Մարտի 14-ի գիշերը 15-ից ավելի տղամարդիկ՝ մի մասը դիմակավորված, նախ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում, ավելի ուշ՝ քաղաքապետարանին հարակից տարածքում մահակներով հարձակվել են տրանս կանանց վրա և ծեծել նրանց։ Տուժողների մարմնական վնասվածքները արձանագրվել են դատաբժշկի կողմից, ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Առ այսօր իրավապահներից որևէ արձագանք չկա։
Մ․-ն, որին ծեծի են ենթարկել Զաքյանի մոտակայքում, Epress.am-ին պատմել է, որ բռնարարներից որոշների դեմքերը բաց են եղել, տարածքում տեսախցիկներ էլ կան, այսինքն՝ ոստիկանները, եթե ցանկություն ունենային, հեշտությամբ կարող էին նրանց նույնականացնել։ Մինչ այժմ, սակայն, հանցագործներին գտնելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ ոչինչ չի արել։
տե՛ս Երևանում դիմակավորված տղամարդիկ հարձակվել են կանանց վրա
Դիմակավորված տղամարդկանց խումբը նախ Ամիրյանի վրա է երկու տրանս կանանց հետապնդել (նրանք հաջողվել է փախնել), հետո շարժվել է դեպի Զաքյան՝ այնտեղ բռնել և ծեծել են մի տրանս կնոջ, ավելի ուշ՝ քաղաքապետարանի մոտ, հարձակվել մեկ այլ կնոջ վրա։ Տարածքում ծառայող ոստիկանները բռնարարներին «բռնել» չեն կարողացել։
«Շարունակաբար տեղի են ունենում բռնություններ տրանս անձանց նկատմամբ։ Սա ոչ առաջին դեպքն էր, ոչ էլ վերջին։ Բայց որ մեկ օրվա ընթացքում 15-ից 20 տղամարդիկ հարձակվեն տրանց կանանց վրա ու բռնության ենթարկեն նրանց՝ սա չլսված բան է», – ասում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։
Երբ որ այդ տղամարդիկ փողոցով անցնում էին՝ ձեռքներին երկաթներ, դեմքները փակած, ինչո՞վ էին այդ ընթացքում զբաղված տարածքում գտնվող ոստիկանությունը՝ հարցնում է Մարտիրոսյանը։
«Ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում նաև հիմա։ Ու այսպիսի դեպքերը մնում են անպատասխան, դրանք ուղղակի շարունակվում են։ Մարդը կարող է այս նույն հանցագործությունը հաջորդ առավոտ էլ կրկնել և այդպես շարունակ։
Օրինակ՝ Վահե Եղիազարյանի դեպքը։ Ամիսներ առաջ նա ֆեյսբուքյան լայվով բռնություն գործադրեց տրանս կնոջ նկատմամբ՝ գցելով գետնին, հարվածելով դեմքին, ամբողջությամբ արյունլվա էր արել նրան։ Մինչև հիմա ոստիկանությունը դեռ գործը «քննում է»։ Ու Վահե Եղիազարյանը, որը ազատության մեջ է, շարունակում է ատելություն քարոզել տարբեր հարթակներում։ Բոլորովին վերջերս տվյալ անձնավորությունը սոցիալական հարթակներից մեկում հայտարարել էր, թե՝ «ես բոլոր ԼԳԲՏ անձանց գրասենյակների տեղերը գիտեմ, ու մենք հաշվեհարդար ենք տեսնելու»։ Դրանից առաջ նկարներ էր հրապարկում, բռնության կոչեր տեղադրում։ Ոստիկանությունը, ի՞նչ է, այս ամենը չի տեսնո՞ւմ», – նշում է իրավապաշտպանը։
տե՛ս «Ես հիմա ուղիղ եթերով 2 հոգու ցբխելու եմ»․ տրանս կնոջ ծեծի փաստով վարույթ է նախաձեռնվել
Բռնություններ և՛ նախորդ, և՛ այս դեպքերի մասին հացագործության մասին հաղորդումներ են ներկայացվել։ Մարտիրոսյանը կարծում է, որ խմբակային այս հարձակումները կարող էին նաև ուղղորդված լինել։
Օրեր առաջ իրավապաշտպան կազմակերպությունը նամակներով դիմել է ոչ՛ միայն իրավապահներին, այլև ՄԻՊ-ին և նույնիսկ վարչապետի գրասենյակին։ Որևէ արձագանք չկա։