հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Զբոսանքներ, զրույցներ, գրառումներ Ավանի հոգեբուժարանից

Զբոսանքներ, զրույցներ, գրառումներ Ավանի հոգեբուժարանից

«Մոռացա զգուշացնեմ՝ ինչ որ էս դռների հետևում տեսնում ես՝ էստեղից դուրս մոռանում ես», – հերթական բաժանմունք մտնելուց առաջ ասում էր բժիշկը։

Հոգեբուժարանների մասին ՄԻՊ-ի հերթական զեկույցից հետո Epress.am-ի թղթակիցներին (տարբեր կարգավիճակներով) հաջողվել է մի քանի անգամ այցելել պարբերաբար հիշատակվող «Ավան» հոգեկան առողջության կենտրոն՝ զբոսնել, նայել, զրուցել, գրառումներ անել, որոնք չեն կարող լիարժեք պատկեր ստեղծել ոլորտի կամ կոնկրետ հիվանդանոցի առօրյայի մասին։

***

Ամեն տեղ դռներ են, 90 տոկոսը՝ փակ։ Մուտքից աջ դիսպանսեր բաժանմունքն է, որը նման է հնավետ հիվանդանոցի։ Ձախ՝ ոնց որ սովետական լքված շենք լինի՝ դեպի պատը շրջված դաշնամուրով։ Դռները պատերի գույնի են, մանգամից չեն նկատվում։

Պացիենտներին կարելի է տեսակցել 5 րոպեով՝ կոնկրետ ժամերի։

***

Մտա տղամարդկանց բաժանմունք։ Ասացին, որ կանանցն ու անչափահասներինն ավելի անհասանելի է։

Տղամարդկանց երկու հարկերում 69 մարդ է պահվում, կանանց հարկում՝ 35, երեխաների՝ 10-15։ Ամենահաճախ հանդիպող ախտորոշումը շիզոֆրենիան է։

Տղամարդկանց բաժանմունքում առանձին վճարովի սենյակ կա՝ նրանց համար, ում հարազատները տուն չեն տանում։

Կա նաև «զսպման սենյակ», ասում են՝ ուժով պահելու, դեղը ներարկելու համար է։

Հիվանդին կարող են պահել 14 օրից մինչև 2 ամիս։ Եթե հարազատները վճարում են մահճակալի համար, պացիենտը կարող է ավելի երկար մնալ։

***

Բուժվողները զբոսնում են միջանցքներում, օրական 1-2 անգամ դեղ են ստանում, հաց են ուտում, հիմնականում հեռախոս ունեն, կարող են հեռուստացույց նայել։

Զուգարանները 4-5-ն են՝ նորմալ վիճակում։ Ամեն բաժանմունք ունի մեկական լոգարան։ Դրանք փակ են։ Ծխարան կա միայն տղամարդկանց մասում։

Կանանց բաժանմունքն ավելի մաքուր է ու հանգիստ։ Սենյակները ավելի շատ են, բաժանմունքն՝ ավելի մեծ։ Հեռուստացույց չկա։ Ամեն սենյակում 4 մահճակալ է, ոչ բոլորն էին զբաղված։ Մի դաշնամուր էլ այստեղ է։

Գրեթե բոլոր մարդիկ շփման կարիք ունեին․ պացիոնտները մոտենում էին, խոսակցություն սկսում։ Բուժարանի մթնոլորտից չէին դժգոհում։

***

Հոգեթերապիա ոչ ոք չի անցնում, դեղեր են ստանում, «կայուն վիճակի» բերվում ու վերջ։

Մեծ մասը առաջին անգամ չէ հոգեբուժարանում։ Մոտ 15 հոգուց 3-ն ասացին, որ հերթական վեճից հետո մայրն է իրեն այստեղ բերել։ «Մամաս ամեն կռվի ժամանակ բերում ա, ինձ էստեղ փակում»։

Երեքն էլ ստորագրել են, որ իրենց կամքով են բուժում ստանում։ Պացիենտներն ընդունվելիս իրենց ձեռքով գրում են․ «Ես ցանկանում եմ բուժվել Ավան ՀԱԿ-ում» ու ստորագրում։

Եթե ուրիշ մեկն է դիմում «հիվանդի» փոխարեն, գործը պետք է փոխանցվի դատարան։ Կամքին հակառակ բուժումը նշանակվում է միայն դատից հետո։ Իրավապաշտպանները պարբերաբար բողոքում են՝ այդ դատերը զուտ ձևական բնույթ են կրում։

Տղամարդկանց բաժանմունքում հարկադիր բուժում ստացող երկու հոգի կար, որոնցից մեկը՝ «ինքնասպանության փորձ անելու» հիմքով։

Տեսա, թե ինչպես են երկու հոգու բերում։ Անչափահասի դեպքում ծնողն էր գրում և ստորագրում՝ ցանկանում է, որ երեխային հոսպիտալիզացնեն։

Չափահասին եղբայրն էր բերել, ասում էր՝ հարձակվել է վրան։ Տղամարդը պնդում էր, որ «փորձում են գլխին սարքել և գժանոց գցել»։ Չընդունեցին՝ ոստիկանությունից գրություն չկար, որ նա վտանգ է ներկայացնում։

Երբ դիմողներին հրաժարվում են ընդունել, նրանց տվյալները գրանցվում են մերժման գրքույկում։ Նշում են նաև, թե ինչի չեն ընդունել։

***

Անչափահասների բաժանմունքը վերջերս է վերանորոգվել՝ ավելի փոքր է ու սիրուն։ Նկարներ կան պատերին, գունավոր աթոռներ։ Դեռահասների հետ նաև հոգեբան է աշխատում՝ առանձին սենյակում։

«VIP սենյակներում»՝ վճարովի պալատներում, շատ ավելի լավ պայմաններ են։ VIPերում կա առանձին սանհանգույց, առանձին են բոլոր հարմարանքները և ընդամենը 2 անկողին է։ Դրանք դատարկ էին։

***

Վերջրես «Ավանի» տնօրինությունը փոխվել է։ Վերջին տարիներին վերանորոգում է արվում։ Բուժաշխատակազմը երբեմն թարմացվում է՝ կադրերի արտահոսքի պատճառով (բժիշկները Գերմանիա են գնում)։ Հոգեբույժների զգալի պակաս կա։

Տե՛ս նաև
«Նուբարաշենի» Հոգեբուժարանում ծեծից հետո թաքցնում են վիդեոն և նոր դեղեր խմեցնում
Ավանի հոգեբուժարանում 18 օր է՝ հարկադիր պահում և ուժով սրկսումներ են անում
«Հարկադիր մեկուսացումից հնարավոր չէ հրաժարվել»․ գործադիրը՝ հոգեբուժության մասին
Հարևանի ցուցումով ոստիկանները, դատարանն ու բժիշկները մարդուն փակել են հոգեբուժարանում
Կնոջը բռնության են ենթարկել դատախազությունում, ոստիկանությունում և տարել հոգեբուժարան
«Էնպես էին ծեծում, դեղը բերանից թափվում էր»․ հացադուլ անողին հոգեբուժարան էին տարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները շարունակում են սպառնալ հոգեբուժությամբ. դեպք Երևանի կենտրոնում

շապիկի լուսանկարը՝ Տաթև Հակոբյանի, 4 plus-ի «Դռնփակ» նախագծից