Գլխավոր / Հայաստան / Ուսումնասիրել կինոյի պատմությունը․ «Ալիսը» 150 տարեկան է

Ուսումնասիրել կինոյի պատմությունը․ «Ալիսը» 150 տարեկան է

Ալիսը կինոաշխարհում

Հեղինակ՝ Րաֆֆի Մովսիսյան

1865թ. Ալիս անունով փոքրիկ աղջիկն անզգուշորեն ընկավ ճագարների խորը փոսը և հայտնվեց խորհրդավոր աշխարհում: Անգլիացի մաթեմատիկոս, գրող, լուսանկարիչ, փիլիսոփա Չարլզ Լուդվիգ Դոջսոնը, որը գրական աշխարհում հայտնի է որպես Լյուիս Քերոլ, 150 տարի առաջ ստեղծեց աշխարհի ամենահայտնի հեքիաթներից մեկը՝ «Ալիսը հրաշքների աշխարհում»: Ալիսի երազային ու ցնորական ոդիսականը համաշխարհային կինոյում էլ ամենաուշագրավներից մեկն է և մինչ օրս ունեցել է շուրջ 50 էկրանավորում: «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի էկրանավորումների հաջորդականությամբ կարելի է ուսումնասիրել կինոյի պատմությունը: Կինոյի տեխնիկական, գեղարվեստական ցանկացած շրջափուլ ունի Ալիսի՝ իրեն հատուկ էկրանային վերարտադրությունը՝ համրից-հնչյուն, սև-սպիտակից-գունավոր, մոդերնից-պոստմոդերնիստական, անիմացիայից- պոռնոգրաֆիական, հեռուստաշոուներից ու սերիլաներից-3D կինո:

«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթն առաջինն էկրանավորեց անգլիացի կինոռեժիսոր Սեսիլ Հեպուորտը կինոյի ծնունդից հինգ տարի անց՝ 1903թ․: Ֆիլմի տևողությունը 12 րոպե էր, որը ռեկորդային էր մինչ այդ նկարահանված անգլիական ֆիլմերի համեմատությամբ: Մեզ հասել է ֆիլմից ընդամենը մեկ՝ ոչ ամբողջական օրինակ, որը հայտնաբերվել է 1963թ․ և հանդիսատեսին հասանելի է դարձել միայն 2009-ին, երբ Բրիտանական կինոարխիվը վերականգնեց և թվայնացրեց պահպանված 8 րոպեն: Թեև ֆիլմից մի քանի առանցքային նշանակության տեսարաններ պակասում են, այդուամենայնիվ, գեղարվեստական որակի մասին պատկերացումներ կազմել կարելի է: Սեսիլ Հեպուորտը մոնտաժային հատուկ լուծումներ է հորինել, որոնցով պատկերել է Ալիսի փոքրանալու և մեծանալու տեսարանները: Ֆիլմը մեծ հաջողություններ է ունեցել նաև վարձույթում:

Կինոյի համր շրջանում «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի մյուս նշանակալից էկրանավորումը դարձյալ անգլիական կինոյին է պատկանում: 1915թ․ կինոռեժիսոր Վի. Վի. Յանգը 50 րոպե տևողությամբ ժապավենով ներկայացրեց Ալիսի դեգերումները՝ սյուժետային ողջ մանրամասնությամբ: Ֆիլմն ամբողջությամբ պահպանվել է և հասանելի է համացանցում:

Լյուիս Քերոլի հարյուրամյա տարելիցի առիթով՝ հոլիվուդյան երկու հսկա ընկերություններ՝ «Paramount»-ը և «Walt Disney Studio»-ն, զուգահեռ փորձում էին ձեռք բերել «Ալիսը հրաշքների աշխարհում» և վերջինիս շարունակությունը հանդիսացող «Ալիսը հայելիների աշխարհում»-ի հնչյունային էկրանավորման հեղինակային իրավունքները:

1931թ․ անգլիացի կինոռեժիսոր Բեդ Փոլարդն հեքիաթի առաջին հնչյունային և փոքրաբյուջե էկրանավորումն արդեն իսկ արել էր, բայց չէր ունեցել մեծ դիստրիբուցիա:

Հոլիվուդյան մենամարտում, մեծ դիստրիբուցիայի ակնկալիքով, հաղթող դուրս եկավ «Paramount»-ը և 1933թ․ ամերիկացի կինոռեժիսոր Նորման Մըքլեոդը հանձն առավ լայնամասշտաբ էկրանավորումը: Ալիսի դերակատարման համար քասթինգին մասնակցել են 7000-ից ավելի սկսնակ և հայտնի դերսասնուհիներ: Թեև նրանց թվում էր հոլիվուդյան հայտնի աստղ Այդա Լուպինոն, այդուամենայնիվ, գլխավոր դերակատարման համար ընտրվեց սկսնակ դերասանուհի Շառլոտա Հենրին: Նորման Մըքլեոդի ֆիլմում մեծ աստղաբույլ էր հավաքված, ի դեմս՝ Գերի Կուպերի, Ռիչարդ Արլենի: Հեքիաթային պայմանական իրականության փոխանցման համար ռեժիսորը դերակատարներին գրիմի մեծ շերտով է պատել ու դիմակներ հագցրել: Դերասանները գրեթե անճանաչելի են, իսկ նրանց դիմախաղը՝ զրոյական: Համանուն հիմքով նկարահանված համր ֆիլմերի կողքին հնչյունն ու քերոլյան երկխոսություններն այս ֆիլմում մի նոր շերտ են ավելացնում, բայց դերասանների անճանաչելիության պատճառով ֆիլմը տապալվեց դրամարկղում և չարդարացրեց հոլիվուդյան ակնկալիքները:

Գուցե այդ տապալումն էր պատճառը, որ «Walt Disney Studio»-ն չհրաժարվեց վերջինիս էկրանավորման գաղափարից և 1951թ․ լույս տեսավ դիսնեյյան «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը: Ֆենթեզի և մյուզիքլ ժանրերի գունեղ խառնուրդի հեղինակներն են Հեմիլթոն Լասկին, Քլայդ Ջերոնիմին և Ուիլֆրեդ Ջեքսոնը: Հեղինակները, հիմնականում, հավատարիմ են մնացել «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի սյուժեին և որոշ հերոսներ էլ ավելացրել են «Ալիսը հայելիների աշխարհում»-ից: Քերոլի հորինած ցնորական աշխարհի պատկերման համար անիմացիոն ժանրի ընձեռած հնարավորությունները տեխնիկապես այդ ժամանակաշրջանում ավելին էին, քան խաղարկային կինոտեսակինը: Վառ գույների, դինամիկ մոնտաժի և երաժշտական հիանալի անցումների շնորհիվ ֆիլմի մինչ օրս համարվում է «Walt Disney Studio»-ի լավագույն աշխատանքներից մեկը: Թեև Ուոլթ Դիսնեյն անձմամբ այն համարում էր մինչ այդ ստուդիայի կողմից արտադրած 12-ի ֆիլմից ամենատապալված նախագիծը, քանի որ չէր արդարացրել ֆինանսական սպասելիքները:

1966թ․ BBC հեռուստաընկերության պատվերով անգլիացի դերասան և թատրոնի ռեժիսոր Ջոնաթան Միլլերը նորովի մոտեցավ «Ալիսը հրաշքների աշխարհում»-ին: Մինչ այդ գոյություն ունեցող բոլոր էկրանավորումներում բեմադրիչները հնարավորինս հավատարիմ էին հեքիաթի սյուժեին և նրանց քիչ էր հետաքրքրում վերջինիս փիլիսոփայական կամ գիտական ենթաշերտերը: Ջոնաթան Միլլերը փոքրիկ Ալիսին երազկոտ հրաշքների աշխարհից տեղափոխեց մեծահասակների իրապաշտական աշխարհը: Վիկտորյական ժամանակաշրջանի զգեստներով ու էքզիստենցիալ ուրբանիստական պատկերներով ծանրաբեռնված ֆիլմը բնավ նախատեսված չէ երեխաների համար: Մեծահասակների վտանգավոր աշխարհում փոքրիկ աղջնակի դեգերումները հասուն հանդիսատեսին մտածմունքների մեջ գցելու, անհանգստություն պատճառելու նպատակ ունեն: Ֆիլմի օրիգինալ երաժշտության հեղինակը հնդիկ վիրտուոզ սիթառահար, կոմպոզիտոր Ռավի Շանքարն է, որը Ջոնաթան Միլլերի մտերիմ ընկերներից էր:

Երաժշտությունը կարելի է լսել այստեղ․

1972թ․ Ուիլիամ Սթերլինգն անգլիական կինոյի ժամանակի մեծանուն աստղերի մասնակցությամբ, որոնց թվում են՝ Ֆիոնա Ֆուլլերտոնը, Փիթեր Սելլարեսը, Դադլի Մուրը, Մայքլ Հորդերնը, նկարահանեց Ալիսայի մյուզիքլային տարբերակը: Շքեղ զգեստներով և հարուստ դեկորացիաներով այս ֆիլմի հեղինակները հեռու չեն գնացել երկու հեքիաթների սյուժեներից: Գունեղ մյուզիքլը նախատեսված էր ընտանեկան դիտման համար և օպերատորական աշխատանի ու զգեստենրի լավագույն ձևավորման համար արժանացավ երկու BAFTA-ի:

Հոգեվերլուծաբանության հանդեպ 20-րդ դարում առաջացած մեծ հետաքրքրությունը չէր կարող չտարածվել Լուիս Քերոլի խորհրդավոր անհատականության ու նրա կենսագրության շուրջ պտտվող բազմաթիվ խոսակցությունների վրա: Փոքրիկ աղջնակի զուգահեռ իրականությունում հայտնվելու մասին նրա պատմությունը հոգեվերլուծաբանների կողմից օգտագործվեց հեղինակի մասին դատողություններ անելու համար: Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, հոգեբան Ժակ Լականը գտնում էր, որ «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը հալյուցինացիաների պտուղ է և ունի բազմաթիվ շերտեր, որոնք նաև առնչվում են հեղինակի քողարկված սեռական ցանկություններին: Այս մոտեցումներն իրենց ազդեցություններն ունեցան նաև կինոյում:

1976թ․ ամերիկացի էրոտիկ ֆիլմերի ռեժիսոր Բադ Թաունսենդը նկարհանեց «Ալիսը հրաշքների աշխարհում» պոռնոգրաֆիկ տարբերակը: Աղջնակը երազում հայտնվում է մեկ այլ իրականության մեջ և հագուրդ տալիս սեքսուալ ցանկություններին: Ֆիլմի շուրջ մեծ աղմուկ ու հետաքրքրություն բարձրացավ և «20 Century Fox» ընկերությունը գնեց վերջինիս դիստրիբուցիայի իրավունքները: Որոշ բացահայտ պոռնոգրաֆիկ տեսարանների մոնտաժից հետո այն դուրս եկավ վարձույթի և մինչ օրս համարվում է չափահասների համար նախատեսված ամենաեկամտաբեր ֆիլմը:

1983 թ․ ճապոնական «Nippon Animation» կինոստուդիան թողարկեց «Ալիսը հրաշքների աշխարհում» անիմե սերիալը: Թեև հեռուստասերիալը մեծ հաջողություն չունեցավ իր հայրենիքում և առաջին 26 սերիայից հետո վերջինիս արտադրությունը վտանգված էր, բայց արևմտյան երկրների հեռուստատեսությամբ հեռարձակվելուց հետո այն մեծ ճանաչում ունեցավ և նրանց պատվերով էլ արտադրվեց ամբողջ 52 սերիան: Լուիս Քերոլի հեքիաթի հետ անմիջական առնչություն ունեն սերիալի առաջին 26 մասերը, իսկ մյուս սերիաներում պարբերաբար հիշատակվում են «Ալիսը հայելիների աշխարհումի» սյուժետային գծերը: Հետաքրքրություններից մեկն էլ այն է, որ Սուգիյամա Տակուի անիմեի յուրաքանչյուր սերիալի ավարտին Ալիսն արթնանում է, այսինքն՝ այն շարունակական երազների պատմություն է:

1988 թ․ չեխ կինոռեժիսոր Յան Շվանկմայերը «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի մոտիվներով նկարահանեց իր դեբյուտային լիամետրաժ «Ալիսի երազը» սյուրռեալիստական ֆիլմը, որն իր գեղարվեստական նշանակությամբ մինչ օրս անգերազանցելի է համանուն հեքիաթի հիման վրա նկարահանած մյուս ֆիլմերի համեմատությամբ: «Ալիսի երազը» խաղարկային կինոյի և տիկնիկային անիմացիայի համադրություն է: Այս ֆիլմը որևէ աղերս չունի դիսնեյյան քաղցրանուշ Ալիսի հետ: Շվանկմայերի ֆիլմը քերոլյան նոնսենս ցնդաբանության էրկրանային վերարտադրությունն է, որտեղ թևավոր խոսքի արժեք ունեցող երկխոսությունները մինիմումի են հասցված: Շվանկմայերը Քերոլին համարում է սյուրռեալիստ և գտնում, որ նա ամենաճիշտն է հասկացել երազի մեխանիզմը: Ռեժիսորն Ալիսին անտառից տեղափոխել է լքված բնակարան, որտեղ իրական առարկաները շնչավորվում են և հեքիաթը վերածում իրական մղձավանջի: Ֆիլմում Ալիսն աուտիզմով է տառապում, և նրա հետ տեղին ունեցածն էլ իրականության, երազի ու զգայապատրանքի սահմանում է: Նույն տարում ֆիլմն արժանացավ անիմացիոն կինոյի հեղինակավոր Աննեսիի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

1999 թ․ անգլիական «Hallmark Entertainment» մալուխային հեռուստատեսությունը, որ մասնագիտացած էր ընտանեկան ֆիլմերի արտադրությամբ և հեռարձակմամբ, հեռուստատեսային ֆիլմի արտադրության համար մեծ բյուջե ներդրեց (շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար) «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի էկրանավորման համար: Հեռուստաֆիլմի ռեժիսորը ֆենթեզի ժանրում մասնագիտացած Նիկ Ուիլինգն է, որն իր շուրջը հավաքեց մեծանուն կինոաստղերի՝ Վուպի Գոլդբերգին, Քրիստոֆեր Լլոյդին, Բեն Քինգսլիին, Ռոբի Քոլթրեյնին: Վերջին շրջանում Ալիսի էկրանավորումների թվում Ուիլնիգի ֆիլմը սյուժեով ամենամոտն է բնօրինակին: Վուպի Գոլդերբի մարմնավորած Չեշիրյան կատվի կերպարը լավագույններից և ամենատպավորիչներից մեկն է Ալիսի էկրանավորումների պատմության ընթացքում: Ֆիլմն արժանացավ 4 Էմմիի՝ լավագույն գրիմի, զգեստների, երաժշտական ձևավորման և վիզուալ էֆֆեկտների համար: Ֆիլմը հեռուստատեսությամբ հեռարձակվեց երկու մասով և մինչ օրս շարունակում է մնալ լավագույն հեռուստաֆիլմերից մեկը: Նիկի Ուիլինգն այնքան էր տարվել Քերոլի հեքիաթով, որ ուղիղ տասը տարի անց կրկին անդրադարձավ Ալիսին և դրա մոտիվներով մինիսերիալ նկարահանեց, թեև նրան չհաջողվեց կրնկել նախորդ ֆիլմի արձանագրած հաջողությունը:

Շուրջ կես դար անց «Walt Disney Pictures» ընկերությունը կրկին հետաքրքրվեց Քերոլի հեքիաթով: Այս անգամ ստուդիան գործի դրեց հոլիվուդյան ամենածանր հրետանիներից Թիմ Բարթոնին, որը դեռևս երբեք իր հետ աշխատած որևէ ստուդիայի չէր հիասթափեցրել: Թիմ Բարթոնին՝ նախագիծն իրագործելու համար նրան միացավ վաղեմի բարեկամ և գործընկեր, օսկարակիր պրոդյուսեր Ռիչարդ Զանուկը: Լուիս Քերոլի բազմաշերտ հեքիաթը հոլիվուդյան չափանիշներով ստանդարտավորելու գործը հանձն առավ Լինդա Վուլվերտոնը, որը հոլիվուդյան անիմացիոն կինոյի ամենափորձառու սցենարիստներից է և աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մուլանը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը» և այլն: Արդյունքում՝ հոլիվուդյան Ալիսը 19 տարեկան է և պատահաբար հայտնվում է հրաշքների աշխարհում, որտեղ նա եղել է 13 տարի առաջ, սակայն այդ մասին չի հիշում: Ալիսային շատ լավ հիշում են հրաշքների աշխարհի բնակիչները: Նա կարևոր առաքելություն ունի և պետք է օգնի Սպիտակ թագուհուն տապալելու իր քրոջը՝ Կարմիր թագուհուն, որը բռնի ուժով խլել է թագավորությունը և այն վերածել քաոսի: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Միա Վասիկովսկան, Ջոնի Դեփը, Հելենա Բոնհեմ Քարթերը, Էնն Հեթեուեյնը: Ֆիլմը հանդիսանում է «Ալիսը հրաշքների աշխարհում»-ի առաջին եռաչափ էկրանավորումը և տեխնիկական նորարարությունն այս պարագայում օգտագործված և արդարացված է հնարավորության բոլոր սահմաններում: Նախագծի իրականացման համար արտադրող ընկերությունը ներդրեց շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար և համաշխարհային վարձույթում վաստակեց մեկ միլիարդ դոլարից ավելի բյուջե: Թեև «Walt Disney Pictures»-ն այս անգամ լուրջ շահույթ արձանագրեց, բայց, այդուամենայնիվ, ֆիլմն արժանացավ քննադատությունների չափազանց բանական և անկիրք սցենարի համար: Այժմ նույն ընկերությունը՝ Թիմ Բարթնի գլխավոր պրոդյուսերությամբ և Ջեյմս Բոբինի ռեժիսորությամբ, նկարահանում է ֆիլմի շարունակությունը, որը հիմնված է Լյուիս Քերոլի «Ալիսը հայելիների աշխարհում» հեքիաթի վրա և մեծ էկրան կբարձրանա 2016 թվականին:

Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթն այնքան բազմաշերտ է, որ ցանկացած ոճում ստեղծագործող ռեժիսոր կարող է իրեն հետաքրքիր գիծ գտնել: Թեև հեքիաթի մոտիվներով նկարահանված շուրջ 50 ֆիլմ կա, այդուամենայնիվ, առանձին ուսումնասիրության է արժանի Ալիսի՝ համաշխարհային կինոյի վրա ունեցած անուղղակի ազդեցությունը: Հայկական կինոն իր պատմության ընթացքում երբևէ չի անդրադարցել Քերոլի ստեղծագործություններին, բայց Ռոբերտ Սահակյանցի ստեղծած աշխարհը սահմանակից է նրա աշխարհին: Սահակյանցի աշխատանքներին ծանոթ ցանկացած մեկը կարող է երևակայել, թե անիմացիոն ինչ գլուխգործոց կարող էր ծնվել, եթե Սահակյանցը որոշեր էկրանավորել հեքիաթը: Հակառակ չունեցած ֆիլմը տեսնելու մեծ ափսոսանքին՝ հույս ունեմ, որ երբևէ հնարավորություն կունենանք տեսնել հայախոս Ալիսին:

Tekali Taxi