Էսօր էդ օրն ա։
Ու ուղիղ չորս տարի առաջ հենց էս օրն ինձ հոգեբուժարան տարան շտապ օգնության մեքենայով։ Անկարևոր մանրամասների տակ ասելիքս կորցնել չեմ ուզում, էնպես որ ուղիղ չորս տարի առաջ հուլիսի երեքին շտապ օգնության անդեմ բժիշկներն ինձ մեքենան նստեցրին իբր թե խաբեությամբ։ Անզգացմունք ու պարտադրված ստերի հաճախականության տակ կորցրել էին դեմքին բնորոշ էմոցիոնալ դիմագիծն ու ես մի քիչ խղճում էի իրենց։ Պատմությունն արդեն կանխատեսել էի ու սկսեցի իրերս հավաքել,որ անպատրաստ չլինեմ առաջին անգամվա պես։
Կպատմեմ առաջին այցիս մասին ,որը ձմեռվա ամիսներին էր եղել։ մի անգամ էլ եմ պատմել էս ,բայց ինչքան խոսվի քիչ կթվա ինձ։
• Առաջին անգամ Նոր-Նորքի հոգեբուժարանում։
Առավոտյան հերթական անգամ գնացինք նյարդաբանի մոտ, որից հետո պարզվելու էր, որ ես ուղղակի լավատեսորեն էի տրամադրված։ Նյարդաբանական կլինիկաներ հաճախ էին տանում ինձ նևրոզից ազատվելու միջոցներ գտնելու։ Պարզվեց էս անգամ կլինիկա չի, այլ հոգեբուժարան։ Բժշկիս հետ առաջին մի քանի նախադասությունն ահագին տհաճ սկսվեց, չնայած նրան, որ հետո պարզվելու էր, որ բժիշկս ահագին լավ ընկեր լինելու պոտենցիալ կունենար, եթե բժիշկ չլիներ կամ գոնե ես հիվանդ չլինեի 🙂
– Բարև ձեզ, հիվանդը դու՞ք եք
– եթե էստեղ ինչ-որ մեկը հիվանդ ա, ապա դա դուք եք։
– Ինչի՞ ես վիրավորում
– Դե, եթե հիվանդը ձեր համար վիրավորանք ա, ապա դուք ինչի՞ եք վիրավորում։
– Լավ, արի ագրեսիվ չսկսենք։ Անունս Դավիթ ա (անունը փոխված)
– Ասյա։
Խոսեցինք մի քիչ իրականությունների մասին, որը թող մնա էդ սենյակում կամ գուցե մի օր պատմեմ, որ ես էլ չմոռանամ։ Տխուր ա, երբ կյանքիդ ինչ-որ հատվածներ մասնատվում են ու կես -կես սկսում ես դրանք մոռանալ։
Հա, դեռ չգիտեի, որ հոգեբուժարանում ենք ու չգիտեի, որ Դավիթը նյարդաբան չի, այլ հոգեբույժ։
Չհասկացա ոնց հայտնվեցի երկաթից դռների ետևում ու ոնց դուռը կողպեցին ու ոնց էդքան ժամանակ ոչ մի տարօրինակ բան չկասկածեցի, հա՛, երևի լավատեսորեն էի տրամադրված։ Հասկացա, որ հոգեբուժարանում եմ մենակ էն ժամանակ ՝ երբ դռները փակվեցին։ Հասկացա, որ հոգեբուժարանում եմ, երբ առանց դուռ սենյակներից մի քանի մարդկանց տեսա, իսկ էնտեղ գրեթե բոլոր սենյակներն էին անդուռ, ու մարդկանց՝ ովքեր անկանոն բառեր, մտքեր ու նախադասություններ էին կրակում օդում, հասկացա, երբ էդ բառերն ու նախադասությունները տենց էլ անտեր մնում էին ու ոչ մեկ չէր բռնում դրանք, չէր էլ նայում էդ կողմ։ Կիսակախ-կիսաանկախ մի ուրիշ իրականություն էր, որը կապ չուներ նայածս ֆիլմերի հետ։ Համապատասխանում էր սպիտակ երկար միջանցքը, բազկաթոռը, փոքր սովետական հեռուստացույցն ու միջանցքի վերջում երևացող պատուհանի ճաղերը։ Ծեծեցի բուժքրոջ սենյակը, որը երկաթե դռան հարևան դուռն էր։
– Բարև ձեզ, որ խնդրեմ դուռը կբացե՞ք։
Էնքան միամիտ ու անտեղյակ ժպտացի, որքան որ դրան պատասխան ցինիկ ու զզվելի ծիծաղ պայթեցրին խալաթավոր տիկնայք։
– Բացենք, որ ի՞նչ անես
– Դուրս գամ։ Ինձ սպասում են միջանցքում։ Մենակ չեմ։
Պայթեց ծիծաղը երկրորդ անգամ։
– Ստեղ մտնողն էլ դուրս չի գալիս։ Դուռը փակի ու միջանցքում խելոք սպասի, կգան հեսա։
Կուզեի շատ, որ չափազանցություն լիներ, բայց՝ չէ, չափազանցություն չի։ Կամ էլ չէի ուզի, չգիտեմ։ Դա դեռ չեմ որոշել 🙂
Հոգեբուժարանում ընկերացա տարբեր խնդիրներով, չխնդիրներով, սիմպտոմներով, հոգևիճակներով, սթրեսներով, դիագնոզներով ու պատմություններով մարդկանց հետ ու գրեթե բոլորին մինչև հիմա հիշում եմ։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին կամ ինչ-որ գործողության ուզում եք տալ կոշտ մեկնաբանություն ու օգտագործում եք հոգեկան առողջության հետ կապված խնդիրները՝ ես հիշում եմ, թե ոնց էինք սրճում կամ ճաշում բոլորս միասին։ Ամեն անգամ, երբ հոգեբուժական հաստատությունում հաշվառված մարդուն նայում եք թերահավատորեն ու ծամածռվելով՝ ես հիշում եմ ընկերներիս ու ժպտում կարոտած, որովհետև իրենց տեսնելու հնարավորություն չունեմ։ Ամեն անգամ, երբ հոգեկան առողջության խնդիրների կողքը ոսկի տառերով հայտարարում եք, որ մարդը «Տառապում է»՝ ես հիշում եմ Աշոտին ու մնացածին, հիշում եմ ինձ ու վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մեկս չէինք տառապում։ Հոգեկան առողջության խնդիրներով մարդիկ ապրում են ու շատ ժամանակ «Խնդիր» ձևակերպումը դուք եք կպցնում մեզ, ինչի համար մենք շնորհակալ ենք, բայց կարիք չկա 🙂 Մի՛ ստիպեք տառապել, թողեք ինքներս ընտրենք, արդյոք տառապո՞ւմ ենք, թե ոչ։ Մի՛ տվեք որակումներ, որովհետև դուք դրա իրավունքը չունեք։
Ես կպատմեմ նաև Աշոտի ու Գևի մասին, փոքր ու մեծ Ռուզանների մասին, բայց դրա մասին արդեն հետո։ Ես կփորձեմ ձեզ համոզել, որ նևրոզը, շիզոֆրենիան, դաունի սինդրոմն ու մնացածը ո՛չ վիրավորանքներ են, ո՛չ էլ տառապանքի առիթ։ Շնորհակալություն 🙂
Հ.Գ․ Այ էն մեծ հայելու կողքին հենց երկաթից մեծ դուռն էր 🙂
#Միկտոր
Ասյա Խաչատրյան,
Ֆեյսբուքից