հատված «Կիսաբաց լուամուտներ» թոք-շոուի «Դալարիկի Ժուժուն» թողարկումից
հոգեբան Մարիամ Մեհրաբյան․ — Ուզու՞մ ես ազատվել այն ամենից, ինչը քեզ խանգարում է ապրել լիարժեք։
հաղորդման հերոս․ — Իսկ ո՞վ չի ուզում պիտակավորումից դուրս ապրել։
հոգեբան․ — Ցանկանու՞մ ես այն ամենից, ինչը քեզ խանգարում է, ազատվել։ Ձևակերպիր՝ էդ խնդիրը ի՞նչ տեսք ունի։
հաղորդման հերոս․ — Ես չունեմ հոգեբանական խնդիր, ես հաղթահարել եմ իմ հոգեբանական խնդիրները, ես ունեմ ուժեղ կամք։
հոգեբան․ — ․․․Երբևիցե կամքի ուժը, որը որ դու ունես, փորձե՞լ ես գործի դնել, որպեսզի պատկանելությունդ փոխես․․․
հաղորդման հերոս․ — Դա անհնար է փոխել, դուք հիմա այնպիսի բան եք ասում, որն անհնար է։
հոգեբան․ — Այսինքն՝ համարում ես անհնարին, որովհետև չունես ցանկությո՞ւն։ ․․․Ցանկության դեպքում հնարավոր է բուժել․․․
հաղորդման հերոս․ — Դա հիվանդություն չէ՛…
սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյան․ — ․․․Նույնասեռականությունը, եթե խոսքը բուժման մասին է, երկու տարբերակ ունի։ Եթե անձը ունի ներքին ցանկություն իրավիճակը փոխելու, դիմում է մասնագետի․․․ տվյալ իրավիճակը գնահատվում է որպես հիվանդություն… փորձում ենք օգտակար լինել։ Բայց երբ անձը համակերպվել է, այդ կերպարի մեջ արդեն ձուլվել է և արդեն ապրում է այդ կենսակերպով, չի էլ ուզում դիմել մասնագետի, այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչը բուժես․․․
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի և հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոստովանությունները «Կիսաբաց լուսամուտներով» հեռարձակվել են 2016-ին։ Հաղորդման հերոսը Էդգար Նահապետյանն էր, որը բողոքում էր աշխատանքային խտրականությունից։ Հաղորդավարը նրան ներկայացնում էր որպես «մերժված»։
Եթերային դատաստանին մասնակցող հոգեբանն ու սեքսապաթոլոգը հաջորդաբար համադրում էին դատախազի, փաստաբանի, դատավորի դերերը։ Թողարկման մոտ 50 րոպեների ընթացքում, մեկը մյուսին և մնացած բոլորին ընդհատելով, նրանք խոստովանում էին, որ աշխատանքային ժամերին զբաղվում են կոնվերսիոն թերապիայով։
Ի՞նչ է կոնվերսիոն թերապիան՝ համալիր հակագիտական մեթոդներ, որոնք նպատակ ունեն փոփոխել մարդու սեռական կողմնորոշումը և/կամ գենդերային ինքնությունը (ժամանակակից հասարակակարգերում՝ նույնասեռականից դեպի տարասեռական, տրանսգենդերից դեպի ցիսգենդեր)։
Առողջապահական միջազգային կազմակերպությունները, հիվանդությունների դասակարգիչները և հայաստանյան օրենսդրությունը համարում են, որ հետերոսեքսուալությունը, հոմոսեքսուալությունը, բիսեքսուալությունը և տրանսգենդերությունը հիվանդություն չեն, հետևաբար ենթակա չեն բուժման։ Բայց հոգեբան Մեհրաբյանը, սեքսապաթոլոգ Շահրամազյանը և տասնյակ այլ մասնագետներ ստաբիլ վարձատրության դիմաց շարունակում են «բուժել» այն, ինչ բուժման կարիք առհասարակ չունի։
Մեհրաբյանի «Ժեստ» հոգեբանական կենտրոնի գնացուցակները հուշում են, որ կենցաղային բարոյականությունը Հայաստանում ավելի եկամտաբեր է, քան բժշկական չափանիշների վրա հիմնված առողջապահական ծառայությունները։
հատվածներ հոգեբանների հետ (Epress.am-ի) հարցազրույցներից․
Մարիաննա․
— Կոնվերսիոն թերապիայի փորձ ունեցած մարդկանց հետ շփվելիս հասկանում եմ, որ հիմնական մեթոդաբանությունն այստեղ մեղքի զգացում առաջացնելն է՝ «դու չես մտածում քո մամայի մասին», «պետք է փոխվես հանուն ընտատնիքիդ», «բա պապան, բա ախպերներդ, բա պապիկը, բա թոռնիկը» և այլն։
Լուսինե․
— ․․․Մեղքի զգացումից բացի աշխատում են նաև սպառնալիքներով՝ «եթե չփոխվես, աշխատանք չես գտնի», «մենակ կմնաս», «եթե չփոխվես՝ ընտանիք չես ունենա»․․․
Մարիաննա․
— Մարդուն ճնշելը, վախեցնելը, նրա ցանկությունները շրջելը, հույզերի վրա արգելքներ դնելը հոգեբանի աշխատանքի հետ որևէ աղերս չունի։
Լիլիթ․
— Կոնվերսիոն թերապիայի արդյունավետության մասին տվյալներ չկան, կան տվյալներ դրա անարդյունավետության մասին։ Այստեղ միշտ կա նաև էթիկայի խախտում։ Մի՛շտ։
Լուսինե․
— Ամերիկայում կար հայտնի շարժում՝ Ex-gay, որը կոնվերսիոնով էր զբաղվում։ Շարժման ֆրոնտմեններից մեկը ներկայանում էր որպես նախկին նույնասեռական, որ «բուժվել է» և դարձել հետերոսեքսուալ։ Հազարավոր մարդիկ են անցել այս մեթոդաբանության տակով։ Տարիներ անց պարզվել է, որ նրանցից ոչ մեկը չի «փոխվել», պարզապես ապրել է տառապանքի մեջ․․․
Լիլիթ․
— Դա գիտե՞ս ինչին է նման՝ ոնց որ մարդը դիմի օգնության, ունքը դզելու տեղը աչքն էլ հանեն։
Մարիաննա․
— Կա ցանկություն, որ կյանքը հեշտանա՝ «ինձ սարքեք այս հասարակության համար ավելի հեշտ մարդ»։ Եվ կա ընկալում, որ հոգեբանը հրաշագործ է, որի մոտ կարող ես գնալ, ասել՝ «ես սենց եմ, բայց ուզում եմ սենց դառնալ», և նա քեզ կփոխի։ Սա շահարկումների համար շատ պարարտ հող է ստեղծում։
Տաթև․
— Պետական կառույցներից մեկում մի դեպքի մասին էր վերջերս հայտնի դարձել։ Երկու տղաների խնամքը ստանձնած մարդկանցից մեկը մի օր պատահաբար տեսել է, որ երեխաները իրար հետ ինչ-որ գործողություններ են անում, միանգամից որոշել են, որ նրանք նույնասեռական են։ Խնամակալ ընտանիքը դիմել է սոցապ, որ երեխաներին հետ տան, ասել են՝ մենք նման երեխաներ չենք ուզում։ Սոցապ նախարարությունն էլ շփոթմունքի մեջ է ընկել։ Ուզում էին երեխաներին տանել մի հայտնի հոգեբանի մոտ, ով հանրային ելույթներում խոսում է կոնվերսիոն թերապիաների մասին։
Լուսինե․
— Խոսքը միայն հոմոսեքսուալության կոնվերսիայի մասին չէ։ Մշակութային նախապաշարմունքների վրա հիմնված թերապիան շատ տարբեր խմբերի վրա է տարածվում։
Լիլիթ․
— Որոշ մասնագետներ այս մասին խոսում են հանրային։ Ամենահայտնին, հա, Մարիամ Մեհրաբյանն է («Ժեստ» հոգեբանական կենտրոն) ու Միհրդատ Մադաթյանը («Մադաթյան» կենտրոն)։ Նրանց ծառայությունները բավականին թանկ արժեն։ Իրենք պոպուլյարություն են ձեռք բերում հեռուստաշոուների միջոցով, համալսարաններ են գնում․․․
Լուսինե․
— Ընդամենը մի քանի մասնագետ կա, որ հրապարակային է, հայտնի է որպես կոնվերսիա անող։ Բայց իրական ծավալները մնում են ստվերում։ Համալսարանները տարեկան հարյուրավոր հոգեբանների են թողարկում, նրանց զգալի մասը հետագայում աշխատում է որպես հոգեթերապևտ։ Կան մարդիկ, որոնք թերապիա են անում՝ չունենալով համալսարանական կրթություն։ Բայց մենք մինչև հիմա ընդամենը 10-15 մասնագետ ունենք, որոնց մոտ կարող ենք ուղղորդել նույնասեռական այցելուներին։ Արանքում մոխրագույն զոնա է՝ շատերի մասին գիտենք, որ հոմոֆոբ են, շատերի մասին դեռ ոչինչ չգիտենք։
Ի վերջո, պարտադիր չի, որ կոնվերսիոն միջամտությունները ըստ հայցի լինեն։ Հաճախ դրանք նաև թերապիայի ընթացքում են ի հայտ գալիս՝ հոգեբանի պատկերացումներից ելնելով։ Հոմոֆոբիան միշտ չի հեշտ ճանաչելի։ Մասնագետը կարող է օգտագործել տարածված ձևակերպումներ, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ ինքը հոմոֆոբ չէ, և ժամանակ է պետք՝ խորքային նախապաշարմունքները տեսնելու համար։
Մարիամ Մեհրաբյանը հիրավի կոնվերսիոնի աստղ է՝ նրան հիշատակում են բոլորը։ Բայց Մեհրաբյանը միակը չէ՛։
Կարելի է հիշել հոգեբան Նելլի Հարոյանին, որը համարում էր, որ նույնասեռականությունը հնարավոր է շտկել «խորքային թերապևտիկ աշխատանքով՝ մոտավորապես 10 տարի»։ Կամ հոգեբան, ֆեյսբուքյան ակտիվիստ Սամվել Խուդոյանին, որը հոմոսեքսուալությունը համարում էր «բարոյական հիվանդություն», որ պրոպագանդվում է «վերին ուժերի» կողմից մոլորակի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։ Ժամանակին նա այս թեմայով նաև մասնագիտական կոնֆերանսներ էր հրավիրում։ Սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը, մինչ այդ, առաջարկում էր նույնասեռականությունը կանխել վերահսկողության, գայթակղության ենթարկվելուց մեկուսացման, շտապ մասնագետի դիմելու միջոցով։ Հրապարակավ հիվանդների էր փնտրում և արտադրում նաև հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ Արա Չալիկյանը, որը վստահ էր՝ «ակտիվ» նույնասեռականները «իրենց էությամբ են» նույնասեռական, իսկ «պասիվ» նույնասեռականները «իրենց էությամբ բիսեքսուալ են»։ Թե՞ ինչ է այս ամենը նշանակում՝ ոչ ոք չգիտի։
Կարելի է հիշել նաև սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանի էկզոտիկ հայտարարությունները, օրինակ՝ որ նույնասեռականության «առաջացման տեսություններից մեկը կաբինետային հոմոսեքսուալիզմն է, երբ տղամարդը գնում է որևէ աշխատանք անելու և իր շեֆը, իմանալով, որ աշխատողն ընտանիք, երեխաներ է պահում, առաջարկում է դրամի դիմաց հոմոսեքուալ կապի մեջ մտնել նրա հետ»։ Զաքարյանը հրապարակավ վստահեցնում էր, որ անպայման կբուժի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են բուժվել։ Նրա կոլեգան՝ սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը զբաղված էր «սեռական այլասերվածության դեմ» պայքարով և «հայ հարսնացուների» իրավունքների պաշտպանությամբ։ «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի նախագահ Միհրդաթ Մադաթյանը այդ ընթացքում բացատրում էր անտեղյակ հանրությանը, թե որքան պաշտպանված են մեր երկրում գեյերն ու լեսբիները և որքան անպաշտպան են ոստիկաններն ու ինքը։
Այս մարդկանց «մասնագիտական» գործունեությունը Հայաստանում շարունակվում է։
հատված հարցազրույցից (Epress.am)․
— Հիշո՞ւմ եք «հոգեբան» Ցոլակ Հակոբյանին։ Նա ԹիՎի-ով մի ամբողջ սերունդ է քնացրել։ Պոետիկ մի անձնավորություն էր, վարում էր «Հակասթրես» հաղորդաշարը, երեկոները էկրանների մոտ էր հրավիրում մարդկանց, որոնք անհույս մի նավակ են կյանքի բուռն օվկիանոսում՝ առանց նավաստի, առանց նավապետ, տրված քմահաճույքների ալիքներին։ Այս մարդը ժամանակին «Նևրոզների կլինիկա» էր ղեկավարում։ Նա խոստանում էր, որ 4 ամիս ստացիոներ «բուժման» արդյունքում հոմոսեքսուալ տղամարդկանց կվարժեցնի ֆիզիկապես սիրել կանանց։ Թերապևտիկ նկրտումներից ելնելով էրեխեքից մեկի ականջն էր ժամանակին կտրել։ Հրապարակավ գլուխ էր գովում՝ 15 հոգու բուժել է 100 տոկոս հաջողությամբ։ 2021-ին գործից վերջապես հանեցին։
Գործող օրենսդրությունը կոնվերսիոն թերապիայի արգելք ուղղակիորեն չի նախատեսում։ Սահամադրությունը արգելում է ցանկացած հատկանիշով պայմանավորված խտրականությունը։ Անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը համարվում է քրեորեն պատժելի։ Պացիենտին անարգելը, նրա կամքին հակառակ կամ նրա անտեղյակ համաձայնությամբ բժշկական միջամտություն իրականացնելն արգելված է բուժօգնության և բուժսպասարկման մասին օրենքով։
Մասնագիտական ասոցիացիների կանոնադրությամբ սահմանվում է՝ ծառայությունները պետք է համապատասխանեն արդի բժշկության պահանջներին (հետերոսեքսուալությունը, հոմոսեքսուալությունը, բիսեքսուալությունը, տրանսգենդերությունը հիվանդություն չեն համարվում և ենթակա չեն բուժման), ախշտորոշումն ու բուժումը չեն կարող հիմնվել բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական համոզմունքների վրա։
Բժիշկների աշխատանքը կարգավորվում է բուժսպասարկման մասին հիշատակված օրենքով, որը գործնականում չի կիրառվում։ Հոգեբանների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն առհասարակ չկա։
***
Ի՞նչ անել ստեղծված պայմաններում։
Հատվածներ հոգեբանների հետ (Epress.am) հարցազրոյցներից․
Լիլիթ․
— Իդեալականը կլինի, եթե լինեն օրենսդրական կարգավորումներ, լինեն ասոցիացիաներ, որոնք միավորված են ընդհանուր սկզբունքով, որ այդ ասոցիացիաները պահեն կարգավորումները։ Իրականացվի պետական վերահսկողություն թե՛ բժիշկների, թե՛ հոգեբանների նկատմամբ։ Ստանդարտներ լինեն, լինի էթիկայի հանձնաժողով, որը կազմված է շատ տարբեր ու բազմազան մասնագետներից։ Բայց մենք պոպուլյար մասնագետների խնդիր ունենք, իրար բախվող մասնագիտական շրջանակներ, սերունդների բախման խնդիր, դաշտի մոնոպոլիզացիայի հետ կապված բազմաթիվ հարցեր․․․
Մարիաննա․
— Կա պատկերացում, որ հոգեբանների լիցենզավորումը կարող է բարելավել իրավիճակը։ Բայց մենք չգիտենք՝ ովքեր են լինելու լիցենզավորողները։ Հաճախ այն մասնագետները, որոնք հանրային տարածքներ են զբաղեցնում և որոշակի լծակների են տիրապետում, ունեն շատ տարօրինակ արժեքային հենքեր։ Եթե այդ մարդիկ են որոշելու՝ որ հոգեբանին լիցենզիա տալ և որին չտալ, եթե նրա՛նք են սահմանելու ստանդարները, հեշտությամբ կարող է նոր ՀՀԿ ստացվել, նոր թայֆայականություն։ Ո՞վ է վերահսկելու վերահսկողներին։ Բացառված չէ, որ կոնվերսիա չանողները չստանան լիցենզիա, անողները՝ ստանան։
Լուսինե․
— Լիցենզավորումը որևէ հարց չի լուծելու։ Ծառայությունները կթանկական, կոռուպցիան կմեծանա, այցելուի հետ հարաբերության վրա կենտրոնանալու փոխարեն հոգեբանները կսկսեն մտածել լիցենզիան չկորցնելու մասին, շանտաժի գործիքներ կձևավորվեն։ Էթիկական հարցեր չեն լուծվի։ Պոտենցյալ այցելուն, միևնույն է, ապահովագրված չէ, որ չի հանդիպի պրոբլեմատիկ մասնագետի։ Ինչպես հիմա, էնպես էլ հնարավոր լիցենզավորումից հետո՝ հոգեբան գտնելու ամենահնարավոր ձևը հարցուփորձ անելը, ինքնուրույն փնտրելն է մնալու։
***
Տարիներ առաջ «Փինք» հասարակական կազմակերպությունը հետազոտություն էր արել, որի շրջանակներում զրուցել էին պրոֆիլային մասնագետների հետ։ Գրեթե բոլորը խոստովանում էին՝ ունեցել են կոնվերսիոն պրակտիկաների ենթարկված այցելուներ։ Որոշները չէին բացառում, որ իրենք էլ կարող են կոնվերսիա անել։
Խոսքը միայն հոգեբանների և սեքսապաթոլոգների մասին չէ։
մեջբերումներ «Փինքի» հետազոտությունից․
«Հայասատանում ամենաշատը կոնվերսիոն թերապիա անում են հոգեբույժները: Ինձ մոտ ամենաշատը տուժած, ջախջախված եկել են հենց կոնկրետ մի քանի հոգեբույժից» (սեքսոլոգ),
«Ես մինչև տասը դեպք ունեցել եմ, երբ ընտանիքը դիմել է երեխայի [սեռական կողմնորոշման] հետ կապված, նույնիսկ դեպք, երբ փորձել են արտերկրում ապրող հարուստ քեռու միջոցով միջամտել, բայց ապարդյուն» (հոգեբույժ),
«Եղել ա մարզիկների դեպքում, օրինակ՝ ․․․մոտ ինը տարվա կտրվածքով մարզչի կողմից ենթարկվել ա կոնվերսիոն թերապիայի․․․» (սեքսոլոգ),
«Այցելուներ ունեցել եմ, որոնց նկատմամբ նման պրակտիկաներ կիրառվել են ազգական տղամարդկանց կողմից, որոնք հիմնականում մարմնավաճառի մոտ տանելով են փորձել հարցը լուծել: Որևէ դեպք, որ դա ինչ-որ բան փոխի կամ լուծի, ես չեմ տեսել» (հոգեբույժ),
«Հոգեբույժների, հոգևորականների մասին եմ մի քանի դեպք լսել» (սեքսոլոգ),
«Ծնողները հիմնականում տանը փակի տակ են պահում ու զրկում կապի միջոցներից, ոմանք հարկադրաբար տանում են, օրինակ, հոգևորականի մոտ» (սեքսոլոգ) և այլն։
Ինչպես երևում է բժիշկ-հոգեբանների մեկնաբանություններից՝ կոնվերսիոն պատիժը իրենցով չի սահմանափակվում։ Կա նաև հարցի ոչ ֆորմալ կողմը։ Հավատավորները, օրինակ, նախատեսում են դիմել հոգևորականների «բուժիչ» խորհրդատվություններին։ Տերտերներից ոմանք հետո հեռուստացույցով գովազդում են դրանց «հարյուր տոկոսանոց» անչափելի արդյունավետությունը։
Բախատգուշակները և սնխչիները մասնագիտացած են միստիկ ռիտուալների վրա՝ թուղթուգիր են հանում, սատանա քշում, կտրում-ծակում, մեր զրուցակիցներից մեկի դեպքում՝ նաև մոմ թափում, պառկացնում, փայտով խփում դոշակին։
Կան «մասնագետներ», որոնք սեռական ցանկությունները «բուժում են» հորմոնալ էքսպերիմենտների միջոցով։
Բայց կոնվերսիոն պրակտիկաներից ամենատարածվածը մնում է ավանդական ընտանեկան ծեծը, որը հայ ծնողներից շատերը ներկայացնում են որպես հոգատարության երկարաժամկետ նախագիծ։
Վերջերս, օրինակ, համացանցում պտտվում էր դերասան Կարեն Հովհաննիսյանի հարցազրույցը։
հատված «Liferoom Ամալյա Հովհաննիսյանի հետ» հաղորդումից.
«Երեխայի համար պիտի լինեն սահմանափակումներ ու շա՜տ խիստ սահմանափակումներ։ ․․․Էսօր դպրոցում ասում են՝ մաման քեզ ապտակե՞լ է, պապան քո վրա ջղայնացե՞լ է, դու գիտե՞ս, որ իրավունք չունե՜՜ն։ Ուզում ես այս բաժակը վերցնես ու տաս այդ դասատուի գլխին։ ․․․Եթե երեխան հարգանքից բացի նաև վախի զգացում չունենա ծնողի հանդեպ, մոռացիր, որ այդ երեխայի ապագան դու կարող ես լավը տեսնել։ Մեր օրերում գիտե՞ք ինչ է կատարվում․ «Պապ, ես գեյ եմ» – «Հա, բալես, ինչ ա եղել որ», «Գիտե՞ս, մամ, ես լեսբի եմ ու արդեն ունեմ ընկերուհի» – «Հա, բալես, օքեյ, դե երեխային չի կարելի ասել ոչ»։ Այ ոչխար, ո՞նց չի կարելի։ Երեխային պիտի սատկացնե՛ս։ Ինձ համար՝ պիտի սատկացնե՛ս։ ․․․Երեխան գոնե վախի զգացում պետք է ունենա»։
Ինչպես երևում է՝ դեսուդենն ընկնելու փոխարեն արտիստը առաջարկում է զուտ սատկացնել երեխաներին։ Յութուբյան մեկնաբանություններում գովեստի խոսքեր են։ Բանախոսն ու նրան սատարող հանդիսատեսը հավատացած են՝ վախը կարող է կանխել ցանկացած բան, որ դուր չի գալիս մասնավոր հայրիկին։
Իրավապաշտպան Կարինեն հաստատում է՝ Հայաստանում ամենատարածված կոնվերսիոն միջամտությունը ֆիզիկական բռնությունն է՝ ծեծ, տնային կալանք, ընկերներից մեկուսացնել, կապի միջոցներից զրկել։
Կան դեպքեր, երբ ազգականներն ու մտերիմ ընկերները սեքսուալ ցանկությունները փորձում են «շտկել» սեքսուալ բռնությամբ՝ հարկադիր սեռական փորձեր, հարկադիր ամուսնություններ, կոնվերսիոն բռնաբարություններ։
հատված հարցազրույցներից (Epress.am)․
Տաթև․
— Կովիդից առաջ մի կին էր եկել Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն։ Երբ 16-17 տարեկան էր, եղբայրը, իմանալով, որ ինքը կանանց է սիրում, ընկերներին խնդրել է խմբակային բռնաբարություն իրականացնել՝ ուղղելու, բուժելու նպատակով։ Մինչև օրս հաճախ հանդիպող երևույթ է, երբ մարդու համար «սրտացավ» բարեկամ-հարազատները որոշում են բռնության միջոցով նրան փոխել կամ բուժել։
Ս․
— Համալսարանական տարիներին ընկերություն էի անում և ապրում կուրսի տղաների հետ։ Մեր տուն միշտ լիքը մարդ էր գալիս։ Էտ ժամանակ ես հոմոսեքսուալ փորձ դեռ չունեի, բայց զգում էի, որ նաև տղաներն են ինձ դուր գալիս։ Շրջապատում բոլորը կիսվում էին աղջիկների հետ իրենց փորձով։ Ես պատմելու բան չունեի։ Ծնունդիս օրն էր։ Ինչ-որ պահի ինձ տարան սենյակ, գոռում էին, որ շուտով «սյուրպրիզ» կգա։ Ես խմած էի ու չէի հասկանում՝ ինչ ա կատարվում։ Էտ աղջկան հրում են ներս, ասում՝ ձեզ բարի ժամանց, ու դուռը դրսից բանալիով փակում մեր վրա։ Նա մոտենում ա ինձ, սկսում ա համբուրել։ Ես անջատվում եմ։ Մոտս շատ դրվագային հիշողություններ են, որ ինչ-որ բան փորձում ենք անել, բայց չի ստացվում: Երբ հետ եմ վերադառնում, տեսնում եմ, որ ինքը հեռախոսի մեջ ա։ Նայում, ասում ա՝ նորմալ ա, որ չի ստացվում, ոչինչ, ես ընկերներիդ կասեմ, որ ամեն ինչ շատ լավ է անցել, բայց արի մի 15 րոպե էլ պառկենք․․․
Կ․
— Ես 18 տարեկան էի, մորեղբայրս ինձ տարավ Էրեբունու բորդել։ Քանի որ նրանք վստահ էին, որ ես ղզիկ եմ, և մտածում էին, որ դա իմ կույս լինելու հետ է կապված, հավանավար որոշ կասկածներ ունեին, որ ինձ տղաներ են դուրս գալիս, որոշեցին, որ ճիշտը «պատիվ տալն» է։ Միջին տարիքի կին էր, ինձ ձեռք էր տալիս, սեքսուալ բնույթի ինչ-որ բաներ էր խոսում։ Սենց ասեմ՝ եթե էտ փորձը չլիներ, ես ավելի երջանիկ կլինեի։ Բորդելը չօգնեց։ Մամայի հետ գնացինք եկեղեցի՝ մոմ վառեցինք, որ ինձ մի լավ աղջիկ հանդիպի: Մաման նաև աղոթեց։
Լուսինե․
— Մի առանձին հարց է՝ ինչ է տեղի ունենում տրանս մարդկանց հետ սեռափոխության ընթացակարգերով անցնելիս։ Սա մի հատ ուրիշ տեսակի կոնվերսիա է։ Կան հանձնաժողովներ, հավաքագրված մասնագետներ։ Նրանք քիչ չեն։ Ինչի՞ հետ համեմատես։ Երևի, վայենկոմատի կամ դատաբժկության։ Մի ուրիշ տեսակի մաֆիա։
Զառա Հարությունյան
Անի Թադևոսյան
պատկերները՝ լուսինե թալալյան
տե՛ս նաև՝ Երեխեք, եկեք կոնվերսիայից չշեղվենք