հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / «Հարկադիր մեկուսացումից հնարավոր չէ հրաժարվել»․ գործադիրը՝ հոգեբուժության մասին

«Հարկադիր մեկուսացումից հնարավոր չէ հրաժարվել»․ գործադիրը՝ հոգեբուժության մասին

Կառավարության այսօրվա նիստին քննարկվում էր Առողջապահության նախարարության մշակած՝ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ 

Քննարկման հիմնական հարցերից էր՝ հնարավո՞ր է արդյոք հրաժարվել հոգեկան խանգարման հիմքով հարկադիր մեկուսացումից։ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը առաջարկեց «կամք ցուցաբերել» և մտածել այդ հեռանկարի մասին։ Նախարար Թորոսյանը չհամաձայնվեց՝ հակադիր մեկուսացումից հնարավոր չէ ամբողջությամբ հրաժարավել․ այն դեպքերում, երբ անձը վտանգ է ներկայացնում իր և իր շրջապատի համար, ոչ հոժարակամ բուժումը ոչ միայն չի խախտում նրա իրավունքը, այլև ելնում է նրա և նրա շրջապատի շահերից։ Գլխավոր դատախազն ու Արտակարգ իրավիճակների նախարարը համաձայնեցին։

Օմբուդսմենը առաջարկեց մտածել այլընտրանքների մասին․ մարդկանց հաստատություններում տեղավորելու փոխարեն բուժօգնությունն ու խնամքը իրականացնել, օրինակ, համայնքահեն ծառայությունների միջոցով, որոնք Հայաստանում ուղղակի բացակայում են։

Նախագծի քննարկումը տևեց մոտ 30 րոպե։ Այն միաձայն ընդունվեց։

Առողջապահության նախարարության մշակած նախագիծը սահմանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները, դրանց սահմանափակման դեպքերը և կարգը, հոգեբուժական կազմակերպության պարտականությունները և պատասխանատվությունը։ 

Ըստ զեկուցող Արսեն Թորոսյանի, նախագծով, մասնավորապես,

— տարանջատվել են ոչ հոժարակամ/հարկադիր հսկողության/բուժման տեսակները,

— առաջին անգամ սահմանվել են նաև ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը, պայմանները, տևողությունը,

— ամրագրվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի հոգեբույժին կամ հոգեբուժարան դիմելու փաստի, առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,

— կարգավորվել է դատահոգեբուժական փորձաքննությունների կարգը՝ նախատեսելով փորձաքննության իրականացման կոնկրետ ժամկետներ,

— պետական վերահսկողությունից զատ՝ ամրագրվել է նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների կամ անգործության նկատմամբ հասարակական մշտադիտարկում։

Առողջապահության նախարարի կարծիքով, փոփոխությունների այս փաթեթը լրացնում է օրենսդրական կարգավորումների բացերը և երաշխիքներ ստեղծում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացման և պաշտպանության համար։

Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանն առաջարկեց մտածել խանգարման հիմքով մեկուսացումից, այդ թվում՝ հոսպիտալացումից հրաժարվելու հեռանկարի մասին։ 

Նա նշեց, որ դեռևս 2017 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկել էր Հայաստանի կառավարությանը ոչ թե բարելավել հարկադիր մեկուսացմանը վերաբերող կարգավորումները, այլ պարզապես հրաժարվել դրանցից։

Բաթոյանը՝ «հասկանալով, որ մեր երկիրը այսօր ամբողջությամբ պատրաստ չէ», առաջարկեց դիմել մասնագետներին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ից, և մասնագիտական քննարկումներ իրականացնել՝ այլ մեխանիզմները մշակելու համար։

Առողջապահության նախարարը հակադարձեց՝ նախարարությունն այդ մոտեցման հետ համաձայն չէ․

«Խոսքը ոչ հոժարակամ բուժման կամ հսկողության տակ պահվող պացիենտների մասին է, որոնք հաշմանդամության կարգ ունեն հենց իրենց հոգեկան առողջության խանգարման հիմքով։

Մեր կարծիքը, անկեղծ ասած, տարբերվում է։ Ոչ հոժարակամ բուժումը այն դեպքում է տեղի ունենում, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում հենց իր համար և իրեն շրջապատող անձանց համար, և իրականացվում է միայն դատարանի որոշմամբ՝ հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա և սահմանված կարգով։

Ես կարծում եմ, որ սա բխում է հենց այդ անձի շահերից և հասարակության շահերից, և այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում մարդու իրավունքների կամ հաշմանդամների իրավունքների մեջ»։ 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայնեց՝ մեկուսացմանը վերաբերող իրավակարգավորումներից բացի, անհրաժեշտ է նաև արդյունավետ դարձնել բովանդակային աշխատանքները․

«Անցյալ տարի մենք ունեցել ենք երկու սպանություն։ Որդու կողմից ծնողի սպանություն։ Իրականացվել է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից։ Կան նրանց անմեղսունակության վերաբերյալ եզրակացություններ։

Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել՝ «լավացում» ախտորոշմամբ։

Այսինքն՝ կոնկրետ այդ դեպքերը ակնհայտորեն ցույց են տալիս, որ բացի իրավակարգավորումներից՝ նաև բովանդակային առումով այդ հիվանդների առողջացման հետ տարվող աշխատանքները բարվոք վիճակում չեն եղել»։

Մեկնաբանությամբ հանդես եկավ նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ նրա, նախարար Բաթոյանի հիշատակած առաջարկը՝ հրաժարվել հարկադիր մեկուսացումից, իսկապես հնչել է ՄԱԿ-ի կոմիտեի կողմից, սակայն չի ընդունվել նույնիսկ Եվրոպական երկրներում․

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոմիտեն որպես առավելագույն լուծում առաջարկել է հրաժարվել այդ ինստիտուտից, որովհետև շատ-շատ են չարաշահումներ տեղի ունենում։

Դրանից հետո Եվրամիության բոլոր երկրներում Եվրախորհրդարանի առաջարկով ինտենսիվ քննարկումներ են տեղի ունեցել, և բոլորը եկել են եզրահանգման, որ իրականում ոչ թե պետք է առհասարակ հրաժարվել մեկուսացումից, այլ՝  խստացնել երաշխիքները։

Մենք չենք գտել որևէ եվրոպական երկիր, որտեղ առհասարակ չկա հարկադիր բուժում։ Միայն Իտալիայում, եթե չեմ սխալվում, նման օրինագիծ կա»։ 

Խնդիրն, ըստ Թաթոյանի, հարկադիր մեկուսացումից ամբողջությամբ հրաժարվելու մեջ չէ, այլ՝ այլընտրանքներ ստեղծելու․

«Իրականում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեն ի՞նչ է ասում։ Ոչ թե ասում է՝ հրաժարվեք և ոչինչ մի արեք, այլ ասում է՝ հոգեկան խանգարման հիմքով հաշմանդամություն ունեցող անձանց մի՛ տեղավորեք հաստատություններում, այլ անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը իրականացրե՛ք համայնքահեն ծառայությունների միջոցով։

Եվ փաստն այստեղ այն է, որ այսօր մենք չունենք, առհասարակ չունենք համայնքահեն ծառայություններ։ Սոցապ նախարարությունը ներկայացրել է հատուկ ակտի նախագիծ, որը նախատեսում է Հայաստանում ստեղծել սոցիալական տներ և այլն։ Բայց դա դեռ նախագծի մակարդակում է»։

Օմբուդսմենը նշեց՝ օրենքի այս նախագիծը բազմաթիվ հարցեր է լուծում։ Բայց չի լուծվում, օրինակ, անգործունակ ճանաչված անձանց և անչափահասների՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու հոգեբուժարան տեղավորելու հարցը։

Լուրջ աշխատանք կա անելու նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետ կապված։

Այն, որ դատարանի կողմից որոշում կայացնելու ժամկետները հստակեցված չեն, հանգեցնում է իրավիճակների, երբ մարդը տևական ժամանակ հարկադիր գտնվում է հոգեբուժարանում՝ առանց օրինական որևէ հիմքի։ 

Ինչպե՞ս է տեղի ունենում հարկադիր հոսպիտակալացումը։ Օրենսդրական կարգավորումը, ըստ Թաթոյանի, հետևյալն է․ մարդը մուտք է գործում հոգեբուժական հաստատություն։ Եթե հրաժարվում է բուժումից, հոգեբուժական կազմակերպությունը 72 ժամ ունի, որպեսզի դիմի դատարան։ Դատարանը ունի մեկ օր վարույթ ընդունելու հարցը լուծելու և 5 օր՝ նիստը նշանակելու համար։ Բայց թե հետագայում ե՞րբ դատարանը որոշում կկայացնի՝ պարզ չէ։ Որոշումը կարող է ամիսներով ձգձգվել։ Թաթոյանը որպես օրինակ հիշատակում է մի դեպք, երբ մարդը 11 ամիս մնացել է հոգեբուժարանում՝ առանց համաձայնության և առանց դատարանի որոշման։

Այս հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան։ Ողջամիտ ժամկետների խախտման վերաբերյալ ՍԴ որոշումից հետո խնդիրն առանձին կքննարկվի։