2017 թվականի օգոստոսի 20-ին Մեղրիի զորամասի աշխատասենյակներից մեկում մահացած վիճակում հայտնաբերված կապիտան Անդրանիկ Մկրտչյանը մահվանից առաջ բռնության է ենթարկվել։ Բռնության փաստը հաստատվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ: Այս մասին գրում է Forrights.am-ը՝ նշելով, որ զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել են թվով 10 մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ և արյունազեղումներ, ընդ որում` բութ գործիքի գործադրմամբ, որոնք, ըստ դատաբժշկի, առաջացել են մահվանից 3-5 օր առաջ և մինչև 1 օր առաջ։
«Մինչև 1 օր առաջ դատաբժշկի արտահայտությունը նշանակում է, որ Անդրանիկ Մկրտչյանը կարող էր այդ վնասվածքները ստանալ հենց մահվան օրը, մահվանը նախորդող րոպեներին»,- կայքի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
Լուսանկարը՝ Forrights.am-ի
Forrights.am-ը ներկայացնում է նաև որոշ փաստեր, որոնք վկայում են, որ Մկրտչյանը մարմնական վնասվածքները ստացել է զորամասում՝ մահվանից առաջ․ «Մահվանը նախորդած օրն Անդրանիկն անցկացրել է Ապարանում՝ հարազատների և ընկերների միջավայրում: Զորամաս մեկնելուց անմիջապես առաջ այցելել է հոսպիտալ՝ ականի պայթյունից տուժած ընկերներին տեսակցության, նրա հետ է եղել նաև ընկերուհին: Չկան փաստեր, որ Անդրանիկը բռնության է ենթարկվել տանը կամ զորամաս մեկնելու ճանապարհին»:
Զինծառայողի մահը միանգամից որակվել է ինքնասպանություն և քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Մահվան դեպքից անցել է շուրջ 4 ամիս, սակայն ձերբակալվածներ, կասկածյալներ չկան:
«Ինքնասպանությունը որակվել էր նախ զորամասի բարձր հրամկազմի կողմից, երբ Անդրանիկի հարազատները նույն օրը հասել էի զորամաս չարագույժ լուրն առնելուց հետո: Զորամասի հրամանատար Կարեն Սեդրակյանը խորհուրդ էր տվել մահվան պատճառները փնտրել զորամասից դուրս, թեև Անդրանիկի անկենդան մարմինը հայտնաբերվել է հենց զորամասում։
․․․Գործի քննությունը իրականացնող քննիչ Գևորգ Խալաթյանը պաշտոնական գրություններում Անդրանիկ Մկրտչյանի մահվան դեպքը ներկայացնում է որպես ինքնասպանություն, թեև գործը դեռևս քննության փուլում է: Սա նշանակում է, որ նախաքննական մարմինը հակված չէ քննել նաև այլ վարկածներ, մասնավորապես սպանության վարկածը: Այսինքն, չի կատարվում օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։
Նախաքննական մարմինը փորձում է որպես ինքնասպանության ապացույց ներկայացնել նաև գործին կցված մի գրություն, որը, իբր Անդրանիկը գրել է մահից առաջ: Նշանակված ձեռագրաբանական փորձաքննությունը հաստատլ է, որ դա Անդրանիկի ձեռագիրն է, սակայն հարազատները, մտերիմները, նաև առկա Անդրանիկի ձեռագրերը խոսում են հակառակի մասին, որ այն չի կարող Անդրանիկի ձեռքով գրված լինել», -գրում է կայքը։
Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ նամակն անհայտ անձի կողմից խզբզված թուղթ է: Մահվանից ամիսներ անց չկան զենքի, հագուստի փորձաքննության արդյունքները, սակայն դատաձեռագրաբանական փորձաքննությունն արդեն պատրաստ է․ «Սա ցույց է տալիս գործով քննիչների և նրանց վերադասների շահագրգռվածությունը», -ասել է Ռուբեն Մարտիրոսյանը՝ նշելով Մկրտչյանի աշխատասենյակում չի հայտնաբերվել այն գրիչը, թանաքի բաղադրությունը, որով գրվել է գրությունը:
Նախաքննական մարմինը 2 ամիս շարունակ քննել է բռնի մահվան գործը, սակայն Անդրանիկ Մկրտչյանը տուժող չի ճանաչվել, իսկ հայրը՝ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Նախաքննական մարմինը պարտավոր էր բոլոր որոշումների պատճեները տրամադրել տուժող կողմին, սակայն դա ևս չի արվել ժամանակին: Փաստաթղթերը տրամադրվել է միայն այն բանից հետո, երբ տուժող կողմի ներկայացուցիչը պահանջել է դրանք, տրամադրվել են, բայց ոչ ամբողջությամբ:
«Առաջին իսկ օրվանից նախաքննական մարմինը սպանությունը որակել է որպես ինքնասպանություն, և ամեն անօրինական միջոցներ ձեռնարկում է, որպեսզի ապացուցի թե իրոք կատարվել է ինքնասպանություն», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը։