նկարված այլ ֆիլմերի հետ։

Հոաքին Ֆենիքս։ Ինձ համար սա մեծ ստուդիո ֆիլմ է լայն վարձույթով։ Այն ինչ որ իմաստով ստուգում է լսարանի դիմացկունությունը, կասկածի տակ է դնում աշխարհի ու միմյանց մասին մեր պատկերացումները։ Շատ ֆիլմեր այդպիսի կլանում ու մասնակցություն են ապահովում։ Մեր ֆիլմը հերոսի հանդիպած խնդիրների պարզ պատասխաններ ու լուծումներ չի տալիս։ Հնարավորություն է տալիս սեփական կարծիքը կազմել հերոսի գործողությունների դրդապատճառների, պահվածքի ու փոխակերպումների պատճառների մասին։ Կարծում եմ դա հազվադեպ երևույթ չէ։ Նման բան կարելի է տեսնել իմ ավելի փոքրամասշտաբ ֆիլմերում ևս։ Երևի հենց դրան են «մեծահասակների կինո» կամ նման մի բան անվանում։ Բայց եթե նայենք Warned Brothers-ի մեծ ֆիլմը, որը լայնամասշտաբ վարձույթ է ունենալու, ապա սա հազվադեպ մոտեցում է։ Երևի այդ իմաստով է մեր ֆիլմը յուրահատուկ։

— Այս ֆիլմը ինչ որ շատ իրական բանի տպավորություն է թողնում։ Դա շատ ոչ տիպիկ է սուպերհերոսի, կամ ավելի ճիշտ՝ հակահերոսի նախապատմությունը ներկայացնող ֆիլմի համար։ Ի՞նչ եք կարծում, Marvel-ը դրան պատասխանելու ձև կունենա՞։

Թոդ Ֆիլիփս։ Ոչ, կարծում եմ նրանք հիանալի ձևով անում են իրենց անելիքը։ Ինձ համար ուղղակի հետաքրքիր էր պատմության հետ ավելի ինտիմ հարաբերությամբ, ձեռքի աշխատանքի նման մի բան նկարելը, ինձ դա էր գրավում։ Դա նաև ֆիլմը ավելի կոպիտ դարձրեց։ Իրականին մոտ բռնություն։ Շատերը մեկնաբանեցին բռնությունը ֆիլմում, բայց այնտեղ դա շատ չէր։ Ուղղակի իրականի նման էր զգացվում ու ուրիշ ձև էր ազդում, քան մուլտային բռնությունը։

— Ձեզ համար, որպես ռեժիսոր, ինչի՞ մասին էր այս ֆիլմը։

Թոդ Ֆիլիփս։ Շատ բաների մասին էր․ մանկական տրավմաներ, սիրո պակաս, ապրումակցումը կորցնել։ Այ այս ամենը միասին ձևավորում են «Ջոկերի» մեր տարբերակը։

— Փորձել եք արդյոք ստանալ մարդու կերպար, ով հոգեբանական խնդիրներ ունի։

Հոաքին Ֆենիքս։ Ինձ համար այս կերպարում ամենակարևորը մանկական տրավմայի երկարաժամկետ ազդեցությունն էր։ Դա էր ինձ առաջնորդում կերպարը ստեղծելիս, դա էր կերպարի հիմքը։ Դա նրա փորձի, նրա պատմության այն մասն էր, որին ես հավատում էի։ Դա շատ գույներ է ավելացնում նրա արարքներին, պահվածքին։ Դա էր ամենակարևորը։

— Հոգեբանական հիվանդության պատկերումը բավականին ճշգրիտ էր։ Որտեղի՞ց եք ներշնչվել, ինչպե՞ս եք դա մտածել։

Թոդ Ֆիլիփս։ Շատ բան ծնվել է լավագույն դերասաններից մեկի հետ աշխատանքի արդյունքում (Հոաքին Ֆենիքսին է ցույց տալիս, խմբ․), ով ուրիշ ձև էր կերպարի մեջ մտնում։ Ֆիլմը նաև կատակերգության ու ողբերգության հետ դրա հակադրության մասին է, ինքդ քեզ փնտրելու։ Նա իր հորն է փնտրում․ սկզբում Մյուրեյ Ֆրանկլինի մեջ է տեսնում, հետո՝ Թոմաս Ուեյնի։ Ինքդ քեզ փնտրելու թեման այս ֆիլմում կարևոր է։

— Նա շատ այլասերված աշխարհի պատկերացում ունի։ Ինչ որ բաներ բոլորի համար ողբերգություն են, նրա համար՝ կատակերգություն։

Թոդ Ֆիլիփս։ Այո, այո։

— Հե՞շտ էր Քրիս Նոլանի ու Զաք Սնայդերի ժառանգությունից հեռանալը․ պատասխանատվության ծանրություն զգու՞մ էիք։

Թոդ Ֆիլիփս։ Իհարկե, բարդ է չզգալ։ Թիմ Բյորտոնն էլ նրանցից առաջ։ Հաղթահարելու միակ ձևը դրա մասին չմտածելն էր, քանի որ չափից դուրս շատ մտածելու դեպքում վախից ու սպասելիքներից կարելի է պարալիզացվել։ Մենք անտեսում էինք դա ոչ թե անարգանքից ելնելով, այլ ուղղակի այդ կողմ չէին նայում, որ չմնանք դրա տակ։

— Ի՞նչն էր ձեր համար ամենաբարդը․ ֆիզիկական տրանսֆորմացիա՞ն, այդքան քաշ կորցնե՞լը, թե՞ բարոյական լարվածությունը։

Հոաքին Ֆենիքս։ Չէի ասի որ այդպես է լինում։ Ամեն ինչ միանգամից չես զգում։ Հիշում եմ, աստիճանների տեսարանն էինք նկարում ու ինձ անձնական գործը տվեցին՝ Արքհեմի հիվանդանոցի փաստաթղթերով ու լուսանկարներով։ Այնտեղ երեխայի լուսանկար կար, որը բեմադրող նկարիչներն ուղղակի սարքել ավելացրել էին։ Շատ սրտաճմլիկ էր։ Միայն լուսանկարին նայելն այնքան ազդեց իմ վրա։ Այդ պահին էմոցիաների տակ էի, բայց հետո լանչի գնացի ու ամեն ինչ հիանալի էր։ Այդպես են ֆիլմերը նկարահանվում։ Չեմ սիրում որ նման բան եմ ասում ու փչացնում առեղծվածը, ֆիլմ նկարելու հանելուկը, բայց դե ճշմարդությունը սա է։ Երբեմն այդքան էլ չես ազդվում, երբեմն շատ ես ազդվում, բայց դա հիմնականում կոնկրետ պահին է վերաբերում, երբ պետք է էմոցիան բռնես, ապրես։ Հետո անցնում է։

— Այսինքն, գործը գործի տեղում եք թողնում։

Հոաքին Ֆենիքս։ Տարբերություն չեմ տեսնում։ Ամբողջ կյանքս աշխատանք է դառնում։ Չեսմ ասում․ սա աշխատանք է, սա՝ ոչ։ Հատկապես որ դիետայի վրա էի։ Անհնար է պատկերացնել, թե սոցիալական կյանքի ինչ մեծ մաս է կենտրոնացած ուտելիքի ու խմիչքի շուրջ։ Իմ շփման շրջապատը Թոդն էր։ Այսինքն, երբ մենք միասին էինք, անընդհատ ֆիլմից էինք խոսում։ Այնպես որ, կամ աշխատանքի էի, կամ տանը՝ ֆիլմի վրա աշխատելուց։

— Երևի տանջանք էր մի խնձոր ուտելը, երբ շուրջդ բոլորը նորմալ սնվում են։

Հոաքին Ֆենիքս։ Մի խնձոր չէր, չգիտեմ ով է այդպես ասել։ Երևի Թոդը։ Ես նաև մառոլ էի ուտում ու գոլորշու վրա պատրաստված ծնեբեկ քացախով։

Tekali Taxi