Ալիսը մանկության աշխարհում
Վիրջինիա Վուլֆը գրում է, որ Լյուիս Քերոլի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը մանկական գրականություն չէ, այլ մի գրականություն, որտեղ չափահաս մարդը դառնում է երեխա: Քերոլի հեքիաթների տարածությունը մանկական աշխարհ է, որ շարժվում է սեփական տրամաբանական, լեզվաբանական և ֆիզիկական օրենքներով, հենց դրա համար էլ կախարդական և զարմանալի աշխարհ է: Ալիսն այս հեքիաթում մեծանում է և փոքրանում, նայած թե սունկը որ կողմից է կծում: Համաձայնեք, որ մեծանալու և փոքրանալու պարադոքսը հեքիաթում առանցքային է:
Երբ գիրքը հրատարակվեց 150 տարի առաջ, խիստ քննադատության ենթարկվեց, ինչը կարող է նշանակել, որ գիրքը նորարարական էր, մշակութային մեծ փոփոխություն չափահասության և մանկության վիկտորիական ըմբռնումներում: Ալիսան վիկտորիական դարաշրջանի իդեալական փոքրիկ լեդի է՝ իր սահմանափակություններով և նախապաշարումներով, և նրա արկածները, տրամաբանական և լեզվաբանական պարադոքսները, որ պետք է լուծի, նախանշում են այդ փոփոխությունները: Գիրքը սովորեցնում է՝ ինչպես լինել երեխա, այլ ոչ թե չափահասի փոքրացված մոդել:
Ինչպե՞ս են երեխաները հեքիաթ լսում: Դա մշակութային ծես է, որ տեղի է ունենում չափահասի և երեխայի միջև: Ինքը՝ Չարլզ Դոջսոնը, Ալիսին իր հեքիաթը պատմել է մի ամառային օր՝ 1862-ի հուլիսի 4-ին, երբ Ալիսի և նրա քույրերի հետ Այսիս գետում լողում էին նավակով: Սովորաբար հեքիաթում կան չար և բարի կերպարներ, և երբ հեքիաթում չար վհուկները, կերպարներ որոնք երեխային անտանելի վախ են ներշնչում, սկսում են վնասել, նա դադարեցնում է ընթերցանությունը: Ըստ մի հոգեբանի՝ արթնանում են նրան «թունավորող» ներքին հալածող օբյեկտները: Մայրը, վերցնելով երեխայի ձեռքը, իր մեջ է առնում նրա տագնապները, վերամշակում՝ «թունազերծում է» դրանք, ապա վերադարձնում երեխային և տագնապը տանելի դարձնում: Այս կերպ երեխայի զգացումները դառնում են ավելի հասուն, այսպես նա վարժվում է համապրմանը՝ էմպատիային, որը մարդկային հոգեկանը ճանաչելու միակ ուղին է: Այս ընթացքը ժամանակակից հոգեվերլուծության մեջ «կոնտեյներացում» է կոչվում:
Լյուիս Քերոլի հեքիաթի հեղափոխական նշանակությունն այն է, որ նա առաջարկեց հեքիաթի նոր հարացույց: Եթե նրա հեքիաթի նշանակությունն այն է, որ երեխային տեղափոխի կախարդական աշխարհ, որտեղ երեխան, հերոսի հետ անցնելով փորձությունների միջով, հոգեպես ամրապնդվի, և ի վերջո հաղթանակած դուրս գա, ապա 19-րդ դարում այդպես չէր, հեքիաթը դաստիարակչական գործառույթ ուներ: Պատմվող հեքիաթն անհնազանդ երեխայի պատժվելու մասին էր, երեխային վախեցնելու նպատակ ուներ: «Կարմիր գլխարկի» անգլիական առաջին հրատարակությունում (1810) գայլը վերջին տեսարանում ուտում է Կարմիր գլխարկին, որովհետև նա չէր հետևել մայրիկի ցուցումներին:
Ալիսը հեքիաթում հետաքրքրասեր է և գործում է ըստ իր հայեցողության, ինչը վիկտորիական դարաշրջանում դատապարտվում էր հատկապես երիտասարդ լեդիների դեպքում. հեքիաթը գլխիվայր շուռ է տալիս վիկտորիանական բարքերը: Գիրքը կոչ է մեծերին և փոքրերին վայելելու սեփական երևակայությունը առանց բարոյականության ճնշման: «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» հեքիաթը կոչ է հարգել մանկությունը:
Այն հանգամանքը, որ երեխայի մեջ կարելի է զարգացնել համապրման զգացողությունը հեքիաթի միջոցով, դա իհարկե նոր ժամանակների իրողություն է, ընդամենը երկու-երեք դարի պատմություն: Երեխա, հեքիաթ, երևակայություն, «մանկական աշխարհ» հասկացությունները թվում են այնքան կապակցված, որ դժվար է պատկերացնել, թե երբևէ դրանք չեն կապակցվել: Բայց այդպես է:
Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է. «Տղան ներսի ապրանք է, աղջիկը՝ դրսի»: «Ապրանք» բառը հավանաբար կապված է ապրելու հետ և նշանակել է ամեն մի իր, որ կյանքի համար անհրաժեշտ է՝ ընտանի կենդանիներ, կահույք, հողամաս և նաև տղաներ ու աղջիկներ: Երեխաների մեծ մասը, սակայն, մեռնում էր վաղ հասակում, և քչերն էին հատում հինգ տարեկանի սահմանը: Վերապրածներին ծնողները ստիպում էին առավել արագ յուրացնել չափահաս կյանքի կանոնները՝ աշխատանքային հմտություններից մինչև ամուսնություն: Հիշենք թումանյանական՝ «Ժիր էր Մարոն, դուրեկան,/Նոր էր ինը տարեկան»: Այնպես որ երեխան, ժամանակակից իմաստով, մանկություն չուներ: Նրա կարգավիճակը շատ չէր տարբերվում բանող կենդանիների կարգավիճակից, նրան սպասվում էր ընտանեկան ճորտության ապագան: Հայկական ժողովրդական խոսքը հարուստ է երեխաների սեռական օրգանների հիշատակությամբ՝ «պուպուլդ ուտեմ» և այլն, ինչը միանշանակորեն ցույց է տալիս, որ մեծերի ամենասիրելի խաղերից էր փոքրիկ տղայի սեռական օրգանների հետ խաղալը: Այդպես էր Հայաստանում, այդպես էր միջնադարյան Եվրոպայում: Այս ամենը շատ հեռու է երեխայի անմեղության մասին ժամանակակից պատկերացումից: Երեխան հայտնագործություն է, որ պետք է արվեր:
Երեխայի «հայտնագործությունն» արևմտյան աշխարհում նկարագրել է Ֆիլիպ Արիեսն իր «Երեխան և ընտանեկան կյանքը հին կարգերի օրոք» հայտնի գրքում (1960): Օրինակ՝ նա ցույց է տալիս, որ մինչև 12-րդ դարը նկարիչները երեխաներին, բացի որոշ կրոնական սյուժեներից, բոլորովին չէին պատկերում, իսկ հետո պատկերում էին իբրև չափահաս մարդու փոքրացված կերպ. երեխաները հագնվում էին ինչպես չափահասները և այլն: Հայերեն «հասակ» բառը նշանակում է և՛ տարիք, և՛ բոյ, այսինքն՝ ենթադրում է, որ չափահասը «մեծ» է, իսկ երեխան՝ «փոքր», նրանց տարբերությունը քանակական է: Ֆիլիպ Արիեսը ենթադրում է, որ տարիքային տարբերությունները ձևավորվում են սոցիալական հաստատությունների ազդեցության տակ: Օրինակ՝ երեխան ընտանիքում զվարճալի էակ է, որի հետ կարելի է խաղալ, «երես տալ» և ընթացքում դաստիարակել:
Մանկության պատկերացման հետագա փոփոխությունը տեղի է ունենում դպրոցի ազդեցությամբ, իհարկե՝ նոր դպրոցի, ոչ թե Տեր Թոդիկի: Դպրոցը բերում է տարիքի իր ըմբռնումը՝ դասարանը: Ոչ թե քանի՞ տարեկան ես, այլ որ դասարանում ես:
Ժան-Ժակ Ռուսոն համարում էր, որ «ընթերցանությունը մանկության պատիժն է», որովհետև գրագիտության միջոցով է երեխան դառնում չափահաս, «հասունության վկայական» ստանում: Բայց միջնադարում, որտեղ գրագիտությունը միայն քչերին էր մատչելի, ավելի կարևոր էր բանավոր խոսքին տիրապետելը: Արևմուտքում համարվում էր, որ յոթամյա երեխան արդեն լիարժեք տիրապետում է խոսքին, ուստի պատասխանատու է իր արարքների համար: Գուցե՞ հենց այդ պատճառով է քերոլյան Ալիսը յոթ տարեկան:
Որքան կատարելագործվում էր տպագրական հաստոցը, որքան շատանում էին գրքերը, այնքան փոխվում էր անհատը: Գրքերն այլևս բարձրաձայն չէին կարդում, այլ միայնության մեջ և լուռ: Ընթերցանությունը սկսում է ոչ միայն գիտելիք տալ, այլև անհատականություն ձևավորել:
Դպրոցի շնորհիվ է, որ ձևավորվեց մանկական մշակույթը, մանկական հագուստից մինչև վարքը, հատուկ դպրոցական ժարգոնը, դպրոցական կյանքը՝ «դպրոցական մանկական աշխարհը»: Սակայն առաջին մանկական գիրքը՝ «Ջեքը հսկաներին հաղթողը», հայտնվում է միայն 1744-ին:
Մանկության ձևավորման համար ոչ պակաս նշանակություն ուներ մարմնական հիգիենան. «փնթի»՝ նշանակում է «վատ երեխա»: Մարմնի, սեռականության և սոցիալականության հսկողությունը բերեց ամոթի զգացման ուժգնացում. չափահասների շրջապատում հայտնվեցին գաղտնիքներ երեխաներից: «Վատ» բառերից բացի, երեխան չպետք է իմանար փողի, բռնության, մահվան հետ կապված բազմաթիվ բաներ, որոնք նրան մատչելի պետք է դառնային հասունանալուն զուգընթաց: Մանկական գրքերում այդ գաղտնիքները չպետք է բացահայտվեին:
Մանկության ժամանակակից գաղափարը 18-րդ դարի ծնունդ է: Երևան եկավ սենտիմենտալ վեպը, որը սկսեց ներկայացնել մարդու ներքին կյանքը, ինչի շնորհիվ մարդիկ սկսեցին հավատալ, որ մյուսները իրենց նման են զգում: Սկսեցին դատապարտել դատական կտտանքները, կարեկցանքի արտահայտությունը կարևոր նշանակություն ստացավ: Համերգները և ներկայացումները սկսեցին լուռ նայել՝ հանդիսատեսը սկսեց «վերապրել», գեղանկարչության մեջ դիմանկարը փոխարինեց պատմական ժանրի գերակայությանը, վեպերը և թերթերը սկսեցին նկարագրել մասնավոր կյանքը և դրա հետ մեկտեղ սկսեցին վիճարկել հոր բացարձակ իշխանությունը զավակների վրա:
Ռուսոն առաջինն էր, որ մանկությանն ուղղված նոր հայացք բերեց. երեխան ինքնուրույն էակ է, արժեք առանց հարաբերվելու, թե ով կդառնա: Ռուսոն փառաբանում էր երեխայի բնական հատկանիշները՝ ինքնաբուխ եռանդը, անմիջականությունը, չարաճճիությունը, որ դպրոցը ձգտում էր ճնշել:
Այս ամենը կարելի է միավորել մեկ ընդհանուր անունով՝ էմպատիա, համապրում: Զգացմունքը, հույզերը սկսեցին նույնքան բարձր գնահատվել, որքան բանականությունը, զգայականությանը վերաբերող գիտությունը՝ էսթետիկան տարանջատվեց փիլիսոփայությունից: Իսկ զգացմունքը գրականության և արվեստի ոլորտն է:
Ռոմանտիկների շրջանում առաջացավ ժողովրդական բանահյուսության, այդ թվում՝ հեքիաթների պաշտամունքը: Նրանց թվում էր, որ ժողովրդական հեքիաթների ոգին համապատասխան է մանկական հոգուն, և երեխան վերապրում է աշխարհը իբրև հրաշքների աշխարհ: Հավանաբար հակառակը՝ հեքիաթների շնորհիվ երեխաները սեփական աշխարհն ունեցան:
Հայաստանում ևս մանկության նոր գաղափարը գալիս է դպրոցի և ընթերցանության հետ կապակցված: Հայկական Ռուսոն Խաչատուր Աբովյանն էր, որ մանկական ընթերցանության համար կազմեց «Նախաշավիղը» և «Պարապ վախտի խաղալիքը»: «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում նա գրում է. «Էս միջոցումը Աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի:Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելին էին սիրում, քան մերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներում նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին էն բաները, որ մարդու սիրտը կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի սիրիլ: Ո՞վ չի ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը էսպիսի բաներ ըլին, թող աչքս հանեն»։ Ըստ Աբովյանի՝ երեխան սովորում է համապրման «սիրելու» շնորհիվ, զգացմունքային էակ է: Բայց նկատենք, որ նա դեռ հեռու է մանկական ավտոնոմ աշխարհի ըմբռնումից, նրա մանկական գրականությունը դեռևս զուտ դիդակտիկ է: Այդ աշխարհի հայտնագործողը Հովհաննես Թումանյանն էր: Բայց, իհարկե, «Վերք Հայաստանի»-ն գրված չէ երեխաների համար, նրա լսարանը ազգն է: Լուսավորել ազգը՝ չի նշանակում միայն նրան բնագիտական կամ բանասիրական ժամանակակից գիտելիք տալ: Արևմուտքում հայերին համարում էին անհոգի, չոր, հաշվենկատ ժողովուրդ, և Աբովյանը կարծում էր, որ հարկավոր է ազատագրել նաև զգացմունքները. «է՛ս հո էս. Եվրոպիումը էլ որ չէի կարդում գրքերում, թե հայ ազգը պետք է սիրտ չի ունեցած ըլի, որ էնքան բաները գլխովն անց են կացել, մեկ մարդ իլա չի դուս էկել, որ մեկ սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու վրա ա, Աստծո ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոֆոկլեսի գրքերը էրեխեքն էլ գլխատակներին ունեին, չունքի բոլոր աշխարհի բաներ են: Թե ասեի՝ բոլոր եվրոպացիք են անխելք անհավատ, որ Աստծո բանը թողած էսպիսի ծռտի-մռտի բաների հետ ընկել, հիմարություն կըլեր… լավ գիտում էի, որ մեր ազգը էնպես չէ՛ր, ինչպես նրանք ասում էին, ամա ի՞նչ անես. անաղուն շաղացի քարն էլ չի՛ պտիտ գալիս, ո՞ւմ ասես»։ Եթե գրքերում եկեղեցին ճնշել է ամեն մի մարդկային զգացմունք, տվել միայն անհոգի քարոզչական գրականություն, ապա ժողովուրդը պահպանել է այդ զգացմունքներն իր բանավոր խոսքում. «Ախր ի՞նչ պետք էր արած, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգեր իմանային. մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե օսմանցվի, թե ղզլբաշի երկրումը ինչքան էնպես երևելի, խելոք, հունարով մարդ են էլել, ինչքան խանի, սուլթանի դռներին սիրեկան աշըղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են էլել, շատը հայ ա էլել»:
Մանկության մշակութային պատմությանը վերաբերող հրապարակումները Ֆիլիպ Արիեսից հետո հեղեղի նման աճեցին, մինչդեռ, ցավոք սրտի, այդպիսի հրապարակումներ չկան նույնիսկ սովետահայ մանկության մասին: Մանկության մշակութային պատմությունը հետազոտվել է նաև «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գրքի օրինակով (Gordon, Jan B. The Alice Books and the Metaphors of Victorian Childhood. Lewis Carroll. Ed. Harold Bloom. New York: Chelsea House, 1987 և այլն): Այդ հետազոտությունները կարևոր են, որովհետև խնդրականացնում են մանկությունն այսօր: Հեգելի նշանավոր ասույթը, որ պատմության բուն արթնանում է մթնշաղին, մեզ դրդում է մտածել, որ մանկությունն «անհետանում է», ինչպես կարծում է Հարվարդի պրոֆեսոր Նիլ Փոսթմանը (Neil Postman, The Disappearance of Childhood. New York: Vintage Books, a division of Random House, Inc., 1994.): Ըստ նրա՝ գոյություն ունի զուգահեռ լեզուն սովորելու և երեխա դառնալու հանգամանքի միջև: Մարդը կենսաբանորեն ընդունակ է խոսելու և նրան կենսաբանականորեն անհրաժեշտ է մանկության շրջան, բայց խոսելու և մանկություն ունենալու համար հարկավոր է հասարակություն:
Փոսթմանը մանկության ճգնաժամը տեսնում է ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաներում, հատկապես հեռուստատեսությունում: Այժմ դրան կարելի է ավելացնել համակարգիչը, ինտերնետը կամ iPhone-ները: Այժմ հեքիաթ չեն կարդում, այլ մուլտֆիլմեր են նայում և համակարգչային խաղեր խաղում: Մանկական գրականությանը, որ կապված է խոսքի, տրամաբանության և մտածողության հետ, գալիս է փոխարինելու տեսողական արտադրանքը: «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գրքի սկզբում կարդում ենք. «Մեկ- երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ոչ նկար կար, ոչ էլ խոսակցություն: «Էլ ի՞նչ գիրք, մտածեց Ալիսը, որ ոչ նկար ունի, ոչ խոսակցություն»: Ալիսին շատ դուր կգար հեռուստատեսությամբ մուլտ նայելը, այնտեղ միայն նկարներ են:
Երեխան, ըստ Փոսթմանի, պետք է համոզված լինի, որ չափահասները կարող են զսպել իրենց ագրեսիվ մղումները: Այդ համոզմունքը նրան օգնում է ավելի վստահ դառնալ, զարգացնում է աշխարհի նկատմամբ ռացիոնալ վերաբերմունք, որն անհրաժեշտ է սովորելու, իսկ ապագայում կյանքի փորձությունների դեմ պայքարելու համար: Դա չի նշանակում, որ երեխան չպետք է իմանա կյանքի մութ կողմերի մասին: Կան երեխաներին չափահասների «գաղտնիքները» հայտնելու դարերով մշակված ձևեր: Այդպիսի ընդունելի ձևերից է հեքիաթը: Պատմվելով մայրական ծանոթ փաղաքշական ձայնով, նաև երջանիկ ավարտ ունենալով՝ հեքիաթն օգնում է երեխային ավելի հեշտ յուրացնել իմացությունը բռնության մասին, աշխարհի ընդհանուր պատկերը:
Երբ գնում եմ հայրական տուն, իմ փոքրիկ ազգականը կանչում է միասին մուլտիկ նայելու, երբեմն էլ՝ թարգմանելու: Ստացվում է, որ նրան հեքիաթ եմ պատմում: Ամեն ինչ կորած չէ։
Վարդան Ջալոյան