Մի քանի օր առաջ Luysi banak տելագրամյան ալիքում հայտնվեց տեսանյութ, որում ոմն Վահե Եղիազարյանը ուղիղ եթերով հայհոյում և ծեծի էր ենթարկում Երևանի Ռոսիա կինոթատրոնի տարածքում կանգնած տրանսգենդեր կնոջը։
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարություն է տարածել, որով կոչ է անում իրավապահ մարմիններին կանխել բռնության հնարավոր դեպքերը և իրավական գնահատական տալ կատարված հանցագործությանը․
— Ատելության հիմքով հանցագործությունների նկատմամբ իրավապահ համակարգի պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, ինչի հետևանքով տրանս* անձինք շարունակաբար գտնվում են բռնության սպառնալիքի ներքո, և սա վերջին ամիսներին տրանս* անձանց նկատմամբ դրսևորվող բռնության առաջին դեպքը չէ (տես՝ հունիսի 5-ի դեպքը, հունիսի 14-ի դեպքը, հունիսի 18-ի դեպքը, «Փինքի» ամփոփագիրը)։
Սակայն այս դեպքը հատկապես մտահոգիչ է, քանի որ բռնությունը ցուցադրող տեսանյութը ակտիվորեն շրջանառվում է համացանցում՝ ուղեկցվելով ատելության խոսքով և բռնության խրախուսանքի կոչերով: Ավելին, «Լույսի բանակ» ՌԲՀԿ անունից հանդես եկող Կարեն Արայանը և Վահե Եղիազարյանը համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ հրահրում են հետագա խտրականություն և բռնություն տրանս* անձանց նկատմամբ։ Տեսանյութի մեկնաբանություններում հարյուրավոր անձինք հնչեցնում են ատելության խոսք և բռնության սպառնալիք։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չպետք է ապրի վախի և բռնության սպառնալիքի մթնոլորտում իր անձնական կամ սոցիալական որևէ հատկանիշի պատճառով։ Առավել ևս, միավորումների ազատության իրավունքը չպետք է օգտագործվի հանրության որևէ խմբի նկատմամբ ատելության ու բռնության հրահրման կամ դրա հրապարակային աջակցության համար։
Կոչ ենք անում՝
իրավապահ մարմիններին՝ կոտրել անպատժելիության արատավոր շղթան և կանխել բռնության հնարավոր դեպքերը՝ ապահովելով ատելության հիմքով հանցագործությունների պատշաճ քննություն և կատարված հանցանքին համապատասխան արդարացի պատժի նշանակում,
ՀՀ իշխանություններին՝ հստակ և աներկբա արձանագրել, որ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունն անթույլատրելի է և չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում։
ՀՀ Քննչական կոմիտե
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
ՀՀ Գլխավոր դատախազություն
ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia
Կոալիցիային անդամակցում են՝
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
«Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն» ՀԿ