Չեմ հասկանում՝ ինչի են Հայաստանի դրոշը մեր տղայի վրա գցել․ հայրենիքի համար ա զոհվե՞լ, չէ, հարուստների էրեխեքի համար ա զոհվել, ասում է մայիսի 6-ին Հայաստանի հյուսիս֊արևելքում գտնվող «Մեհրաբ» զորամասում մահացած Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի բնակիչ Լևոն Թորոսյանի հորեղբայրը՝ Տիգրան Թորոսյանը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 110֊րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), սակայն բարեկամներից և հարևաններրից ոչ մեկը ինքնասպանության վարկածին չի հավատում։
Հարազատներից մեկը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ եկեղեցին չի ընդունում ինքնասպան եղած մարդկանց, սակայն այս դեպքում և՛ զորամասի սարկավագին էին ուղարկել հուղարկավորության, և՛ Բամբակաշատի եկեղեցականն էր եկել․ «Պարզ է, որ իրենք էլ գիտեն՝ ինքնասպանություն չի եղել»։
Ինքնասպանության վարկածն անմիջապես դիահերձումից հետո հերքել էր «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության փորձագետ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը։ Նա ակնհայտ էր համարել սպանության փաստը՝ նշելով, որ Լևոն Թորոսյանի մարմնի վրա՝ սեռական օրգանների հատվածում լուրջ վնասվածքներ են եղել։
Այսօր՝ մայիսի 12-ին, սպանվածի ծնողները և հարազատներն այցելել էին ՀՀ վարչապետի նստավայր՝ ցանկանալով հանդիպել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Նա ասել է, որ այդ պահին հնարավոր չէ հանդիպում կազմակերպել Փաշինյանի հետ, սակայն, ծնողների խոսքով, պատրաստակամություն էր հայտնել ամեն ինչով աջակցել իրենց։ Մահացած զինվորի մայրը՝ Արմենուհի Պողոսյանը (լուսանկարում՝ աջից) ասում է, որ իրենք լիահույս են՝ նոր վարչապետի օրոք արդար քննություն հնարավոր է ապահովել։ Նա նշում է՝ իր որդին չէր կարող ինքնասպան լինել՝ կյանքը սիրող, ուրախ երիտասարդ էր, և դեպքից անմիջապես առաջ է խոսել իր հետ, ամեն ինչ կարգին է եղել։
Հայրը՝ Արսեն Թորոսյանը, զորամասի սպաների վարքագիծը խայտառակ է համարում։ Նա ասում է, որ որդու դին ճանապարհել են Երևան առանց սպայի ներկայության, սկզբում մեքենայով Լևոնին բերած սերժանտը թույլ չի տվել տեսնել որդուն։
«Հայհոյում էի, ոտքով խփեցի մեքենային, նոր կտորը դեմքից քաշեց, տեսա տղայիս դեմքը։ Հետո էլի փակեց մեքենան, ասում էր՝ մինչև սպա չգա, չեմ կարող բացել։ Զանգել եմ կոմբատին, ասում է, կգա սպան», ֊ ասել է Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ որդուն դեմքին խոտ է նկատել։ Իրեն ասել են, որ դիակը պայմանագրային զինծառայողներից մեկը բարձրացրել է և դեմքը ծառերի ճյուղերին է հպվել։
«Բայց խոտը ծառի ճյուղերից տարբերում եմ», ֊ նշել է հայրը։ Նա ընդգծել է՝ «Մեհրաբ» զորամասում բազմաթիվ նման դեպքեր են եղել՝ ամենավատ զորամասերից է․ «Տղես ասում էր՝ պապ, շարքայիններն են դիրքերը պահում, աֆիցերները հարբում, ծխում, քնում են»։
Հայրը հիշել է նաև, որ 2016 թվականին նույն «Մեհրաբում» մահացել էր իրենց մարզի բնակիչ Արսեն Մխիթարյանը։ Այդ դեպքն էլ ինքնասպանություն էր որակվել, սակայն ծնողները նույնպես այդ վարկածին չէին հավատում։ Բացի դա, «Մեհրաբում» 2010 թվականին սպանվել էր սպա Արտակ Նազարյանը, և դեպքը նույն հոդվածի հատկանիշներով էր որակավորել։
Մահացածի հորեղբայրը, որը Ռուսաստանի Դաշնությունից է եկել, հուսով է, որ կգտնեն իրական մեղավորներին, այլ ոչ թե կդատեն անմեղ մարդկանց։
«Ուզում եմ տղես վերջինը լինի, ուզում եմ սրանք վերջին արցունքները լինեն», ֊ ասում է Լևոն Թորոսյանի մայրը։