Home / Հայաստան / Հովհաննես Թումանյանը` հայաստանյան ընտրությունների համատեքստում

Հովհաննես Թումանյանը` հայաստանյան ընտրությունների համատեքստում

Այսօր 15:00-ին «Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբը Հովհաննես Թումանյանի թանգարանում «Թումանյանական ընթերցումներ» քաղաքական ցուցահանդես-ակցիա է կազմակերպում:

Կազմակերպիչները նշում են, որ 2012 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունների նախօրեին անցկացվող ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատկերով:

«Աշխարհի կապիտալիստական բաժանման մեջ երրորդ… աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը: Կոռուպցիան անբարոյականության յուրահատուկ, սոցիալականացված ձևն է: Սոցիալականացված անբարոյականությունը իրեն արտահայտում է երեք եղանակով` ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ հավատի, իմ եկեղեցու համար է: Երկրորդ` ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ ազգի համար է: Երրորդ` ամենագործուն անբարոյականությունը` ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ ընտանիքի համար է: Սրանք են գիտակցության կոռումպացվածության երեք հիմնական ձևերը: Մեր իշխանությունները կոռումպացված են, որովհետև նրանց գիտակցությունը ազգայնական է, կլերիկալ (կղերական) և մաֆիոզական՝ ընտանեկան», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ այդպիսի գիտակցությունը ճանաչում է միայն հետադիմական արվեստ, որովհետև կոռումպացված գիտակցությունը չի կարող ընկալել ժամանակակից արվեստ:

«Հետադիմական արվեստն անազնիվ գիտակցության արդյունք է՝ բոլորն էլ ծախված են, պարզապես ոմանք առիթ կամ հնարավորություն ունեցել են, իսկ մյուսները՝ ոչ: Անազնիվ գիտակցությունը այդպիսին է, որովհետև չգիտեն` ինչ է ազնվությունը:

Կոռումպացված հասարակությունը կործանվում է, որովհետև ապրում է անազնիվ գիտակցությամբ: Եթե չի կործանվում, ապա այն այնպես է այլասերվում, որ ավելի լավ է՝ կործանվի: Արվեստը քաղաքականությունը չի դիտարկում ոչ կուսակցական, ոչ գաղափարախոսական տեսանկյունից: Այն ներկայացնում է անսպասելին, տարօրինակը, այն Ուրիշի հայացք է», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Լուսանկարները` «Արտ Լաբորատորիա»