Home / Կրթություն / Թումանյանի «բարի պապիկի» կաղապարը վիրավորանք է գրողի հասցեին

Թումանյանի «բարի պապիկի» կաղապարը վիրավորանք է գրողի հասցեին

Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Թումանյանի «բարի պապիկի» մեդիա կաղապարը վիրավորանք է մեծ գրողի հասցեին։ Նա, ինչպես և մի ուրիշ «բարի պապիկ»՝ Ավետիք Իսահակյանը, մասնակցել է հայկական ինքնապաշտպանության կազմակերպմանը 1900-ականների սկզբին, եղել է ՀՅԴ անդամ մինչև 1912-ը, ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ցարական իշխանությունների կողմից (Իսահակյանը՝ մեկ անգամ)։ Ցարական իշխանության հրահրած հայ-թաթարական (ադրբեջանական) բախումները դադարեցնելուն ուղղված ջանքերից առաջ և զուգընթաց օժանդակել է, որ հայկական կողմը լինի բավականաչափ զինված։

«Լոռու շրջանում նա կարծես «գեներալ-գուբերնատոր է», նրան է ենթարկվում ամբողջ ղեկավարութունը և ոստիկանութունը»։ Սա մեջբերում է Հովհաննես Թումանյանի մասին մատնագրից, որը 1906-ին ցարական գաղտնի ոստիկանությանն է ուղարկել բանաստեղծին անձնապես հետևող Շմակով ծածկանունով հայ գործակալը։

37-ամյա Թումանյանի ահռելի հեղինակությունը «Լոռու շրջանում» և ամբողջ հայության մեջ չի խանգարում, որ երկուս ու կես տարի անց՝ 1908 թ. դեկտեմբերի վերջին նրան և որդուն՝ Մուշեղին, կալանավորեն ու բանտում պահեն համարյա կես տարի՝ մինչև 1909 թ. հունիսը… Միայն ազնվական ծագման շնորհիվ է, որ Թումանյանի ոտքերին շղթաներ չեն հագցրել, ինչպես՝ ուրիշ կալանավորներին։

Բանաստեղծը բանտից ազատվում է իր ընկերներից մեկի մուծած 5000 ռուբլի գրավով՝ պատկառելի գումար անցյալ դարասկզբի համար։

Տարբեր գործակալների մատնագրերը Թումանյանին մեղսագրել են սպանությունների շարք. Քոլագերան կայարանում՝ երեք թուրքի, Այգեհատի գյուղապետ Արշակ Փերիխանովի (որը մատնել էր գյուղում ապաստանած Սևքարեցի Սաքոյին), և մի «խեղճ անտառապահի»… «կողոպտելու նպատակով»։

Թումանյանի տունը խուզարկել են սկսած 1902 թվականից, երբ առգրավվել է մեկ գիրք, հետագայում՝ փոքր դանակ, երկու բանալի, ձեռագրեր և այլն…

Հետապնդումները, խուզարկությունները, տարբեր ժամկետներով կալանքները շարունակվել են մինչև 1912 թվականի սկիզբը, երբ բանաստեղծին դատեցին 158 այլ հայ մտավորականների ու գործիչների հետ այսպես կոչված «Դաշնակցության գործով», որի 40.000 էջը կազմել էր հատուկ կարևորության գործերով քննիչ Նիկոլայ Լիժինը (նրա հրահանգով 1909-10 թթ. ձերբակալվել է շուրջ 1000 հոգի, որոնցից բաց է թողնվել 696-ը)։
Ի դեպ, բանաստեղծի դատապաշտպանը Ալեքսանդր Կերենսկին էր, որը 1917-ին գլխավորելու էր ժամանակավոր կառավարությունը՝ ցարին գահընկեց անելուց հետո։

«Դաշնակցության գործը» 1912-ին տապալվեց՝ 94 հոգու արդարացրել են, 52-ին բաց թողել՝ նախնական կալանքը բավարար պատժաչափ ճանաչելով, 2-ը մահացել են, և ընդամենը մի քանի հոգի են դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Ցարական դատարանն ունեցավ նաև բավարար արժանապատվություն, որ պատժի քննիչ Լիժինին, որը հետագայում խելագարվեց կամ հոգեկան հիվանդություն ձևացրեց՝ ավելի մեծ պատժից խուսափելու համար:

Արդարացվածների թվում էր Թումանյանը։

Ընդ որում, դատարանում «ազգությամբ թուրք Մահմադ Վեքիլովը… հրաժարվում է իր և բոլոր թուրքերի անունից նախաքննության ընթացքում Թումանյանի դեմ տրված բոլոր ցուցմունքներից՝ վստահեցնելով, որ դրանք կորզվել են քննիչ Լիժինի ակնհայտ ճնշման և կեղծ լուրերի հիման վրա։ Վեքիլովը պնդում է, որ դատարան է եկել սեփական խիղճը հանգստացնելու և վկայելու, որ Թումանյանը «Ղազախում շրջում էր խաղաղասիրական նպատակներով»,- գրում է Սուսաննա Հովհաննիսյանը «Թումանյանի դատավարությունը» ուսումնասիրության մեջ։

Ահա թե ինչն է, որից զարմանալի անտեղյակ է հայ ընթերցողը, մեդիան՝ հեղափոխական, «կամավորական» Թումանյանից, որին խնամքով անտեսել ու էդպես մեզ է փոխանցել սովետական գրաքննիչ-գրականագիտությունը։
Հովհաննես Թումանյան #150ամյակ

Վահրամ Մարտիրոսյան, արձակագիր
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ