հեղինակ՝ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյան
Շեքսպիրը իր «Ռոմեո և Ջուլիետ»ը գրել է հավանաբար 1594-1595թթ: Սա իր վաղ շրջանի գործերից է: Նշված շրջանում գրողը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել իր անձնական կյանքում: Նա ամուսնացած էր Անն Հաթըուեյի հետ և արդեն ուներ երեք երեխա՝ մեծը աղջիկ՝ Սյուզանը, և զույգ՝ Համնետը և Ջուդիթը, որ 1595-ին տասը տարեկան էին, ապրում էին Ստանֆորդում, հոր խնամքից և ուշադրությունից հեռու: Համնետը տասնմեկ տարեկանում մահանում է ինչ որ ինֆեկցիայից, որ այն ժամանակ տարածված էր Անգլիայում: Որդու մահը շատ ծանր է անդրադառնում Շեքսպիրի վրա: Կա տեսակետ, որ պատանի զույգի դժբախտ սիրո պատմությունը նաև որդեկորույս հեղինակի ապրումների արտահայտությունն է՝ պիեսում մահվան ուրվականը, կարծես, գործող անձ է հերոսների կանխազգացումների մեջ: Սրան գումարենք նաև մինչ այդ եղած Արթուր Բրուքի «Ռոմեուսի և Ջուլիետի ողբերգական պատմությունը» պոեմը և այլ գրական գործեր, որ նույն թեման և կառուցվածքն ունեն և որ միանգամայն ծանոթ են եղել հեղինակին:
Շեքսպիրի բոլոր գործերից ամենաշատ բեմադրված, էկրանավորված, արվեստի մյուս ճյուղերի մեջ իր արտացոլումը գտած ողբերգությունն է «Ռոմեո և Ջուլիետ»ը, որ եղել է երեկ, կա այսօր և կլինի վաղը ամենատարբեր մեկնաբանություններով: Վերոնան, որ գործողության վայրն է և գտնվում է Իտալիայի հյուսիս-արևելքում, Վենետիկի մարզում տարեկան երեք միլիոնից ավել զբոսաշրջիկ է ընդունում միայն այս պատմության շնորհիվ: Մարդիկ շուրջ չորսը դար ուզում են տեսնել այն պատշգամբը, ուր առաջին համբույրն է քաղել Ռոմեոն Ջուլիետի շուրթերից, ուզում են քայլել այն ճանապարհով, որ Կապուլետների տնից տանում է դեպի նրանց դամբարանը, ուր և վերջին համբույրն ու վերջին շունչը ապրեցին սիրահարները՝ «այսպես մեռնում եմ ես մի համբույրով», սրանք էին Ռոմեոյի վերջին բառերը: Թեպետ, այն տունը, որ այսօր համարվում է շեքսպիրյան Ջուլիետի տունն իրականում պատկանել է Կապելոների (այստեղից էլ Կապուլետ) ազնվական տոհմին, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն ողբերգության հերոսների հետ: Ավելին, պատշգամբը, որ այսօր էլ գոյություն ունի, երբեք որոշակիորեն չի նշվում պիեսում, պատշգամբ բառով: Ամենայն հավանականությամբ հետագայում, դարերի ընթացքում ավանդույթ է ձևավորվել, որ սիրահարները խոսել են միմյանց հետ, երբ Ջուլիետը եղել է պատշգամբում, և սա այնքան տպավորիչ ու արմատական բնույթ է ստացել, որ նույնիսկ հետագայում՝ 19-րդ դարի վերջին, երբ Էդմոն Ռոստանը գրում էր Սիրանո դե Բերժըրակը, ստեղծեց սքանչելի պատշգամբի տեսարանը, որ մտավ համաշխարհային դրամատուրգիայի պատմության մեջ, որպես գոհար:
«Ռոմեո և Ջուլիետ»ը էկրան բարձրացնելու փորձերը սկսվել են դեռևս համր կինոյի ժամանակներից, 1900-ականներից ի վեր բառացիորեն ամեն տարի նկարահանվել է այս պատմությունը: Քսաներորդ դարի երկրորդ կեսին՝ 1954-ին նկարահանված ֆիլմը, որի ռեժիսորն է Ռենատո Կաստելանին և որ նույն տարում Վենետիկի կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակին, բարձրացրեց բոլոր չափանիշները այս գրական նյութը էկրանավորելու հարցում: Վերոնայում՝ իրական միջավայրում արված նկարահանումները, տեքստի հանդեպ բացառիկ խնամքը, դերակատարների ընտրությունը՝ (նախերգակի դերում նկարահանվել է շեքսպիրյան հանճարեղ դերասան Ջոն Գիլգուդը, որ Ռոմեոյի բեմական կատարումներից անգերազանցելի է համարվել բոլոր ժամանակներում), ժամանակաշրջանի ճշգրիտ ու կատարյալ նկարագրությունը ֆիլմի արժեքներն են:
1968-ին աշխարհը ցնցեց Ֆրանկո Ձեֆերելիի նկարահանած «Ռոմեո և Ջուլիետը» Նինո Ռոտայի խենթացնող երաժշտությամբ, նախորդից ոչ պակաս, գուցե և ավելի արժեքով: Դերակատարների ընտրությունը տևել է երեք ամսից ավել, ի վերջո կանգ առնելով Օլիվիա Հասիի և Լեոնարդ ՈՒայթինգի վրա: Երկուսն էլ անփորձ, կարելի է ասել կինոյում իրենց առաջին փորձն էին անում, առաջին ու թերևս վերջին, քանի որ այս ֆիլմից հետո որևէ նշանակալի դեր չխաղացին կինոյում, բայց հանդիսատեսի համար մնացին Ռոմեո և Ջուլիետ: Մինչև անգամ 2015-ին՝ ամռանը աշխարհը շրջեցին, իրենց կերտած կերպարների շնորհված իրավունքով և ներկայացրին մի նախագիծ, որ կոչվում էր՝ Սոցիալական ինքնասպանություն: Այս նախագիծը երիտասարդներին զգուշացնում էր միմյանց հետ սոցիալական ցանցերի միջոցով վիրտուալ հարաբերությունների, մարդկային ջերմ շփումից խորթանալու վտանգի մասին: 1996-ին՝ ամերիկյան «Ռոմեո+Ջուլիետ» ֆիլմը նկարվեց, Լեոնարդո դե Կապրիոն գլխավոր դերում, ուր փորձ էր արվել պատմությունը բերել մեր օրերը: 2013-ին, 2015-ին նորից անդրադարձել են այս գործին կինոյում:
Այս ողբերգությանն է անդրադարձել 1830-ին կոմպոզիտոր Բելինին, այս նյութի հիման վրա 1839-ին Բերլիոզը սիմֆոնիկ պոեմ է գրել, թեմային 1869-ին անդրադարձել է Չայկովսկին, 1938-ին Պրոկոֆիեվը գրեց իր բալետը, որ 1954-ին սովետական ֆիլմ-բալետ նկարահանվեց Գալինա ՈՒլանովայի հանճարեղ կատարմամբ ու Կաննի կինոփառատոնում ստացավ գլխավոր մրցանակ, 2001-ին Փարիզում բեմադրվեց Ժերար Պրեսժուրվիքի՝ «Ատելությունից սեր» ենթավերնագրով երաժշտական կոմեդիան և տասը տարի աշխարհով մեկ շրջելուց հետո այսօր էլ դեռ բեմի վրա է: 2007-ին իտալացի երգահան Ռիկարդո Կոչանտեն նոր մյուզիքլ գրեց, որի առաջնախաղը տեղի ունեցավ հենց Վերոնայում: Էլ չհիշենք, թե գրական որքան գործեր են գրվել ազդված այս ողբերգությունից՝ «Լեյլի Մեջլումը», որ Մերձավոր ու Միջին Արևելքում ամենատարածված լեգենդն է դժբախտ սիրո մասին, Թումանյանի՝ «Անուշը», Շիրվանզադեի՝ «Նամուսը»: Ամերիկացի գրող Արթուր Լորենցը 1950-ականներին գրեց իր «ՈՒեստ Սայդյան պատմությունը», որի հիման վրա Լեոնարդ Բեռնսթայնը գրեց մյուզիքլ, որ 1957 թվից մինչ այսօր խաղացվում է աշխարհի չորս ծագերում: 1961-ին ըստ այդ ներկայացման ֆիլմ նկարահանվեց, որը նույն տարում տասը Օսկար մրցանակ շահեց, ներառյալ՝ լավագույն ֆիլմ:
Ես փորձեցի կցկտուր ներկայացնել այս գրական գործի անցած փառավոր ճանապարհը:
Հայ բեմը, որ շեքսպիրյան փայլուն ավանդույթներ ունի համեմատաբար քիչ է անդրադարձել «Ռոմեո և Ջուլիետին»: Պրոկոֆիեվի բալետը բեմադրվել է պետական օպերայում, 1960 ականներին Վարդան Աճեմյանը բեմադրեց Սունդուկյանի անվան թատրոնում, Դրամատիկականում Արմեն Խանդիկյանը, Պատանի Հանդիսատեսի թատրոնում Համլետ Հովհաննիսյանը, հեռուստաթատրոնում՝ Կառլեն Վարժապետյանը: Եվ նշածս բեմադրություններից ոչ մեկն էլ երկար ապրող ներկայացումներ չեղան: Մենք բոլոր նշածս բեմադրություններում օգտագործել ենք Խաչիկ Դաշտենցի թարգմանությունը:
ՈՒրեմն ինչ գաղտնիք է թաքնված այդ տողերի տակ, որ գործն իր գրական արժեքով ապրում է մինչ այսօր:
Երկու Վերոնացի ազնվական ընտանիքներ թշնամիներ են: Մեկի աղջիկը և մյուսի տղան առաջին հայացքից վառվում են սիրով ու թերևս այդ սիրո արգելքն է, որ անդիմադրելի կիրք է ծնում երկուսի մեջ էլ: Ռոմեոյի հոգևոր հայրը՝ Լավրենտիոսը, որ յուրատեսակ Հայր Վալենտին է գաղտնի պսակում է նրանց: Որ այս սերը չի ունենալու երջանիկ ընթացք և ավարտ հայտնի է առաջին իսկ պահից, երբ նրանք նույնիսկ չեն էլ հանդիպել: Մինչ Ջուլիետին տեսնելը Ռոմեոն ասում է.
…քանզի իմ հոգին
Կարծես զգում է, որ մի չար աղետ, աստղիս առընթեր,
Պիտի դառնորեն սկսի դժնի իր տարեթիվը
Հենց այս գիշերվա խրախճանքներից՝ վախճան դնելով
Այն անարգ կյանքին, որ ամփոփված է իմ այս կրծքի մեջ,
Տարաժամ մահվան նվաստ հարվածով:
Չարագուշակ են նաև Ջուլիետի խոսքերը, երբ նա հրաժեշտ է տալիս Ռոմեոյին իր պատշգամբից:
Աստվա՜ծ իմ, հոգիս չաևագուշակ է:
Հիմա, որ ցած ես, կարծես այստեղից
Ես քեզ տեսնում եմ գերեզմանի մեջ
Որքան պատանիները կրքով բռնկված ձգտում են հասնել միմյանց, այնքան ճակատագիրը արգելքներ է ստեղծում, իրենց դարձնելով սիրո էմբլեմ: Միամիտ կլիներ կարծել, թե երկու թշնամի ընտանիքներն են պատճառը այս սիրո ողբերգական վերջաբանի: Եվ եթե ամեն ինչ ի վերուստ նպաստեր այս սիրո երջանիկ ավարտին արդյո՞ք դա կլիներ սիրո հաղթանակը, թե այն կխեղդվեր կենցաղի մեջ ու կմեռներ: Իրենք լույսն են հասարակության, նույիսկ ճակատագրի մթության մեջ: Լուսավոր են երկուսի էլ տեքստերը: Համեմատությունները լուսնի, արևի, աստղերի պայծառության հետ: Ռոմեոյի տեքստը գրված է սոնետի նման սիրո, քնքշանքի, լույսի հրավառություն.
Օ՜, նա վառվում է ավելի պայծառ, քան թե ջահերը;
Գիշերվա այտի վրա այնպես է շողում,
Ինչպես ճոխ գոհար՝ եթովպուհու ականջից կախված.
Սաստիկ շքեղ է տիրելու համար, խի՛ստ չնաշխարհիկ՝ աշխարհի համար:
Ինչպես ձյունաթույր աղավնին փայլի ագռավների մեջ,
Այդպես էլ նա է իր ընկերների համեմատությամբ:
կամ՝ Օ՜, հազար անգամ մութ է գիշերը առանց քո լույսի:
Ողբերգության մեջ որպես կերպար առանձնանում Հայր Լավրենտիոսը: Հոգևոր հայր ում համար Աստված նախ և առաջ Սեր է և հետո Հույս ու Հավատ: Դեպքերի ողբերգական ընթացքը գլխիվայր շրջում է հոգևորականի պատկերացումները հավատքի ուժի մասին՝ Աստված այն է, ինչ քո կամքից վեր է, դու կարող ես ծրագրել, բայց ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կորոշի ճակատագիրը, դեպքերի ընթացքը այլ խոսքով՝ Աստված:
Շեքսպիրը Մերկուցիոյի՝ Ռոմեոյի մտերիմ ընկերոջ և Վերոնայի դուքսի զարմիկի կերպարը ստեղծելիս փայլատակում է իր ողջ հանճարով: Մերկուցիոն բարձր է իր ինտելեկտով, իր ազնվությամբ, պատվախնդրությամբ, հավատարմությամբ, հումորի զգացմամբ: Բարձր է երկու ազնվական ընտանիքներից էլ, հասարակությունից էլ, ժամանակից էլ: Նա ժամանակակից է բոլոր դարերում: Մի տեսակ հակահասարակական անհատականություն, որ արհամարանք ունի վտանգի հանդեպ: Նրա տեքստերը հագեցած են սուր ծաղրով, նույնիսկ ցինիզմով մարդկային կրքերի, ցանկությունների ու դրանից ծնված թշնամանքների հանդեպ: Մանր կրքերից, մաշված հոգիների հանդեպ: Նա յուրատեսակ ծաղրածու է, ազատ ոգու տեր փիլիսոփա, դուրս բոլոր դոգմաներից, միայն բանականության վրա հենված ճշմարտությամբ ապրող: Ռոմեոյի և Մերկուցիոյի ընկերությունը, նրանց սերը միմյանց հանդեպ պիեսի մեջ մի ամբողջական պիես կարծես լինի: Մերկուցիոյի հետ զրույցներում Ռոմեոն հասուն տղամարդ է, ընդունակ սեքսուալ բնույթի սուր կատակներ անելու: Որքան սերը դարձնում է նրան անկամ, ջղագրգիռ, այնքան, պատվախնդրությունը դարձնում է ուժեղ ու առաքինի: Շեքսպիրը սպանում է Մերկուցիոյին երրորդ արարում, դրանով իսկ որոշում ողբերգության ամբողջ հետագա ընթացքը:
Որևէ դարում, որևէ բեմադրիչ կարող է մեկնաբանել շեքսպիրյան գործերը, նույնպես և Ռոմեո և Ջուլիետը: Կարող է մի նոր շերտ բացել կամ ամբողջովին նոր մեկնաբանություն տալ: Դրա հնարավորությունը Շեքսպիրը շռայլորեն ժառանգել է սերունդներին:
Այսօր կյանքն այն աստիճան է նյութականացված, որ ունենալն ավելի բարձր արժեք է, քան իմանալը, հասարակության մեջ արհամարանքի են արժանանում նրանք, ովքեր ապրում են ոչ նյութական արժեքներով: Փողը փողի հետ է ամուսնանում ու հավերժ սիրելու խոստում տալիս, ովքեր էլ որ զրկված են այդ հնարավորությունից դա իրենց դժբախտությունն են համարում: Սիրելը կամ սիրո մասին խոսելը համարվում է ոչ նորաձև: Եվ, որ ամենասոսկալին է, սիրվելու արժանին փողով հարուստն է միայն: Բայց ինչպես վերը նշեցի այսօր էլ դեռ անդրադառնում են այս նյութին: Վստահ եմ, որ այս «ոսկու տենդը» անցնելուց հետո, իսկ դա կլինի և շատ շուտով, գալու են ռոմեոները և ջուլետները: