Տարբեր տարիներին ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։
Այս անգամ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բարևեց մայրերին ու լսեց նրանց բողոքը՝ կապված, մասնավորապես, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ով մինչև պաշտոնի անցնելը ղեկավարում էր սպանված զինծառայողների գործերը հետաքննող հատուկ հանձնաժողովը, իսկ այժմ որոշել է անտեսել մայրերին։
Ծանոթանալով դեպքերին նախարարը խոստացավ զրուցել Վարդապետյանի հետ և հետաքրքրվեց արդյո՞ք գործերից որևէ մեկը դատարանում է այս պահին։ Պատասխան ստանալով, որ գործերի մեծ մասը նույնիսկ չեն հասել դատարան, Մինասյանն ասաց․ «Ուղղակի, մեր տիրույթում չի»։
«Ֆռցրեց․․․ Սերժիկի փեսու ախպերն ա, դու էլ գիտես ինչ», – հիշեցրեց ծնողներից մեկը՝ նախարարի հեռանալուց հետո։
Մայրերը պահանջում են Աննա Վարդապետյանից մոտակա օրերին նախատեսվող տարեկան զեկույցի ժամանակ հայտարարություն անել, որ «այո՛ սրանք սպանություններ ա, բայց մենք էնքան անզոր ենք, մենք էնքան պետություն չենք, որ չենք կարողանում բացահայտենք»։
Փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ծնողներն ու նրանց փաստաբան Արայիկ Պապիկյանը բարձրաձայնում էին պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են շուրջ 15 տարի շարունակվող քրեական գործերի ընթացքին և խոչընդոտել այն։
Ավելի ուշ հրապարակվել էր նաև յուրաքանչյուր սպանված զինվորի գործում ներգրավված հանցագործների ամբողջական ցուցակը՝ նախկին նախագահներ, գլխավոր դատախազներ, քննչական կոմիտեի ղեկավարներ, զինվորական դատախազներ, հրամանատարներ և այլն։
Ծնողների համար զարմանալի է, որ այդ ցուցակից ոչ ոք մինչ օրս չի արձագանքել․
«Մեկը չի ասում՝ ինչի՞ եք մեզ հանցագործ ասում։ Եթե դուք հանցագործ չեք, դե հելեք հրապարակավ ասեք՝ էս մարդիկ մեզ զրպարտում են»։