Home / Առողջապահություն / Հոգեբուժարանում ծեծից հետո թաքցնում են վիդեոն և նոր դեղեր խմեցնում

Հոգեբուժարանում ծեծից հետո թաքցնում են վիդեոն և նոր դեղեր խմեցնում

Նոյեմբերի 10-ին Նուբարաշենի հոգեբուժարանում հիվանդապահներից մեկը ծեծի է ենթարկել պացիենտին՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին ահազանգել է փաստաբան Արմինե Դավթյանը։

Նրա խոսքով, իր պաշտպանյալի և հիվանդապահ Գոռ Անտոնյանի հարաբերությունները արդեն տևական ժամանակ լարված էին, հիվանդապահը պարբերաբար սպառնում էր պացիենտին։

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, 12 տեղանոց հիվանդասենյակում վեճ է ծագել, պացիենտներից երկուսը սկսել են քաշքշել իրար։ Դավթյանի պաշտպանյալն այդ ժամանակ քնած է եղել։ Վիճաբանողներից մեկն ընկել է նրա վրա և արթնացրել։ Տղամարդը վեր է թռել, փորձել է բաժանել վիճողներին։

Այդ պահին հիվանդասենյակ է մտել Գոռ Անտոնյանը։ Փաստաբանը պնդում է, որ «հարմար առիթը բաց չթողնելով»՝ հիվանդապահը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր պաշտպանյալի հասցեին և հարձակվել նրա վրա, պացիենտի գլուխը հարվածել է երկաթյա մահճակալի կողերին, հետո ոտքը դրել նրա որովայնին և սկսել ձեռքերով հարվածներ հասցնել։

Հիվանդասենյակում այդ պահին գտնվող պացիենտները միջամտել են, քաշել են ծեծի ենթարկվող տղամարդուն։ Ըստ փաստաբանի, հիվանդապահը կրկին փորձել է խփել նրան, բայց վրիպել է և հարվածել երկաթյա մահճակալի ճաղերին։ Բուժաշխատողին ձեռքի կոտրվածքով տեղափոխել են հիվանդանոց։

գդալը

Նուբարաշենի հոգեբուժարանի («Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն») տնօրեն, առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյան​ը հերքում է սա։ 

«Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ տված մեկնաբանությունում նա հավաստիացնում էր՝ նոյեմբերի 10-ի առավոտյան բուժաշխատողները պացիենտի մոտ գդալ են հայտնաբերել, որը վերցրել են։ Երեկոյան կոնֆլիկտի ժամանակ պարզվել է, որ նրա մոտ ևս մեկ գդալ կա։ 

Ըստ հոգեբուժարանի տնօրենի, բուժքրոջ և հիվանդապահի ներկայությամբ պացիենտը հանել է գդալը և սպառնացել՝ «հիմա կմտցնեմ փորդ»։ Հիվանդապահն էլ, իբր, «վնասազերծել է» նրան։ «Միգուցե իրան հրել են, բայց․․․ Ինքը տեղաշորի վրա նստած ժամանակ ոտքով հարվածել ա մեր հիվանդապահին, որի արդյունքում կոտրվել ա հիվանդապահի ձեռքը», – ասել է բուժհաստատության ղեկավարը։

ՄԻՊ-ից մեկնաբանել են, թե բռնության ենթարկված տղամարդուն չեն տեսակցել, բայց լուսանկարներ, տեսանյութեր ունեն, ըստ որոնց՝ «որևէ վնասվածք էստեղ չի եղել»։ «Մենք տեղեկացված ենք, այո, որ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել, այո, զսպելու համար, որովհետև վիճաբանություն է եղել», – ասել է օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչ ​Լաուրա Գասպարյան​ը։

ՄԻՊ-ի աշխատակիցը հիշեցրել է՝ ֆիզիկական ուժի կիրառումը, որպես զսպող միջոց, օրինական է․ եթե հիվանդը կտրուկ ագրեսիվանում է, կարելի է նրա նկատմամբ ուժ կիրառել, բայց «պետք է լինի չնվաստացնող և մինիմում վնաս հասցնելով»։

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին և տնօրենը, և օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը մասնակցել հրաժարվել են։

նրանց մոտ միշտ հիվանդն է մեղավոր, զինվորը կամ բանտարկյալը

«Երբ ահազանգ կա բռնության մասին, հատկապես՝ փակ համակարգում, և ՄԻՊ-ը հնարավորություն ունի այցելելու (ի տարբերություն մյուսների, նրանց մուտքը ազատ է), անմիջապես պետք է այցելի և հավաստիանա՝ արդյոք բռնություն կա, թե չկա», – նշել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Օմբուդսմենի գրասենյակի իներտությունը այս առումով հարցերի տեղիք է տալիս։ Հարցեր են առաջացնում նաև տնօրենի մեկնաբանությունները․

«Նա իրեն արդարացնելու համար պատրաստ է և՛ հիվանդին, և՛ նրա շահերը ներկայացնողին վիրավորել (հոգեբուժարանի տնօրենը հայտարարել էր, թե պացիենտի փաստաբանը «սուտասան կին է» – խմբ․)։

Փակ հաստատություններում ընդհանրապես շատ տարածված է տեղի ունեցած բռնության մեղքը բարդել զոհի՝ զինվորի, հիվանդի, դատապարտյալի վրա», – շեշտել է Ալեքսանյանը։

ՄԻՊ-ի հիշատակած «օրինական» բռնությունը, որր ներկայացվում է որպես «զսպման» միջոց, չարաշահումների հսկայական հնարավորություններ է տալիս։ Իրավապաշտպանը հիշեցրել է նաև անցյալ տարի տեղի ունեցած դեպքի մասին․

«Մեզ զանգահարել էր մի երիտասարդ, որը պատմում էր՝ ոստիկանները փողոցից վերցրել են իր ընկերոջը և տարել հոգեբուժարան։ Նա հավաստիացնում էր, որ ընկերը առողջ մարդ է։ Զանգել էինք հոգեբուժարան, ասում էին՝ դա օրինական է, դատարանն է որոշել և այլն։ Նախկին օմբուդսմեն Թաթոյանը տեղում պարզել էր, որ առանց հիմքերի փողոցից ոստիկանությունը մարդուն բերել է հոգեբուժարան և սովետական այդ տրադիցիային համապատասխան՝ փակել այնտեղ։ Տղան ծնողներ չուներ․․․ Միայն Թաթոյանի միջամտությամբ՝ 25 օր անց, մենք կարողացանք նրան ազատել։ 

Նա սարսափելի բաներ էր պատմում։ Երբ իրեն բերել են հոգեբուժարան, «զսպելու» համար ինչ-որ պրեպարատներ են ներարկել, որոնցից նա ցնցումների մեջ է ընկել։ Ինչպե՞ս կարող են մարդու նկատմամբ՝ ոստիկանի բանավոր խոսքի հիման վրա, նման «զսպող» միջոցներ կիրառել՝ չունենալով անձի առողջական վիճակի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն»։

Փաստաբանը հավելել է՝ «վտանգավոր» այն գդալը, որի մասին խոսում է հաստատության տնօրենը, բարակ ալյումինից է՝ հոգեբուժարանի ճաշարանում օգտագործվող գդալներից մեկը։ Ուղղակի «ծիծաղելի է», որ այն նման սպառնալիք է ներկայացնում հիվանդապահների համար։

Պացիենտին զրկել են կապից, նոր դեղ են տալիս, վիդեոն չեն տրամադրում

Փաստաբան Արմինե Դավթյանը բողոքում է՝ դիմումներ է գրել և առողջապահության նախարարությանը, և՛ ՄԻՊ-ին, և՛ ԱԺ-ին, և՛ ՔԿ-ին, առ այսօր ոչ ոք ըստ էության չի արձագանքել։ Նախարարությունում, ըստ նրա, վստահում են տնօրեն Խաչատրյանին, «նրա ասածը իրենց համար օրենք է»։ 

Քննությունը, ըստ նրա, շատ վատ է ընթացել․ 

«Թույլատրելի՞ է արդյոք, որ պացիենտի հարցաքննությունը իրականացվում է բժիշկների ներկայությամբ։ Թույլատրելի՞ է արդյոք, որ քննիչը փաստաբանին [ի սկզբանե] թույլ չի տալիս մասնակցել դեպքի վայրի զննությանը․․․

․․․[Տարածքում] տեսախցիկ կա, ես պահանջեցի, որ առգրավեն տեսագրությունը։ Քննիչը գնաց, խոսեց Խաչատրյանի հետ։ Վերջինս ասաց, թե՝ տեխնիկական խնդիրներ ունենք, ինքներս կտրամադրենք։ Տեսաձայնագրությունները չառգրավվեցին, թողեցին տնօրենի հայեցողությանը։ 

Առ այսօր ինձ թույլ չեն տալիս ծանոթանալ այդ տեսագրությունների հետ։ Այնտեղ էական նշանակություն ունեցող հանգամանքներ և փաստեր կան տեսագրված, որոնք տեխնիկական վրիպակի անվան տակ, հավանաբար, հանվել են։ Ես այդ մասով անվստահությունս հայտնել եմ և պահանջում եմ, որ զննությունը կատարվի իմ ներկայությամբ, առգրավվի դեպքի վայրի ամբողջ՝ առավոտից երեկո տեսագրությունը»։

Դեպքը եղել է ամսի 10-ին, դատաբժիշկը ուղեգիրը տվել է 14-ին։ Ուղեգիրը տրամադրելուց 9 օր անց նոր տարել են զննության՝ ահազանգում է փաստաբանը․ «Ինչո՞ւ։ Որ հետքերը անցնե՞ն»։

Դատաբժշկի տված նախնական գնահատականից նա չի բողոքում, ասում է՝ զննությունը օբյեկտիվ է եղել, արձանագրել են ականջի քերծվածք, ոտքի այտուցվածություն, մի քանի այլ բաներ։ Հոգեբուժարանից, մինչդեռ, հավաստիացնում են՝ տղամարդուն համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության են տարել, որի ընթացքում թարմ տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։

Արմինե Դավթյանի խոսքով, դեպքից անմիջապես հետո պացիենտից վերցրել են նրա բջջային հեռախոսը, զրկել հարազատների և փաստաբանի հետ ազատ կապի հնարավորությունից։ Առ այսօր նա փաստաբանի հետ խոսում է միայն հոգեբուժարանի աշխատակիցների ներկայությամբ։

Փաստաբանը նաև շեշտում է՝ դեպքից հետո պացիենտին սկսել են բարձր չափաբաժնով դեղորայք ներարկել․ «Օրը երեք դեղահաբ Ազալեպտին են տալիս այն պարագայում, երբ իմ պաշտպանյալը մինչ այդ նման դեղ չէր էլ օգտագործում»։