Home / ԼԳԲՏ+ / Ավելի շուտ գիտեին, որ ես գեյ եմ, քան՝ ես ինքս հասկացա դա

Ավելի շուտ գիտեին, որ ես գեյ եմ, քան՝ ես ինքս հասկացա դա

Այս շարքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ ուսանողների մասին է, որոնք սովորում են Հայաստանի տարբեր բուհերում՝ հաճախ խտրականացվելով դասախոսների, ուսանողների կողմից։ Ոմանք հաղթահարում են միջավայրի ճնշումը և սեփական օրինակով փորձում են կարծրատիպեր կոտրել։ Ոմանք էլ շարունակում են գաղտնի պահել իրենց ինքնությունը, հեռանում են ընտանիքից, ընկերներից և «ապահով միջավայր» փնտրում բուհից դուրս։

«Ես սովորում եմ ամենահանդուրժող ֆակուլտետներից մեկում, բայց էլի խնդիրների եմ բախվում». գեյ ուսանող

Համալսարանում բոլորը գիտեն նրա մասին, նա ամենաբաց ԼԳԲՏ անձն է, որ երբեք չի թաքցրել իր ինքնությունը։ Դպրոցական դժվար տարիներից հետո այլևս չէր ուզում նախկինի պես ապրել։ Եկել էր նոր միջավայր՝  անկեղծ ու բաց լինելու մեծ ցանկությամբ․․․

«Առաջին օրվանից ասել եմ՝ ես գեյ եմ։ Կարծում եմ՝ շատ մարդիկ պատրաստ չէին դրան, շոկային էր նրանց համար։ Ես ինքս պատրաստ չէի․․․ Բայց այնքան էի հոգնել դպրոցի բուլինգից, թաքնվելուց, գաղտնի կյանքից, որ թեև գիտակցում էի՝ ինչ կարող է լինել, ինձ համար արդեն մեկ էր»։

Դեռ մանկուց տղաներին հետաքրքրող խաղալիքները՝ մեքենաները, ռոբոտները, նրան դուր չէին գալիս, նախընտրում էր տիկնիկ ունենալ և նրա համար հագուստ կարել։

Սովորել միշտ է սիրել։ Բայց դպրոցում տղաները չէին սովորում։ Բուլինգն այնքան մեծ էր, որ որոշեց չտարբերվել բոլորից։ Նրանց նմանվող իր «արհեստական կերպարը» նրան դեպրեսիայի էր հասցնում։

«Բոլորն ավելի շուտ գիտեին, որ ես գեյ եմ, քան՝ ես ինքս հասկացա դա․․․ Ինձ ասում էին՝ դու գեյ ես, ես հարցնում էի՝ դա ինչ է։  Ես նուրբ տեսք և խառնվածք ունեմ, և մարդիկ ինձ գեյի հետ էին ասոցացնում։ Դրա համար ինձ բուլինգի էին ենթարկում, իսկ ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում»։

Մինչև 12-13 տարեկանը չէր էլ պատկերացնում, որ իր զգացածը կարող է «տարօրինակ» լինել, չգիտեր, թե ինչ բառերով նկարագրեր՝ ով է ինքը։ ԼԳԲՏ անձանց միայն հեռուստատեսությամբ էր տեսել․ անքաղաքավարի, անգրագետ մարդկանց տպավորություն էին թողել։ 13 տարեկանում սկսեց լեզուներ սովորել, նոր բառապաշար, տերմիններ յուրացրեց, ու իր մեջ պայքար սկսվեց՝ մինչ այդ իր զգացածի, իմացածի ու նոր սովորածի, կարդացածի միջև։

Իր իմացածն ատելությունն էր, բռնությունը, կարծրատիպային պատկերացումը, իսկ սովորածը՝ ճիշտ տերմինները, առողջ մոտեցումը։

Պայքարի ու ինքնաճանաչման ճանապարհը մեկ տարուց ավելի տևեց։

«14 տարեկանում՝ երբ հասկացա, թե ով եմ ես, հասկացա, որ բոլոր վատ մտքերն իմ գլխում կեղծ են, ինձ վերջնականապես ընդունեցի»։

Դպրոցում իր հետ կատարվածի մասին անգամ ընտանիքում չգիտեին. փորձում էր ինքնուրույն լուծել իր հարցերը։ Իր սեռական կողմնորոշման մասին միայն մայրը գիտեր, ում հետ երկար ճանապարհ է անցել և ումից թաքցնել հնարավոր չէր։

«Ես չեմ կարողանում տան անդամների հետ կիսվել ոչ մի հարցով։ Ես չեմ ասել, որ դպրոցում բուլինգի մեջ եմ։ Մամաս ահավոր հետաքրքրասեր է, ու էական չէ, որ ես ինքնամփոփ եմ, չեմ խոսում, ինքը հասկանում է․ կանացի էներգիա ունեցող մարդիկ ավելի ըմբռնող են»։


«Սա առաջին բանն է, որ ես Հայաստանում գտել եմ՝ ԼԳԲՏ դրոշով։ Վերնիսաժում ծախում են ԼԳԲՏ դրոշով զարդեր, չեմ կարծում՝ իրենք գիտեն՝ դա ինչ է»

Համալսարանում շատերն ընդունեցին նրա ինքնությունը, շատերը՝ ոչ։ Ոմանք չէին շփվում նրա հետ, անգամ կողքին չէին նստում։ Դասերի մեկնարկից որոշ ժամանակ հետո ֆակուլտետի մի խումբ աղջիկներ դժգոհեցին, թե նա խաթարում է դասերի ընթացքը և ԼԳԲՏ քարոզչություն է անում։

«Ինձ կանչեց դեկանը, համալսարանի կարևորագույն անձանց հետ էր, և սպառնաց, որ կհեռացնի համալսարանից։ Ես սկսեցի բացատրել ու այդ լսարանից դուրս եկա՝ բոլորի կարծիքը փոխելով։ Դեկանը նույնիսկ խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ ապագայում ԼԳԲՏ անձանց ավելի լավ վերաբերմունք ցույց տան»։



Կապույտ քարերով թևնոցն իր թալիսմանն է։ «Ես աստղագիտությանը շատ եմ հավատում, ու, քանի որ ես աստղակերպով ջրհոս եմ, իսկ սա ջրհոսի քարն է, միշտ ինձ մոտ եմ պահում։ Սա ամեն ինչ անում է, որ մաքրի քո էներգիան, քեզ հաջողություն ու սեր բերի»

Դա խտրականության միակ դեպքը չէր համալսարանում։ Ֆակուլտետի դասախոսների մեծ մասը հանդուրժող և ոչ հոմոֆոբ մարդիկ են։ Բայց կան նաև այնպիսինները, որ դիտավորյալ փոխում էին դասի թեման և սկսում քննադատել և վիրավորել ԼԳԲՏ համայնքին։ Ուսանողներից աղջիկները սովորաբար ավելի հանդուրժող են, բայց տղաներն անընդհատ շիկացած են պահում մթնոլորտը։

«Իրենք, իհարկե, արդեն հասկացել են, որ ինձ ինչ-որ բան չեն կարող անել, բայց եթե ինձ պաշտպանել չկարողանայի, ուղղակի կուտեին ինձ։ Ես, որ սովորում եմ ամենահանդուրժող ֆակուլտետներից մեկում, այդքան խնդիրների եմ բախվում,  իսկ պատկերացնու՞մ եք, թե մյուս ֆակուլտետներում ինչպես է։ ԼԳԲՏ համայնքի համար ուղղակի անհնար է սովորել Հայաստանում»։

Արտասահման մեկնելու համար շատ ծրագրերի է դիմել, միշտ մերժում է ստացել՝ չնայած որ, համապատասխանել է բոլոր չափանիշներին։ Տպավորություն է, որ իր հայտը նույնիսկ չեն էլ քննարկել, միանգամից մերժել են։ 


«Այս փոքրիկ թևնոցն իմ առաջին ԼԳԲՏ դրոշով զարդն է եղել, մինչ այդ Հայաստանում ես ոչինչ չէի կարողանում գտնել։ Իսպանիայից եկած ուսանող է այն ինձ համար բերել,  թեև արդեն մաշվել է, բայց մեծ արժեք ունի ինձ համար»

«Ես ծնվել  եմ այնպիսի հասարակությունում, որն ինձ չի ընդունում, որն իմ մեջ ինքնատելություն է սերմանել, սակայն կարողացել եմ ժամանակի ընթացքում հասկանալ իմ ինքնությունը։ Հիմա փորձում եմ ինձ չընդունող, անհանդուրժող, անհասկանալի հասարակության մեջ իմ ճանապարհը գտնել»։

Համալսարանում կյանքը շատ հագեցած է անցնում։ Աշխարհագրություն դեռ մանկուց է սիրել, և այս սերը կողմնորոշիչ է եղել նաև մասնագիտության ընտրության հարցում։ Լեզվաբան լինելն ու երկու լեզվի տիրապետելն իր համար ոչ այնքան գումար վաստակելու, որքան այլ մշակույթներ ուսումնասիրելու հնարավորություններ են։ 

Բարձր առաջադիմությամբ սովորելու հետ մեկտեղ՝ նա հասցնում է ինտենսիվ մարզվել, կամավորություններ անել, հոգեբանի այցելել։

«Հասարակության մեջ գեյ լինելը սեռականացված է, բոլորը կենտրոնանում են միայն իմ սիրելու ձևի վրա։ Սերը ինձ համար զգայուն թեմա է. այն մի բան է, որի համար ես անընդհատ խտրականացվում եմ»։

Ապագայի մասին շատ պատկերացումներ փորձում է չունենալ, սակայն պատկերացումներ ունի մոտակա տարիների մասին։ Չի բացառում՝ հնարավոր է՝ ապագայում իսպանախոս որևէ երկրում ապրի, սակայն Հայաստանի հետ կապը, միանշանակ, պահպանվելու է։

«Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանում յուրաքանչյուր անձի համար հավասարության և ապահովության մթնոլորտ տիրի, որ ցանկացածն էլ կարողանա իր ծնված վայրում ապահով ապրել, դրա համար ես կարծում եմ` ինչ-որ առաքելություն ունեմ Հայաստանում իրագործելու»։

Քնարիկ Վարդանյան