Վերջերս սոցիալական ցանցերում անընդհատ տեսնում եմ հոգեբանների, լայֆ քոուչների, հոգեկան առողջության հետ աշխատող մասնագետ-ինֆլյուենսերների էջեր, որոնց հրապարակումների մեջ հաճախ են հանդիպում «կյանք սովորեցնող», «սրթեսից ազատ ապրելու լայֆ հաքեր առաջարկող», ուղղորդող, «ճշտի դիրքից խոսող» բովանդակությամբ տեքստեր, մի քանի քայլով երջանկանալու, պոզիտիվ տրամադրվելու դասընթացներ։ Էս տեքստերի բովանդակությունը հիմնականում հանգում է «եթե սենց անես, երջանիկ կլինես, հաջողակ կլինես» բաղադրատոմսերին։ (Էս դիրքից ներկայանալը, իհարկե, նորություն չէ, կան էս թեմաներով գրված բեսթսելլեր գրքեր, բայց դրանց տեսանելիության մասշտաբները անհամեմատելի են ներկայիս համացանցի մասշտաբների հետ): Սոցիալական մեդիան կառուցված ա էս ձևաչափով։ Նման ձևակերպումները խաղի պահանջն են։ Սոցիալական մեդիայում մարդկային կոնտակտի, ապրումակցման, դիմացինով հետաքրքրված լինելու հնարավորությունը նվազագույն ա, եթե ոչ՝ անհնար։ Ինստագրամում ժամանակ չկա մարդու հետ հարաբերվելու։ Ինստագրամի ժամանակը հատկացված ա գովազդին։ Բայց ոնց ստացվեց, որ միջանձնային հարաբերությունների մասնագետը հայտնվեց ինստագրամում՝ կյանքի խորհուրդներ տվողի դերում։
Էս մասնագետները հաճախ վերցնում են արևելյան փիլիսոփայության գաղափարներ, որոնք վերցնելու պահին արդեն յուրացված են արևմուտքի կողմից (միջից հանված ա խորքային բովանդակությունը, իմաստը առհասարակ, դրա ապրումը և դարձված ա սիրուն ֆրազա), դրանք խառնում արևմտյան հոգեբանության հետ և ունենում ենք մեր առօրյա կյանքից կտրված, իմաստազուրկ պնդումների շարք և դրանց մեջ մոխրոտիկի քույրերի պես իրենց «անճոռնի» ոտը մխրճելու ապարդյուն փորձերից ձախողված մարդիկ։ Առհասարակ ոտքը անճոռնի ա երևում փոքր կոշիկի մեջ մտցնել փորձելուց։ Սեփական չափսի կոշիկի մեջ ոտքը էդքան անճոռնի չի։ Ոտք ա էլի` հենաշարժողական համակարգի մի մաս։ Ջղայնություն ա էլի` հույզերից մեկը։
Հաճախ նրանք խորհուրդ են տալիս հրաժարվել նախանձից, հորդորում են սիրել ինքդ քեզ, օրը սկսել աֆիրմատիվ դիրքորոշումներ կրկնելուց («ես լավն եմ», «ինձ մոտ ամեն ինչ լավ է», «ես արժանի եմ» և այլն), կառավարել զայրույթը և այսպես կոչված «բացասական» հույզերն ու հոգեկան վիճակները, լինել «պոզիտիվ» և այլն։
Նախանձը, ջղայնությունը, տխրությունը, հուսահատությունը և բազում այլ հույզեր ու վիճակներ մարդուն բնորոշ երևույթներ են։ Բոլոր մարդկանց։ Հոգեկան տառապանք առաջացնում ա ոչ թե դրանք ունենալը, զգալը, այլ դրանցից անընդհատ հրաժարվել փորձելը, դրանք ամպուտացնելը և բնականաբար ձախողելը, որովհետև ինչպե՞ս կարող ես կտրել-պոկել մի բան, որը քո հոգեկանի բովանդակություններից մեկն ա։ Ոնց որ հրաժարվես արտաթորելուց, որովհետև կղանքից հոտ ա գալիս ու դու էնքան էլ սիրուն տեսք չունես էդ պրոցեսի ժամանակ։
Ինչքան էլ փորձեն համոզել ինֆլյուենսերները, որ մենք ավելի երջանիկ ու հաջողակ կյանքով կապրենք, եթե հրաժարվենք նախանձից, տառապանք առաջացնում ա ոչ թե նախանձ զգալը, այլ չինտեգրված նախանձը։
Եվ առհասարակ, ինչ ա նշանակում՝ նախանձը, ջղայնությունը բացասական են ազդում մարդու կյանքի որակի վրա։ Մարդու կյանքի որակի վրա բացասական են ազդում աղքատությունը, շահագործումը, մրցակցայնության պայմանները, ստիպված լինել այդ պայմաններին դիմանալը, գոյատևելը և այլն։ Ինչու պիտի բոլորս ձևացնենք, թե չենք նախանձում։ Ինչու պիտի ձևացնենք, թե չենք ջղայնանում։
Որն ա սրա նպատակը։ Որն ա նպատակը՝ ստեղծելու ստերիլ, ամպուտացված անձնավորությունների։
Հայաստանում աշխատող պրակտիկ հոգեբան