Ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների ծնողները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Կառավարությունում հերթական նիստ էր․ պաշտոնյաները, այդ թվում՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, անցնում էին ծնողների մոտով՝ շատ հաճախ անտեսելով ու անգամ չբարևելով նրանց։ Որոշներն էլ, այդ թվում՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ավտոմեքենաներով հետևի մուտքից էին մտնում՝ փորձելով խուսափել ծնողների հետ առերեսումից։
Պաշտոնյաներից մեկը որոշեց կանգնել շենք մտնելուց առաջ, ծնողներից մեկը նրան ասաց․ «Իրանց մի հատ էլ փոխանցեք, եթե դժվար չի, որ մամաները ասում են՝ օր նշանակի ու ժամ, հերիք եղավ՝ խաբելով ման գաս»։
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից դեռևս մեկ ամիս առաջ էին խոստացել ծնողներին՝ հանդիպում կազմակերպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ով մինչև պաշտոնի անցնելը գլխավորում էր սպանված զինծառայողների գործերը հետաքննող հատուկ հանձնաժողովը։ Այժմ գլխավոր դատախազը չի ցանկանում հանդիպել ծնողների հետ, որոնց գործերի մասին իր նախընտրական ելույթում խոսելիս, ստացել է դատախազի պաշտոնը։
Հիշեցնենք՝ սևազգեստ մայրերն ու նրանց որդիների գործերով զբաղվող փաստաբան Արայիկ Պապիկյանը փետրվարի 17-ի ասուլիսի ժամանակ բարձրաձայնում էին պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են շուրջ 15 տարի շարունակվող քրեական գործերի ընթացքին և խոչընդոտել այն։
Ամբողջական ցուցակները հրապարակելուց հետո անգամ որևէ պետական գերատեսչությունից արձագանք չկա։
— 2010-ին սպանված Վալերիկ Մուրադյանի ցուցակն՝ այստեղ,
— 2007-ին սպանված Տիգրան Օհանջանյանի ցուցակն՝ այստեղ,
— 2010-ին սպանված Արթուր Ղազարյանի ցուցակն՝ այստեղ,
— 2018-ին սպանված Լևոն Թորոսյանի ցուցակն՝ այստեղ,
— 2017-ին սպանված Անդրանիկ Մկրտչյանի ցուցակն՝ այստեղ։