Հոդված՝ Պատանեկությունը և սերը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում
Հեղինակ՝ Վարդան Ջալոյան
Վերածնունդի ժամանակ Իտալիայում տարածում է գտնում մի սյուժե՝ հայտնի դեռ անտիկ ժամանակներից. Երկու սիրող սրտերը զոհվում են ընտանիքների թշնամության ժամանակ: 1562 թվականին այդ պատմությունն Արթուր Բրուկի կողմից չափածո է թարգմանվել ՝ որպես «Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմություն», և վերապատմվել է արձակ շարադրանքով Ուիլյամ Փեինթերի կողմից 1567 թվական։ Նրանք էլ աղբյուր են ծառայել Շեքսպիրի պիեսի համար: Ենթադրվում է, որ Շեքսպիրը պիեսը գրել է 1591-1595 թվականների ընթացքում․ այն առաջին անգամ հրատարակվել է 1597 թվականին։ Ինչո՞ւ է ընտրել այս սյուժեն. Շեքսպիրը սիրում էր լավ հին պատմություններ, ինչպես գրում է Հիլբերտ Չեսթերթոնը: Եվ դա նրա առաջին ողբերգությունն էր:
Կա այսպիսի կինոնկար` «Սիրահարված Շեքսպիրը»: Իբր Շեքսպիրը սիրահարվել է և ստեղծել այս պիեսը: Ֆիլմում որպես խորհրդատու հանդես է եկել հայտնի շեքսպիրագետ Սթիվեն Գրինբլատը, բայց, տեսնելով, որ ստացվում է էժանագին հոլիվուդյան մելոդրամա, վրդովված հրաժարվել է: «Ռոմեոն և Ջուլիետը» համարվում է պարզ պիես, առանց փիլիսոփայական խորության, օրինակ՝ «Համլետի» կամ «Օթելոյի» համեմատությամբ:
Նկատենք, որ հայաստանյան բեմում «Ռոմեոն և Ջուլիետը» հազվադեպ են բեմադրվել, ի տարբերություն, ասենք, համանման «Անուշ» օպերայի: Երկուսն էլ ռոմանտիկական «դժբախտ» պատմություններ են, բայց հավանաբար «Ռոմեո և Ջուլիետ»-ի էրոտիկան հայաստանյան հանդիսատեսի համար չափից ավելի է՝ չնայած նույն ողբերգականության: Ժամանակակից գրող Վահրամ Մարտիրոսյանը՝ «Սերը Մոսկվայում» վեպի հեղինակը, կարող է պնդել, որ նա արևելահայ առաջին սիրավեպի հեղինակն է: Երևի չհաշված Նար Դոսի «Սպանված աղավնին», բայց նկատենք, որ, ի տարբերություն Վահրամ Մարտիրոսյանի վեպի, սիրային զգացումներն այնտեղ շատ քիչ տեղ են զբաղեցնում: Սառան ամենուր երևում է Ավգուստ Բեբելի «Կինը և սոցիալիզմը» գիրքը թևատակին: Վեպում շատ է խոսվում հենց կնոջ անհավասարության և կնոջ նկատմամբ անազնիվ մոտեցման մասին:
Ժամանակները փոխվում են, և «Սպանված աղավնին» ֆիլմում կարող են լինել բաց տեսարաններ, կամ Ռուդոլֆ Խառատյանը կներկայացնի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը: Ակնհայտ է Արևմուտքի «քայքայիչ» ազդեցությունը ոչ միայն մտավորականների, այլև «մատաղ սերնդի» վրա:
Ռոմեոն և Ջուլիետն ինքնասպան եղան, որը մեծագույն քրիստոնեական մեղքերից է, բայց Շեքսպիրին կարծես դա չի անհանգստացնում: Բրուկի մոտ Ռոմեոյի և Ջուլիետի սերը ցույց է տրված իբրև մոլորություն և ավելորդ կիրք, որի համար նրանք պատժվում են: Շեքսպիրի մոտ Ռոմեոյի և Ջուլիետի սերը բարոյական բարձր արժեք ունի, և դրա շնորհիվ երկու ընտանիքները հաշտվում են: Ալեն Բադյուն գրում է, որ «առանց սիրո պատմությունների, առանց պայքարի սերը ազատագրելու ընտանեկան սահմանափակություններից, թատրոնը չի կարող շատ առաջ գնալ»: Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» համապատասխանում է Բադյուի ակնկալիքներն հեղափոխական թատրոնի ու ճշմարիտ հեղափոխական սիրո վերաբերյալ, որ ձեռնոց է նետում ընտանիքի, պետության և եկեղեցու օրենքներին:
Համեմատենք Հովհ. Թումանյանի «Անուշի» հետ: Մոսոն և Սարոն ընկերներ են, Սարոն «հավանում» է Անուշին: Այստեղ չկան ոչ թշնամություն ընտանիքների միջև, ոչ սոցիալական խնդիր: Հավանաբար, եթե չլիներ չարաբաստիկ դիպվածը, Սարոն և Անուշը կամուսնանային, կապրեին գյուղական ընտանիքի սովորական կյանքով: Բայց ճշմարիտ սերը ապստամբություն է, այն կարիք չունի Մոսոյի կամ այլ մեկի թույլտվությանը, այն ազատ է օրենքներից, ադաթներից, հասարակական և կրոնական պայմանականություններից: Հենց դա նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ գրում էր, որ եթե օրենքը կենդանի է, ապա մարդը մեռած է: Սիրող զույգը օրենքից դուրս է, օրենքը կամ ադաթը մահացու է նրա համար, «Անուշի» կամ «Ռոմեո և Ջուլիետի» պատմությունները այդ մասին են:
Թումանյանի և Շեքսպիրի միջև կա մեկ այլ զուգահեռ: Սթիվեն Գրինբլատը գրում է. «Ռոբերտ Գրինի նման նախանձ ժամանակակիցներին Շեքսպիրը թվում էր յուրատեսակ թատերական Յագո, որ գողանում է ուրիշների աշխատանքը: «Օթելոյում» Շեքսպիրը կարծես ընդունում է իր հարազատությունը չարամիտ իմպրովիզատորի հետ, պատկերում է և հետազոտում է, բայց, իհարկե, նրա վերաբերմունքը թատրոնի և մշակույթի հանդեպ… իհարկե ավելի բարդ է»: Մեկ ուրիշ տեղ Սթիվեն Գրինբլատը Շեքսպիրին անվանում է գրական որսագող, նկատի ունենալով ուրշների սյուժեները և հնարքները յուրացնելու նրա կարողությունը, նկատի ունենալով որսագողության հետ կապված կենսագրական դրվագը: Իհարկե, «Անուշի» և «Թմկաբերդի» հեղինակը ևս մեղադրվել է գրագողության մեջ և դա միայն կենսագրական զուգահեռ չէ: Ոչ միայն Ռուբեն Դրամբյանը, այլ նաև շատ ուրիշներ: Սիմեոն Համալյանը, օրինակ, գրում է, որ Թումանյանի բնավորությանը բնորոշ է մի «շատ տգեղ եւ անհամակրելի գիծ», որն էր՝ չնչին փոփոխություններով անհայտ հեղինակների երկերը որպես «սեփական ստեղծագործության արգասիք» ներկայացնելը: Սովորաբար ժամանակակից հայ քննադատը վրդովվում է դրամբյանիզմի դրսևորումներով, դատապարտում որպես նախանձի դրսևորում, բայց խնդիրը կարելի է տեսնել այլ տեսանկյունից: Սթիվեն Գրինբլատը շարունակում է. «Կարելի է մի բանում համաձայնվել Ռոբերտ Գրինի հետ. նա, ով Շեքսպիրի համար ծառայել է նմանակման օբյեկտ, կարելի է միայն խղճալ: Շեքսպիրը օժտված էր անսահման տաղանդով մտնել ուրիշի գիտակցության մեջ, ընկալել նրա ամենախոր կառուցվածքները, որպեսզի օգտագործի իր հնարանքներում, ներգծել դրանք իր սեփական պատմողական ձևի մեջ: Շեքսպիրի ունակությունը մտնել ուրիշների գիտակցության մեջ եւ արտահայտել կատարելապես անհամատեղելի հեռանկարները եղել է բոլոր նրանց կենտրոնական թեման, ով գրել է նրա մասին, սկսած Կոլռիջից և Կիտսից»: Համանման հզոր էմպատիայով օժտված է եղել նաև Հովհ. Թումանյանը և հենց դա է հարուցել նրա որոշ քննադատների սարսափը, այլ ոչ թե նախանձը իր փառքի նկատմամբ:
Ինչի՞ մասին է Շեքսպիտը պիեսը: Մի դեռատի օրիորդ գրում է իր բլոգում. «Կարդալով «Ռոմեո և Ջուլիետ» դրաման շատ հավանեցի, հասկացա, որ կա սեր առաջին հայացքից, Ռոմեոն ամեն ինչ արեց Ջուլիետին հասնելու համար և վերջում սիրուց դրդված երկուսն էլ մահացան: Դրաման երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին է։ Նաև շատ ֆիլմեր կան Ռոմեո և Ջուլիետի վերաբերյալ: Մինչև սա կարդալը չէի հավատում սեր առաջին հայացքից, իմ կարծիքով, սերը ուղղակի զգացմունք էր, այսպես ասած «հավանել»: Չնայած նրան, որ երկու ընտանիքները վատ հարաբերությունների մեջ էին իրար հետ, բայց ոչ ոքի կարծիքը չլսելով նրանք ամուսնացան: 21-րդ դարում դժվար գտնես մի տղա ով քեզ այնքան սիրի, որ հանուն քեզ պատրաստ լինի մահվան, գնա տարբեր փորձությունների: Կարդալով «Ռոմեո և Ջուլիետը» ուզում ես ևս մեկ անգամ կարդալ, որովհետև այնքան գեղեցիկ և ռոմանտիկ է: Թող ոչ մի սեր, այսպես դաժան չվերջանա…»: Ոչինչ, որ հեղինակը Շեքսպիրի ողբերգությունը անվանում է «դրամա», նկատի ունենալով, որ այն «դժբախտ» պատմություն է:
Րաֆֆին իր «Հայ կինը» հոդվածում գրում է, որ «հայ կինը կյանքի դատարկությունից անցնում է գերեզմանի դատարկությունը»: Չնայած XVI դարի անգլիական հասարակությունը ևս պատրիարքալ է, սակայն Շեքսպիրի նույնիսկ ողբերգական հերոսուհիները՝ Ջուլետը, Օֆելիան, Դեզդեմոնան ավելի երջանիկ են թվում, քան Րաֆֆու տված պատկերը: Բլոգի հեղինակը լավ հասկանում է այդ տարբերությունը. «Մինչև սա կարդալը չէի հավատում սեր առաջին հայացքից, իմ կարծիքով, սերը ուղղակի զգացմունք էր, այսպես ասած, «հավանել»»:
Ջուլիետը ձգտում է սիրո և երջանկության, ընդ որում՝ հենց ընտանիքում, չնայած դեռ 14 տարեկան էլ չկա: Սա Վերածննդի քրիստոնեական բարոյականության առանձնահատկություններից է: Վերածննդի դարաշրջանում ամեն մի աշխարհիկ մարդ, որ պատկանում էր ապահովված խավին, պարտական էր զգում ամուսնանալ, երեխաներ ունենալ և բազմապատկել իր հարստությունը: Ամուսնությունը տալիս է վիթխարի հաճույք և ուրախություն, պնդում է Լեոն Բատիստա Ալբերտին. «Եթե ինտիմ հարաբերությունները բարելավում են բարքերը, ապա չկա ավելի խորը և երկար մերձություն, քան սեփական կնոջ հետ: …Եվ վերջապես, եթե ազնիվ միությունը նպաստում է բարեկամությանը, ապա չկա այլ հարաբերություն, որ ակնածանք է հարուցում, քան ամուսնության սրբությունը: Ավելացրեք դրան այն փաստը, որ համատեղ կյանքի ամեն օր բերում է ուրախության եւ բարիքի նոր զգացում, լցնում սիրտը առատաձեռնությամբ»: Եվ ընդհակառակը, ամուրի մարդու կյանքը, ըստ Ալբերտիի, անմիտ է, փուչ և դժբախտ, նրա կյանքը նման է «վայրենի գազանի կյանքին»: Ամուսնությունը որպես երջանկություն է տեսնում նաև Դեզդեմոնան և այլն: Շեքսպիրը «Ձմեռային հեքիաթ»-ում գրում է.
Սովորիր միայն
Լինել երջանիկ. աստվածներն անգամ
Վեհությունն իրենց խոնարհում են միշտ ջերմ սիրո առաջ
Եվ ստանում են անասունների սովոր կերպարանք:
Ժամանակակակից փիլիսոփա Ժիլ Լիպովեցկին գրում է. «Նախկինում երբեք բանաստեղծական մտքի արգասիրքը չէր կարողացել ազդել մադկանց զգացմունքների և վարքի, տղամարդու և կնոջ հարաբերության վրա, որքան Արևմուտքում հայտնագործված սերը: Սկսած XII դարից սերն անընդհատ փառաբանել են, գովերգել և իդեալականացրել, այն բորբոքել է ցանկությունները և սրտերը և սնել է նրանց ամենախելագար երազանքները. Կրքոտ սիրո հռետորության հայտնվելուց հետո ծագեց ոչ միայն սեռերի միջև հարաբերության նոր կերպ, առաջացավ նաև ժամանակակից Արեւմուտքի ոգու զարմանալի արկածը»: Առաջանում է հոգեկան տարածություն՝ սիրահարների տիեզերքը, որտեղ տեղ կա երկուսի համար, ի տարբերություն, ասենք հայկական միջնադարյան սիրային պոեզիայի, որտեղ կինը օբյեկտ է, որի վրա պրոյեկտվում են զգացումները: Արևմուտքի սիրո ընկալումը հրաշքի նման մի բան է թվում: Եվրոպական մշակույթում առաջանում է պատկերացում, որ սերը հանդիսանում է մարդկային էության հիմքը, մի զգացում, որր հիմնված է, գերագույն լարումով ընթացող փոխադարձ ձգողության վրա:
Հայերը, ինչպես անգլիացիները, քրիստոնեա են, նրանց արժեքները ընտանիքի և սիրո հարցում պետք է նման լինեն: Քրիստոնեական պատկերացումները ընտանիքի և սիրո մասին հիմնականում հենվում են Պողոս առաքյալի թղթերի վրա: Հատկապես կարևոր է Եփեսացիներ, 5, 28-33 հատվածը: Հայերեն այն այսպես է հնչում. «28Նոյն ձեւով մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. 29որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին. 30քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկորներից։ 31«Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին»։ 32Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ։ 33Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց։»
Շատ լավ է, որ Շեքսպիրը հայերեն չի կարդացել Աստվածաշունչը: Ռուսները «խնամելու» փոխարեն, օրինակ, ունեն «греет»՝ «ջերմացնում» է: Անգլերեն այս հատվածը փոքր ինչ այլ տեսք ունի, որ ամրագրված է Ջոն արքայի (King James Version) Աստվածաշունչում. 28. So ought men to love their wives as their own bodies. He that loveth his wife loveth himself. 29. For no man ever yet hated his own flesh; but nourisheth and cherisheth it, even as the Lord the church: 30. For we are members of his body, of his flesh, and of his bones. 31. For this cause shall a man leave his father and mother, and shall be joined unto his wife, and they two shall be one flesh. 32. This is a great mystery: but I speak concerning Christ and the church. 33. Nevertheless let every one of you in particular so love his wife even as himself; and the wife see that she reverence her husband. (Ephesians 5:28-33): Հիմա «nourisheth and cherisheth» գրվում են «nourished and cherished», բայց իմաստը հասկանալի է՝ փայփայել, քնքուշ սիրել, համարել իր հույսը, իհարկե՝ նաև խնամել: Պարզ է, որ եթե լատինական և անգլիական տարբերակները ընդգծում են քնքուշ սիրո գաղափարը, այսինքն հետևում են Պողոս առաքյալի տեսակետին, որը էրոտզացնում է ամուսնությունը, ապա հայկական թարգմանությունը դեմ է դուրս գալիս այս մոտեցմանը, ընդգծելու համար կնոջ անլիարժեքիությունը: Բնագիրն աղավաղելու միջոցով, իհարկե: Այստեղ «ազգային» ոչինչ չկա. պավլիկյանները և թոնդրակեցիներն ազատ սիրո կողմնակիցներ էին: Ընտանեկան ճղճիմ բարոյականության համար «պարտական» ենք Հայ առաքելական եկեղեցուն:
Փիլիսոփայությունը հարցնում է, թե ինչն է մեր կեցության հիմքը: Սերն այդ հիմքերից մեկն է, և կանայք ստեղծում ու մտածում են սերը: Տղամարդի չի կարող դա անել և հիմնական պատճառը բթամտությունն է: 14 տարեկան Ջուլիետն ավելի խորն է, ավելի խելացի քան 20 տարեկան Ռոմեոն: 12 տարեկան Անուշը ինտելեկտով բարձր է, քան Սարոն կամ Մոսին: Զուր չէ, որ Հովհ. Թումանյանը իր պոեմը անվանել է Անուշ, այլ ոչ թե՝ Սարո և Անուշ: Շեքսպիրը համանման է մտածում: Ռոմեո և Ջուլիետի վերջաբանում ասվում է.
Քանզի չի եղել լուսնի տակ երբեք մի ողբ այնքան խոր,
Որքան Ջուլիետի և Ռոմեոյի վեպը սգավոր:
Անգլիական բնագրում փոքր ինչ այլ բան է գրված. «Որքան Ջուլիետի և նրա Ռոմեոյի վեպը սգավոր»:
Ջուլիետը խորհրդածելով այն մասին, որ Մոնդեգյու անունը չի կարող ազդել, սիրո մասին ասում է փիլիսոփային արժանի մտքեր.
Ի՞նչ կա անվան մեջ: Այն ծաղիկը, որին վարդ ենք անվանում,
Մի այլ անունով դարձյալ կարձակեր նույնչափ անուշ բույր:
Նույնպես Ռոմեոն, եթե Ռոմեո անվամբ չկոչվեր,
Դարձյալ կունենար այն անգին ձիրքը, որ այժմ ունի,
Առանց այդ կոչման: Նետի՛ր անունդ,
Դրա փոխարեն, որ քո մասը չէ,
Ա՛ռ ինձ ծայրեծայր:
Ջուլիետի սերը խորն է և անկեղծ, Ռոմեոյի սերը տհաս պատանու սեր է, և ոչ միայն Ռոզալինդի նկատմամբ: Ռոմեոյի սերը ինքն իր համար է, սիրած էակի անձը երկրորդական է: Մեր պատանի փիլիսոփան դիպուկ նկատել է՝ դա «հավանել» է: Նա գիտի «հավանելու» և սիրո դիսկուրսի տարբերությունը:
Դեռատի օրորդներն այդ սիրո փիլիսոփաներն են: Հիշենք Շեքսպիրի ամենահայտնի հերոսուհիներին՝ Ջուլիետին, Օֆելիային և Դեզդեմոնային: Նրանք բոլորը դեռատի օրիորդներ են, բոլորը մեռած: Միթե՞ բոլորը «դժբախտ աստղի տակ են ծնված», ինչպես ասվում է «Ռոմեո և Ջուլիետի» նախերգանքում: Ջուլիետը հիշատակելով գերեզմանը՝ որպես ամուսնական անկողնու փոխաբերություն, կանխազգում է մահը: Մեկ այլ տեղ Ջուլիետը ասում է.
Ե՛կ, քնքո՛ւշ գիշեր, ե՛կ, դու սիրագեղ, սևաչյա գիշեր,
Տո՛ւր ինձ իմ Ռոմեոյին: Եվ երբ նա մեռնի,
Կտրատի՛ր նրան, աստղիկնե՛ր շինիր,
Եվ նա կպճնի երկնքի դեմքը այնքան փառավոր,
Որ աշխարհն համայն կսիրահարվի չքնաղ գիշերին
Եվ էլ չի պաշտի շքեղ արևին:
Այցելելով դամբարան, ենթադրելով, որ Ջուլիետ մեռած է, Ռոմեոն նախանձում է մահվանը:
…Օ՜, քաղցրիկ Ջուլիետ:
Ինչո՞ւ տակավին այդքան սիրուն ես: Հավատա՞մ արդյոք
Որ աննյութ մահը սիրահարված է,
Եվ այդ գարշելի վտիտ հրեշը
Քեզ իբրև հարճ է պահում իր տանը այս խավարի մեջ:
Այս ռոմանտիկ մահվան համար պետք չէ մեղադրել դժբախտ պատահականությանը, ինքնասպանությանը կամ խելագարությանը: Ով խաղում է կրակի հետ, կայրվի և կայրի մյուսներին, ով մութ ջրերի խորքն է նայում, կխեղդվի, ուզում է խեղդվել:
Դժբախտ է պատանեկությունը, այդպես է մեզ ասում Շեքսպիրը և նա ճիշտ է: «Ձմեռային հեքիաթում», որ ժամանակային առումով մոտ է «Ռոմեո և Ջուլիետին», նա գրում է՝ «մարդը, ում տասը լրացել է, բայց դեռ 23 չի, թող տարիք չունենան: Ավելի լավ է պատենեկությունը քնի այդ տարիները, որովհետև այն այլ զբաղմունք չունի, քան շինել կանանց, վիրավորել ավագներին, կռվել և գողանալ»:
Յուլիա Կրիստևան գրում է. «Մենք բոլորս դառնում ենք պատանի, երբ մենք հմայված ենք բացարձակով»: Հավատացյալը հնարավոր պատանի է: Պատանին հավատում է սիրուն կամ հավատում է նրա անհնարինությանը. «Մինչև սա կարդալը չէի հավատում սեր առաջին հայացքից …»: Պատանին ճշմարիտ հավատացյալ է, ում իդեալիզմը ճանապարհ է հարթում կրքոտ սիրո համար: Անուշը կամ Ջուլիետը փախչում են իրական սոցիալական աշխարհից իդեալական մի աշխարհ, որ դրախտի է նմանվում: Դրախտը պատանիների հորինածն է:
Ժամանակակից կապիտալիստական աշխարհը դրախտի պատանեկական սինդրոմը շահագործում է զանգվածային մշակույթի միջոցով: Այն ինտելեկտուալ տեսակետից մակերեսային է, միամիտ զգացմունքայնությամբ, պրիմիտիվ արտահայտչականությամբ, բայց հավակնոտ, մի կողմից, վիթխարիի՝ «ստադիոնների արվեստ», որը դեռ հավատարիմ է մանկական իդեալներին, կապված է այն ամենին ինչ «պստիկ» է, փափուկ և հարմարավետ, զվարճալի, ասենք ինչպես ծաղրածուները, գեղեցիկ ասենք ինչպես ձմեռային պեյզաժը, որի մի անկյունում ծխնելույզից ծուխ է գալիս, կամ «ուժաստիկ» է՝ հենց –իկ-ով, և այլն:
Շեքսպիրի այժմ ընկալվում է որպես սենտիմենտալ, քաղքենի հեղինակ, զանգվածային մշակույթի մի մաս: Վերընթերցելով «Ռոմեո և Ջուլիետը», մերժելով «քաղցրիկ Շեքսպիրին», մենք կգտնենք վտանգավոր, պայթուցիկ Շեքսպիրին: Այն կրկին պետք է ձեռնոց նետի ընտանիքի, պետության և եկեղեցու օրենքներին: