Հայաստանում բացվել է նոր կայք՝ «Психологи Армении», ինչը թարգմանաբար նշանակում է «Հայաստանի հոգեբանները»։ Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Մի պահ փորձենք նորից նայել:
Գիտենք, որ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Հայաստան ժամանեցին մեծաթիվ ռուսաստանցիներ։ Տեղափոխությունը, մշտական բնակության վայրի փոփոխությունը, նոր պայմաններին հարմարվելը, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հոգեհուզական ոլորտում կարող են ի հայտ բերել դժվարություններ, մարդիկ կարող են բախվել էքզիստենցիալ խնդիրների, կարող են ունենալ հոգեկան առողջության մասնագետի կարիք ու ՊԵՏՔ է ունենան համապատասխան մասնագետի դիմելու հնարավորություն։
Սակայն կայքը իրեն ներկայացնելիս շատ միանշանակ անվանում է ընտրել, որը տպավորություն է ստեղծում, թե այնտեղ հավաքվել են Հայաստանի հոգեբանները կամ որ հենց այնտեղ են հավաքվել Հայաստանի հոգեբանները։ Բավականին հավակնոտ անվանում է, այնպես չէ՞, հաշվի առնելով, որ ընդգրկված հոգեբանները ռուսաստանցի մասնագետներ են, ովքեր (ժամանակավորապես) հայտնվել են Հայաստանում։ Ես, իհարկե, կարող եմ տարբեր անվանումներ առաջարկել։ Օրինակ՝ «Հայաստանում աշխատող ռուսաստանցի մասնագետներ», «Ռուսալեզու մասնագետներ», «Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց համար հոգեբանական ծառայություններ» և այլն։ Կարելի էր նույնիսկ բավարարվել Ֆեյսբուքում էջ բացելով։ Բայց ինչո՞ւ այդպես անել, եթե ոչ մի խոչընդոտ չկա, բոլոր հարմարավետ պայմանները առկա են կայք բացելու ու անունը «Հայաստանի հոգեբանները» դնելու։ Իսկ ոչ մի խոչընդոտ չկա՝ շնորհիվ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարիներով ամրապնդված հիերարխիկ հարաբերությունների․ ցավոք, այդ հարաբերություններն այնքան են ներքնայնացված այս կայքը ստեղծողների մեջ և այնքան շատ տարածք են զբաղեցնում, որ ռեֆլեքսիայի և հայաստանցի կոլեգաների հետ քննարկելու տեղ նրանց ներսում չի մնում։
Նախաձեռնության մասնակիցներից մեկը կայքի մասին տեղեկատվությամբ ինձ հետ կիսվելիս ասում էր, թե այս կայքը ստեղծվել է մասնագետներին առաջ մղելու և պոտենցիալ այցելուներին ընտրության հնարավորություն տալու համար։ Ես աշխատում եմ Հայաստանում որպես պրակտիկ հոգեբան։ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ միջանձնային հարաբերությունները կառուցվում են այլ կերպ, քան մեծ երկրներում կամ քաղաքներում։ Ձևերից մեկը «հետաքրքրվելն» ու «ճշտվելն» է։ Նույն տրամաբանությամբ էլ այցելուներն են գտնում իրենց մասնագետներին։ Մոտավորապես այսպես է տեղի ունենում առաջ մղվելը։ Ինչ վերաբերում է «ընտրության հնարավորությանը», ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մինչև կայքի ստեղծումը Հայաստանում պոտենցիալ այցելուները ընտրության հնարավորություն չունեին։
Դե, հա, գաղութային դիրքավորման մեջ մի այնպիսի «զառանցանք» (ինչքան էլ սա ախտորոշման նման է հնչում՝ թող լինի) կա, որ դու միշտ առաջինն ես, հայտնագործողն ես, քո հայտնվելուց առաջ այդ տեղանքում ոչինչ չի գործել, չի գործառնել, մարդիկ կորսված, շփոթված գոյատևել են, դու եկել ես նրանց ցույց տալու ճիշտ ուղին, փրկելու տգիտությունից ու հետամնացությունից։
«Ո՞նց վարվել», «ի՞նչ անել»․ անընդհատ խոսակցություններ են շրջանառվում «ռուսների» հետ շփման մասին, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես հարաբերվել «ռուսի» հետ՝ փողոցում, աշխատավայրում, հայաթում, շքամուտքում, սրճարանում, բանկում․․․ Կա գերընդհանրացման ձգտում, ցանկություն գտնել համապարփակ լուծում։ Խնդիրը, իհարկե, «ռուսները» չեն, այլ կոնկրետ վարքաձևը, որը առաջին անգամ չենք տեսնում․ ի վերջո, ունեցել ենք նաև սփյուռքահայ էնտուզիաստների, եվրոպացի կամավորների, ամերիկացի բարերարների, տարբեր ՀԿ-ների հետ հարաբերվելու փորձ, տեսել ենք սահմանելու, շրջագծելու, յուրացնելու տարբեր նախագծեր, երբ որ՝ քո անունից, բայց իբր քո համար և իհարկե առանց քեզ։ Խնդիրը դիմադրելն է այս վերաբերմունքին, դիրքավորմանը, որը ստեղծում ա ստորադասում, հիերարխիկ հարաբերություններ՝ անկախ ազգությունից։
Հայաստանում աշխատող պրակտիկ հոգեբան