Home / Մշակույթ / 26 միլիոն դրամանոց «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է»

26 միլիոն դրամանոց «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է»

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար կառավարության այսօրվա որոշմամբ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 մլն 900 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվարկի համաձայն, նշված գումարի մեծ մասը՝ 26 միլիոն դրամը, ծախսվելու է «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսով պաստառների տպագրության և բիլբորդների միջոցով հանրայնացման համար։

Մնացած 23 միլիոնից 18֊ը՝ «Մինչև 2050 թ. նպատակադրվել ենք հասնել… (էմոցիոնալ տեսլականի ուղերձներ)» դեռևս ոչ ամբողջությամբ հստակեցված բովանդակությամբ ցուցապաստառների տպագրության և տարածման, իսկ 4.9 միլիոնը՝ ձևավորողի վարձատրության համար։

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Ըստ նախագծի, գովազդային ծառայությունները՝ հաշվի առնելով  նշված «ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների առանձնահատկությունները, ինչպես նաև ժամկետի սղությունը և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը», կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Ինչո՞ւմ է կայանում ցուցապաստառների տպագրության «առանձնահատկությունը» կամ, ասենք, ինչո՞վ է պայմանավորված «ժամկետի սղությունը և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը», հստակ չէ։

Հստակ չէ նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն ֊ 2050» տեսլականի բովանդակությունը։ Կամ՝ որպես սոցիալական գովազդ, ի՞նչ հարցեր են լուծում այդ տեսլականի շրջանակներում հաստատված կարգախոսները։ Ինչո՞վ է, օրինակ, հիմնավորվում «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսի ընտրությունը։ Արդյո՞ք «օջախի» և «ընտանիքի» գաղափարները Հայաստանում գովազդման կարիք ունեն։ Կամ՝ ինչպե՞ս են չափվում/չափվելու այս արշավի արդյունքները, հաջողվածությունը։

Վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը առաջարկեց բոլոր այս հարցերը տպել խմբագրության բլանկի վրա և որպես կնքված ու ստորագրված փաստաթուղթը ուղարկել համապատասխան վարչություն։ Ասացին՝ պատշաճ ձևավորված հարցումներին կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետներում։