Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ից մինչև 21:00-ն Ազատության հրապարակում գրողները ակցիա կանցկացնեն, որի շրջանակներում բացօթյա կվաճառեն իրենց գրքերը, որպեսզի հասույթը փոխանցեն «Հայկական ժամանակ» օրաթերթին:
Նախաձեռնողներ Արփի Ոսկանյանը և Համբարձում Համբարձումյանը կոչ են անում գրողներին և ընթերցողներին միանալ այս ակցիային:
«Հայ մեծանուն և կեղծանուն օլիգարխները արշավանք են սկսել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ։ Անօրինական կերպով ֆինանսական տույժերի ենթարկելով Հայաստանում առանց այն էլ դժվարությամբ գոյատևող անկախ ու անկաշառ լրատվամիջոցը՝ նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը։ Մենք մեր պարտքն ենք համարում մեր ֆինանսական և բարոյական աջակցությունը ցուցաբերել «Հայկական ժամանակ»-ին՝ վաճառքի հանելով մեր գրքերը և ստացված հասույթը փոխանցելով օրաթերթին։ Կոչ ենք անում գրողներին և ընթերցողներին միանալ մեզ»,- նշում են ակցիայի նախաձեռնողները։
Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքը ընդդեմ ԱԺ երեք պատգամավորների օգտին` Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճռի: Համաձայն որոշման` օրաթերթը պետք է 6 միլիոն դրամ վճարի Ռուբեն Հայրապետյանին, Լևոն Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: